Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 28-ի մամուլ


Գնահատելով Հայաստանում ձեւավորված ներքաղաքական իրադրությունը` «Հայկական ժամանակ» թերթի խմբագիրն ամփոփում է. - «Հիմա արդեն հասել ենք մի փուլի, երբ ընդհանրական ասելիքն ու ռազմավարությունը սպառում են իրենց, եւ մեծ խնդիրները կոնկրետ անելիքների շրջանակում լուծելու անհրաժեշտություն է առաջացել, առանց շեղվելու գլոբալ նպատակներից: Ժողովրդին պետք է տանել Բաղրամյան պողոտա: Մեր գործողությունները, անելիքը, ասելիքը պետք է միտված լինեն երթով դեպի Բաղրամյան գնալու պահը հասունացնելուն եւ այդպիսով Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելուն: Ընդ որում, այս գործողությունը պետք չէ դիտարկել արյունալի բախումների համատեքստում: Քավ լիցի: Եթե եղած չլիներ 2008 թվականի Մարտի 1-ը, իրադարձությունների որեւէ այլ զարգացում կանխատեսելը անիմաստ կլիներ նույնիսկ: Բայց հիմա արդեն ուրիշ իրավիճակ է, որովհետեւ 2008 թվականի Մարտի 1-ին արձանագրվեց ավտոմատների առաջ կանգնելու պատրաստ քաղաքացու ծնունդը: Այդ քաղաքացին այսօր էլ կա, գոյություն ունի, շփոթված է, կարկամած է, հիասթափված է, հուսահատված է, բայց կա, գոյություն ունի: Վերակենդանանալու համար նրան շատ բան պետք չէ` դեպի Բաղրամյան տանելու ընդունակ քաղաքական լիդերության համոզիչ ուղերձը, ով մարդկանց վստահություն կներշնչի, որ ուզում է, կարող է եւ վճռական է երթով բարձրանալ Բաղրամյան պողոտա, հասնել Սերժ Սարգսյանի խաղաղ հեռացմանը եւ` ժողովրդավարական, սահմանադրական պարբերական իշխանափոխության անխափան մեխանիզմ գործարկել Հայաստանում»:

«Հայոց Աշխարհ» թերթն արձագանքում է Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի` երեկ Տնտեսագիտական համալսարանում արած հայտարարություններին: Թերթը գրում է. - «Հարցերից մեկին արձագանքելով՝ Հ.Աբրահամյանը մասնավորապես ասել է, որ, իր կարծիքով, խորհրդարանական ընտրություններում հաղթելու է Հանրապետական կուսակցությունը, ապա միաժամանակ նշել, որ ԲՀԿ-ն չի հաղթի։ Հովիկ Աբրահամյանի երեկվա ճեպազրույցի հատկապես այս դրվագը երեկ երեկոյան արդեն զանազան ճվճվիկ վերնագրերով ինտենսիվ սկսեց շրջանառվել ինտերնետային բազմապիսի կայքերում։ Թերեւս ավելի ճիշտ կլիներ ասել, որ սկսեց շրջանառվել՝ Լ.Տեր-Պետրոսյանի «վերլուծության» ցուցումների ու ՀԱԿ վերջին շրջաբերականի համաձայն։ Էլ՝ «ԲՀԿ-ին պարտության են մատնում», էլ՝ «ԲՀԿ-ն խորհրդարան չի անցնի», եւ այսօրինակ այլ անհեթեթություններ։ Մինչդեռ Հովիկ Աբրահամյանը, որը, հիշեցնենք՝ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարն է, կոալիցիոն գործընկերոջ մասին ոչ մի նման արտահայտություն՝ պարտվելու կամ առավել եւս՝ խորհրդարան չանցնելու մասին երեկ, ու ոչ էլ դրանից առաջ, չի արել»։

Անցած շաբաթ «Առավոտ»-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը հայտարարել էր. - «Հրազդանի քաղաքապետի մեր թեկնածուն` ի դեմս քաղաքապետ Արամ Դանիելյանի, խոշոր հաշվով հաղթելու է, եւ առաջարկում եմ հաշվարկներն այդ հարթության մեջ կատարել»: aravot.am-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀԿ-ական մարզպետի այս հայտարարությունն ու պատասխանելով այն հարցին, թե ինքն իր հաշվարկները հիմա ի՞նչ հարթության վրա է կատարում` Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Սասուն Միքայելյանն ասել է. - «Նախ` Կովալենկոն թող ինքն իրեն հաշիվ տա, թե էդ ի՞նչ հեղինակություն է վայելում ժողովրդի շրջանում, որ հիմա էլ ժողովրդի հաշվին հաշվարկներ է անում: Ժամանակը կգա ու կերեւա` իր հաշվարկները ճի՞շտ են, թե՞ սխալ: Ինքը սովոր է կեղծիքներով ընտրություններ կազմակերպել, իր պաշտոնն օգտագործել բացառապես իր շահերի եւ ժողովրդին ճնշելու համար, բայց էս անգամ խոստանում եմ` դա իրեն անել չի հաջողվի»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը հակադարձում է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի այն հայտարարությանը, թե առաջիկայում Հայաստանը կհրաժարվի ամառ-ձմեռ ժամային տեղափոխումներից, որովհետեւ «մենք գտնվում ենք ոչ ճիշտ աշխարհագրական ժամային գոտում, որը չի համապատասխանում մեր աշխարհագրական դիրքին»: Թերթն այս կապակցությամբ գրում է. - «Բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն , թե ինչի մասին է խոսքը, տեղեկացնենք, որ վերջին առնվազն 5 հազար տարիների ընթացքում Հայաստանը գտնվել է այն նույն աշխարհագրական գոտում, որտեղ հիմա է: Հարց է ծագում` բա ինչպե՞ս պատահեց, որ հանկարծ հայտնվեցինք «ոչ ճիշտ» աշխարհագրական գոտում: Պատասխանը կարծես թե հասկանալի է: Ռուսաստանը որոշեց այլեւս ամառ-ձմեռ ժամային տեղափոխումներ չանել, եւ մենք, բնականաբար, «ուսումնասիրեցինք եւ լիովին հավանություն տվեցինք» կենտրոնից եկած այդ որոշմանը: Բա հո ապուշ չե՞նք, որ ինքնուրույն ժամանակ ունենանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG