Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի պաշտպանի` կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը:

Տիգրան Առաքելյանը, հիշեցնենք, մեղադրվում է խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Առաքելյանի եւ նրա երեք ընկերների նկատմամբ առաջին դատական նիստին փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ նախաքննական մարմնի որոշումը, որով Առաքելյանն այս տարվա օգոստոսից գտնվում է անազատության մեջ, ապօրինի է:

«Հիմքեր չկան նրան պահելու անազատության մեջ», - դատարանում հայտարարեց փաստաբանը` պնդելով, թե չկա անգամ մեկ փաստ, որով Առաքելյանը, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտի դատաքննությունը:

Տիգրան Առաքելյանը ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպի արդյունքում այս տարվա օգոստոսի 9-ից գտնվում է անազատության մեջ:

Նույն գործով խուլիգանության մեջ մեղադրվում են Հայ ազգային կոնգրեսի համակիր երեք երիտասարդներ:

Տիգրան Առաքեյանն իրեն կալանքի տակ պահելու վերաբերյալ հայտարարեց, որ իր քաղաքական հայացքների համար են իրեն պահում անազատության համար: Ինքը, գտնվելով ազատության մեջ, ո'չ կխոչընդոտի գործի քննությանը, ո'չ էլ կարող է ներազդել տուժող ոստիկաննների վրա:

«Ես իմ քաղաքական գործունեության համար եմ այստեղ», - դատարանում հայտարարեց Առաքելյանը: - «Իսկ խոչընդոտել... մի քիչ ամոթ է... ինչի՞ն խոչընդոտեմ` ոստիկանության աշխատանքին»:

Առաքելյանը, ինչպես նաեւ այս գործով մեղադրյալներ Սարգիս Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանն ու Արտակ Կարապետյանը դատարանում հայտարարեցին, թե չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:

Սարգիս Գեւորգյանը հայտարարեց, թե տուժող ճանաչված ոստիկաններն են իրենց ծեծել ու նրանք պետք է նստեն ամբաստանյալի աթոռին. - «Գտնում եմ, որ քրեական հետապնդումը ակնհայտ ապօրինի է, եւ իրականում պատասխանատվության պետք է ենթարկվեին այստեղ ներկա եւ բացակայող իրենց կոլեգաները, որոնք իրենց ոստիկան են համարում ու ոստիկանական համազգեստով շրջում են Երեւանի փողոցներում` ահաբեկելով ու բռնության ենթարկելով»:

Դատական նիստը կշարունակվի հունվարին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG