Մատչելիության հղումներ

Մեծամասնական ընտրակարգը` իշխանության վերարտադրման ուղի


ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան

ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի համոզմամբ` եթե իշխանությունները հավանություն չտան Դաշնակցության եւ «Ժառանգության» համատեղ` մեծամասնական ընտրակարգը վերացնելու առաջարկին, ապա դա կնշանակի, որ իշխանությունների իրական նպատակն է ընտրությունների միջոցով հասնել միայն սեփական վերարտադրությանը` Ընտրական օրենսգրքում կատարելով սոսկ ձեւական փոփոխություններ:

Հիշեցնենք` երեքշաբթի օրը ՀՅԴ-ն եւ «Ժառանգություն»-ը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով առաջարկում են Ընտրական օրենսգրքում համատեղ իրականացնել մեկ կոնկրետ փոփոխություն, այն է` վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Երկու կուսակցությունները գտնում են, որ համաձայնելով այս քայլին` իշխանությունները ցույց կտան իրենց պատրաստակամությունն ու քաղաքական կամքը նախընտրական շրջանում ընդդիմության հետ համատեղ երկրում ձեւավորելու ներհասարակական հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտ: Ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսը, նույն օրը հանդես գալով հայտարարությամբ, ողջունեց «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի առաջարկը` համարելով դա «ընտրությունների օրինականության եւ թափանցիկության ապահովմանն ուղղված անհրաժեշտ եւ կարեւոր քայլ»:

Մանրամասնելով այս նախաձեռնության նպատակը` Ռուստամյանն ասաց. - «Ընտրությունները իշխանությունների վերարտադրման միջոցից դարձնել իշխանությունները փոխելու հնարավորության, որը ամենանորմալ, քաղաքակիրթ ճանապարհն է ամբողջ աշխարհում: Եվ եթե մենք ուզում ենք դա իրականացնել, նախ եւ առաջ պետք է հասկանանք, թե որոնք են իշխանության վերարտադրման հիմնական միջոցները ամրագրված այս օրենսգրքում»:

«Այդ համակարգի ամենակարեւորագույն հենասյունը մեծամասնական ընտրակարգն է: Մենք դրա մասին բազմիցս խոսել ենք: Մեծամասնական ընտրակարգը այն հնարավորությունն է տալիս, որ արդեն մեկնարկային առավելություն ունի իշխանությունը: Եթե դուք տեսնեք բոլոր անցած ընտրությունները, կհաստատեք, որ մեծամասնական ընտրակարգով 99 տոկոս դեպքերում` շատ հազվադեպ բացառություններով, անցել է միայն իշխանության ներկայացուցիչը», - շարունակեց Գերագույն մարմնի ներկայացուցիչը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կիսեց Ռուստամյանի տեսակետը:

«Իսկապես մեծամասնական համակարգը այն հիմնական երախն է, որտեղ կատարվում են գլխավոր հանցագործությունները, ընտրակեղծիքները, եւ երկրորդ` քաղաքական դաշտը, կուսակցությունները դեռ կայացած չեն, դրա համար անհրաժեշտ է մեծամասնական [ընտրակարգ], բայց դրա տակ, ըստ էության, խորհրդարան են սողոսկում մարդիկ, ովքեր ընդհանրապես օրենսդիր գործունեության հետ կապ չունեն, ավելին` իրենց գոյությամբ ինչ-որ տեղ վարկաբեկում են հենց այդ մարմինը», - ասաց Հակոբյանը:

Գործող կարգով Ազգային ժողովի 131 պատգամավորներից 90-ը ընտրվում են համամասնական կարգով, 41-ը` մեծամասնական:

Հարցին, թե հաշվի առնելով, որ ՀԱԿ-ը ողջունել է այս առաջարկը` հնարավո՞ր է, որ այն հիմք հանդիսանա ընդդիմադիր քաղաքական ուժերի ավելի լայն համագործակցության համար, օրինակ` համատեղ հանդես գալ առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. - «Մեր հիմնական նպատակներից թերեւս մեկն այն է, որ այս նախաձեռնությունը դառնա համախմբող այն մերանը, որը կարող է իսկապես ընդդիմադիր դաշտին միավորել, համախմբել»:

Նույն հարցին Արմեն Ռուստամյանը այսպես պատասխանեց. - «Մենք շատ հստակ ամեն անգամ ասել ենք` ընտրություններն այն հարցն է, որը պետք է իսկապես համախմբի բոլորին, որ կարողանանք վերահսկողություն իրականացնել: Երբ այդ օրը կհասնի, որ տեղամասերում պետք է վերահսկողություն իրականացնենք, մենք պետք է դա կատարենք համադրված, որովհետեւ 2000 տեղամասում ոչ մի քաղաքական ուժ այսօր հնարավորություն չունի ամբողջությամբ փակելու այդ տեղամասերը»:

Իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հարցը համարեց «շատ հեռուն գնացող եզրակացություն». - «Ես կարծում եմ, որ դուք շատ հեռուն գնացող եզրակացություններ եք կատարում ձեր հարցում: Համախմբումը կոնկրետ ընտրական գործընթացի օրինականությունը եւ թափանցիկությունը ապահովելու նպատակով արդեն մեծ հաջողություն կլինի, եթե դա կայանա», - ասաց նա:

Առաջարկի վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանը զրուցեց նաեւ իշխող քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչների հետ:

«Կարծում եմ` այսօր համամասնական ընտրակարգին անցնելը ճիշտ չէ եւ արդարացված չէ, որովհետեւ մենք ի վերջո ունենք մեկ պալատանի խորհրդարան, եւ շատ կարեւոր է, որպեսզի այդ մեկ պալատանի խորհրդանում տեղերից ընտրված պատգամավորներ լինեն, ովքեր կզբաղվեն տեղի տարածքների խնդիրներով», - ասաց ԱԺ-ի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թե ԲՀԿ-ն, ըստ էության, կողմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելուն:

«Դուք թերեւս տեղյակ եք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ծրագրում ֆիքսված է աստիճանական կերպով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցումը, բայց կրկնում եմ` աստիճանական կերպով: Օրենսգրքի վերջին լրամշակումների ժամանակ, որին մասնակցում էր նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ը, նպատակահարմար գտան այս պահին դեռեւս ֆիքսել գործող համամասնությունը: Բայց ԲՀԿ-ի տեսակետը միանշանակ եղել է, կա եւ մնում է, որ մեզ անհրաժեշտ է իրապես քաղաքական խորհրդարան, իսկ դրա համար` որպես մեր նպատակ, ֆիքսել ենք աստիճանական կարգով համամասնական ընտրակարգին անցնելը», - ասաց Զոհրաբյանը:

«Այս հարցի վերաբերյալ կա՞ն ինչ-որ տարաձայնություններ կոալիցիայում» հարցին, Շարմազանովը, ծանոթանալով Նաիրա Զոհրաբյանի պատասխանին, արձագանքեց. - «Կարող եք բացել Ընտրական օրենսգրքի քվեարկությունը եւ տեսնել տարաձայնություններ կա՞ն, թե` ոչ: Ի վերջո բարեփոխված Ընտրական օրենսգիրքը ներկայացրել է կոալիցիան, եւ կոալիցիոն բոլոր ուժերը կողմ են քվեարկել բարեփոխված ընտրական օրենսգրքին»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG