Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել` չհավակնելով հատուկ դերի


Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) ողջունել է «Ժառանգություն» եւ ՀՅ Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունների համատեղ առաջարկը` համարելով դա «ընտրությունների օրինականության եւ թափանցիկության ապահովմանն ուղղված անհրաժեշտ եւ կարեւոր քայլ»:

«Ժառանգություն»-ը եւ ու Դաշնակցությունը երեքշաբթի օրը, հանդես գալով համատեղ հայտարարությամբ, կոչ են արել վերացնել խորհրդարանական ընտրությունների մեծամասնական ընտրակարգը։

«Կոնգրեսը պատրաստ է այդ խնդրի շուրջ համագործակցել անխտիր բոլոր քաղաքական ուժերի հետ, ներդնելով իր ողջ ջանքերն ու կարողությունները, եւ չհավակնելով առանձնահատուկ որեւէ դերի», - ասված է նույն օրը ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Հայ ազգային կոնգրեսը այդ առաջարկը, ի թիվս 7 այլ առաջարկների, արել է դեռ 2010 թվի մարտին, եւ այդ առաջարկները` 7 առաջարկը, ուղարկվել են Եվրոպայի խորհուրդ, որ Ընտրական օրենսգրքում այդ փոփոխությունները կատարվեն։ Այդ [«Ժառանգության» եւ Դաշնակցության] հայտարարությունը համահունչ է մեր դիրքորոշմանը` հենց այդ պատճառով էլ մենք ողջունել ենք այդ քայլը»։

Թե որքանով է այսօր իրատեսական հասնել մեծամասնական ընտրակարգի վերացմանը կամ ընտրությունների թափանցիկությանը վերաբերող մյուս բոլոր առաջարկների ընդունմանը` Զուրաբյանը այդ կապակցությամբ ասաց. - «Ցանկացած խնդիր հնարավոր է լուծել հասարակության եւ քաղաքական ուժերի ջանքերի համախմբումով, եւ ինչքան այդ գործընթացը խորանա` այնքան ավելի իրատեսական կդառնա Ընտրական օրենսգրքի եւ ընդհանրապես` Հայաստանում ընտրական գործընթացների վերափոխման ծրագիրը»։

«Այսինքն, Դուք կարծո՞ւմ եք, որ առաջիկայում հնարավոր է, որ գոնե այդ համամասնական ընտրակարգը կիրառվի, ընդունվի` որպես այդպիսին», - այս հարցին ՀԱԿ-ի համակարգողը արձագանքեց. - «Ես կարծում եմ, որ եթե քաղաքական ուժերը համախմբվեն այդ հարցի շուրջ, եթե հասարակությունը համախմբվի այդ հարցի շուրջ, եթե քաղաքացիները այդ խնդիրը ընդունեն որպես լուրջ խնդիր, եւ ոչ միայն դա, այլ ընդհանրապես` ընտրական գործընթացը օրինական եւ թափանցիկ դարձնելու խնդրի շուրջ եթե հասարակությունը համախմբվի, իսկ դա այսօր ամենակարեւոր խնդիրն է Հայաստանի համար, կարելի է հասնել հաջողությունների»։

Իսկ հարցին` մինչ օրս եղե՞լ են արդյոք քննարկումներ որեւէ քաղաքական ուժի հետ` Հայ ազգային կոնգրեսի առաջարկած պլատֆորմի ստեղծման շուրջ, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. - «Ես որեւէ մեկնաբանություն չունեմ այդ կապակցությամբ։ Բնականաբար, տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկում ենք տարբեր հարցեր, բայց այս պահին որեւէ բան չկա, որ հանրությանը ներկայացնելու անհրաժեշտություն լինի»։

Մոտ երկու շաբաթ առաջ ՀԱԿ-ը պատրաստակամություն էր հայտնել ազատ, արդար ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքական ուժերի հետ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող միասնական պլատֆորմ մշակել։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG