Մատչելիության հղումներ

Բրայզան ավարտում է դիվանագիտական առաքելությունը Ադրբեջանում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ ընդունել է Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Բրայզային` վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ, հաղորդում է Day.az ինտերնետային պարբերականը։

Բրայզան շնորհավորել է Ալիեւին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ եւ ասել է, որ Միացյալ Նահանգները բարձր է գնահատում Ադրբեջանի հետ գործընկերությունը։

Ալիեւը, իր հերթին, բարձր է գնահատել Բրայզայի դիվանագիտական գործունեությունը։

Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած տարի արգելափակել էին հայամետ երկու սենատորներ։ Տարեվերջին շրջանցելով Սենատի հաստատումը` նախագահ Բարաք Օբաման Բրայզային նշանակեց դեսպան Ադրբեջանում: Ամերիկյան օրենսդրության համաձայն, սակայն, մեկ տարվա ընթացքում նախագահի ուղղակի հրամանագրով նշանակված ցանկացած դեսպան պետք է հաստատման գործընթաց անցնի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Երկու շաբաթ առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը ասել էր, որ տվյալ պահին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում որեւէ ծրագիր չկար` քննարկելու Բրայզայի նշանակման հարցը, եւ «եթե այդպես շարունակվի մինչեւ տարեվերջ, ապա պարոն Բրայզան կլքի զբաղեցրած պաշտոնը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG