Մատչելիության հղումներ

ԵՄ-ի գործունեությունը ավելի շատ հավանության է արժանանում, քան` քննադատության


Բելգիա - Եվրահանձնաժողովի շենքը Բրյուսելում
Բելգիա - Եվրահանձնաժողովի շենքը Բրյուսելում
Աշխարհում Եվրամիության գործունեությունը ավելի շատ հավանության է արժանանում, քան քննադատության: Այդ են վկայում Gallup հետազոտական կենտրոնի անցկացրած նոր ուսումնասիրության արդյունքները։

125 երկրներում Gallup-ի անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ, միջին հաշվով, հարցվածների 44 տոկոսը գոհ է Եվրամիության գործունեությունից եւ միայն 22 տոկոսն է դժգոհ, ընդ որում` Եվրամիության վարած քաղաքականությանը աջակցում են Աֆրիկայի հարավային երկրներում, մինչդեռ Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում Բրյուսելին աջակցողների թիվն ավելի քիչ է, քան քննադատողներինը:

Հետխորհրդային երկրները հիմնականում դրական են ընկալում Եվրամիության գործունեությունը` բացի Ռուսաստանից եւ Ղրղըզստանից։ Ռուսաստանում 22 տոկոսը դրական, իսկ 26 տոկոսը` բացասական է վերաբերվում Եվրամիությանը, հարցվածների կեսից ավելին դժվարացել է որեւէ կարծիք արտահայտել։ Ղրղըզստանում եւս դրական եւ բացասական վերաբերվողների թիվը գրեթե հավասար է` շուրջ 20 տոկոս, եւ կրկին կեսից ավելին հարցին որեւէ պատասխան չի գտել: Ամենից դրական ընկալումը Եվրամիությունն ունի Ղազախստանում` հարցվածների 52 տոկոսը ասել է, որ Եվրամիության գործունեությունը հավանության է արժանացնում, ընդամենը 4 տոկոսը բացասական կարծիք ունի, իսկ 44 տոկոսը որեւէ պատասխան չի տվել։

Հայաստանում հարցվածների 46 տոկոսը դրական վերաբերմունք ունի Եվրամիության հանդեպ, 24 տոկոսը` բացասական, 29 տոկոսը այդ հարցի շուրջ որեւէ տեսակետ չի արտահայտել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով այս ցուցանիշները` Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի քաղաքացիական պլատֆորմի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը, մասնավորապես, ասաց. - «Երեւի ամենաազնիվն այն քաղաքացիներն էին, որոնք նշել էին, որ պատասխան չունեն կամ շատ վատ են պատկերացնում` ինչպիսին են այդ [Հայաստանի եւ Եվրամիության միջեւ] հարաբերությունները, որովհետեւ այն իրական բանակցությունները, որ տեղի են ունենում Հայաստանի կառավարության եւ Եվրամիության ղեկավար մարմինների միջեւ, շատ հեռու են մարդկանց պատկերացումներից»։

«Քաղաքացիները ավելի շատ Եվրամիությունը պատկերացնում են որպես քաղաքակրթական, քաղաքական պահանջներ ներկայացնող Հայաստանին, այն դեպքում, որ բանակցությունները ունեն բավականին տեխնիկական եւ կոնկրետ ոլորտներին վերաբերող բնույթ։ Եվ այդ կոնկրետ ոլորտները, որոնց շուրջ տեղի են ունենում բանակցությունները, ասենք` առեւտրի ոլորտում համագործակցություն, վիզաների ոլորտում բանակցություններ եւ դրա հետ կապված բազմաթիվ խնդիրներ` դրանց շուրջ քաղաքացիները շատ անորոշ պատկերացումներ ունեն», - մանրամասնեց Նավասարդյանը` հավելելով. - «Բայց, համենայն դեպս, այն փաստը, որ Եվրոպան, Եվրամիությունը, ըստ բոլոր տարբեր հարցումների, բավական դրական վերաբերմունքի է արժանանում Հայաստանում, երեւի դրանով է պայմանավորված, որ Արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունը բավականին շատ քաղաքացիներ` 46 տոկոս, գնահատել են որպես կարեւոր եւ դրական Հայաստանի համար»։

Հայաստանի հարեւան երկրներից Վրաստանում Եվրամիության նկատմամբ վերաբերմունքը ավելի դրական է` 49 տոկոսը հավանության է արժանացնում եւ միայն 13 տոկոսը` բացասաբար վերաբերվում Եվրամիության գործունեությանը։ Սակայն Վրաստանում հարցին դժվարացել է պատասխանել 38 տոկոսը` չկողմնորոշվածների թիվը գրեթե 10 տոկոսով ավելին է, քան Հայաստանում։

Ադրրբեջանում Հայաստանի համեմատությամբ փոքր-ինչ ավելի ցածր է Եվրամիությունը թե՛ դրական, թե՛ բացասական ընկալողների թիվը, փոխարենը` չկողմնորոշվածները ավելի շատ են` 38 տոկոս:

Թուրքիայում միայն 24 տոկոսն է Եվրոպան դրական ընկալում, իսկ մեծամասնությունը` 60 տոկոսը հավանության չի արժանացնում Եվրամիության գործունեությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG