Մատչելիության հղումներ

Բնապահպանության նախարարը Քաջարանի հարցի «փոխադարձ ընդունելի» լուծում է խոստանում


Սյունիքի մարզ, արխիվ
Սյունիքի մարզ, արխիվ
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, այսօր հրավիրած ասուլիսում անդրադառնալով Քաջարան գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին, վստահեցրեց, որ վերջնական որոշումը ընդունելի է լինելու բոլոր կողմերի համար։

Տոներից հետո Արամ Հարությունյանը մտադիր է այցելել Սյունիքի մարզ եւ տեղում անձամբ ծանոթանալ խնդրին։

«Կա համապատասխան անհանգստություն, եւ այս խնդիրը քննարկվում է, եւ կտրվի պարզաբանում», - ասաց նախարարը։ - «Չի կարող նման քաղաքականություն լինել, որ այսօր ասեն հենց այսօր վերցրեք եւ տեղափոխվեք։ Այսինքն` հարցը քննարկվում է, եւ բնականաբար մոտեցումները պետք է լինեն փոխադարձ ընդունելի»։

Արամ Հարությունյանը ձեռնպահ մնաց իր մոտեցումը հայտնել։ Ասաց, որ քննարկումներից հետո միայն կտա լրացուցիչ պարզաբանում, քանի որ այս խնդիրը միայն իր ղեկավարած կառույցին չի վերաբերում։ Իսկ դիտարկմանը, թե արդեն կա կառավարության որոշումը, ըստ որի Սյունիքի մի քանի համայնքներին՝ այդ թվում Քաջարան գյուղին պատկանող մի շարք տարածքներ բացառիկ գերակա շահ են ճանաչվում եւ դրանց նպատակային նշանակությունը պետք է փոփոխվի, բնապահպանության նախարարը արձագանքեց․ - «Հարցը դեռեւս մեր քննարկմանը չի հասել։ Բնապահպանական փորձաքննության չեն դիմել, փորձաքննության գործընթաց չկա, եւ այն մասով, որ մասով բարձրացված է՝ հողերի կատեգորիաների փոփոխմանը, դեռեւս քննարկումներ են գնում։ Այդ քննարկումներին մենք մասնակցում ենք, եւ եթե որեւիցե լրացուցիչ ինֆորմացիա ունենանք՝ կտանք»։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ Արամ Հարությունյանը անդրադարձավ նաեւ Հրազդանում երկաթահանք շահագործելու մտադրությանը։ Հիշեցնենք, ապագա հանքավայրի տարածքում շարունակվում են հորատման աշխատանքները եւ հրազդանցիներն ու բնապահպանները տարվա ընթացքում բողոքի տարբեր միջոցառումներով իրենց մտահոգությունն են հայտնել հանքավայրի շահագործման առնչությամբ։

Նախարարի խոսքով, բոլորովին վերջերս շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ լսումներ են կազմակերպվել։

«Հորդորեցինք այդ հանքավայրի շահագործման նախագիծը շահագործելիս հաշվի առնեն բոլոր բնապահպանական ռիսկերը, մոտեցումները, խնդիրները։ Մենք մեր մտահոգությունները նույնպես ասացինք։ Սակայն, այստեղ նույնպես չունեինք որեւիցե նյութ, որի մասին մենք կարողանայինք դիրքորոշում հայտնել», - նշեց Արամ Հարությունյանը։

Եթե տարածքում ուսումնասիրություննրից հետո հանքավայրի շահագործման նախագիծ ներկայացվի, ապա ըստ Արամ Հարությունյանի, բնապահպանության նախարարությունը կաշկանդված չէ, եւ օրենքով սահմանված կարգով կկազմակերպվեն թե՛ հանրային լսումներ, թե՛ անկախ փորձագետներ կաշխատեն:

Սիգի մանրաձկան դեֆիցիտ


Օրերս մամուլը, վկայակոչելով ԳԱԱ-ի տվյալները, գրել էր, թե վերջին 1 տարում Սեւանա լճում սիգ ձկնատեսակի պաշարները կրճատվել են մոտ 10 անգամ եւ այժմ ընդամենը 18 տոննա սիգ ձուկ է մնացել: Պատճառը, ըստ բանապահպանության նախարարի, սիգի մանրաձկան դեֆիցիտն է. մասնագետները Հայաստանում չեն կարողանում ստանալ:

«Սիգը էնդեմիկ տեսակի ձուկ չէ եւ ներդրվել է, որպեսզի արդյունագործական որս իրականացվի: Այո, այսօր մենք շեշտում ենք եւ արդեն մի քանի տարի է մենք սիգի արդյունագործական որսի թույլտվություն չենք տվել», - այս առնչությամբ պարզաբանեց Արամ Հարությունյանը:

Բնապահպանների «տված օգուտն ավելի մեծ է, քան վնասը»


Բնապահպանների այս տարվա խոշոր հաղթանակը համարվող Թռչկանի ջրվեժի մասին բնապահպանության նախարարը ասաց, թե այսօր էլ այն կարծիքին է, որ այնտեղ կարող էր եւ ՀԷԿ աշխատել եւ ջրվեժը չտուժեր:

«Նման խնդիր չկա` հաղթանակի կամ պարտության: Նախարարությունը այստեղ գործառույթ չունի: Մենք մեր փորձաքննությունը իրականացրել էինք եւ փորձաքննության արդյունքում գտել էինք, որ հնարավոր է ե՛ւ ջրվեժն աշխատի, ե՛ւ ՀԷԿ-ը: Այնուհետեւ, դժգոհությունների ալիքի արդյունքում, կառավարությունը գնաց նրան, որ ընդհանրապես այդ ջրվեժից վերեւի հատվածից ջրօգտագործում չտան», - նշեց բնապահպանության նախարարը:

Բնապահպան ակտիվիստների մասին էլ Արամ Հարությունյանը կարծիք հայտնեց, թե միշտ չէ, որ տեղին ու հիմնավոր հարցեր են բարձրաձայնում, բայց այնուամենայնիվ, ինչպես նախարարը ձեւակերպեց` «նրանց տված օգուտն ավելի մեծ է, քան վնասը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG