Մատչելիության հղումներ

logo-print
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի համոզմամբ, Հայաստանը 2011 թվականը կամփոփի համախառն ներքին արդյունքի շուրջ 4.6 տոկոս աճով, ինչպես որ նախատեսված է այս տարվա պետբյուջեով։ Այս մասին նախարարը հայտնեց այսօր հրավիրած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ հավելելով, որ տնտեսական տարին կարելի է համարել հաջողված, որովհետեւ բոլոր հիմնական ցուցանիշներով ունենք բավականին լավ արդյունքներ, բացառությամբ շինարարության ոլորտի։

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տվյալների համաձայն, բացառությամբ այս տարվա ապրիլ ամսվա, մնացած բոլոր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, շինարարության ոլորտը գրանցել է, ըստ էության, անընդհատ անկում։

Տիգրան Դավթյանի խոսքով, այս տարվա տնտեսական վերելքը ապահովել է տնտեսության իրական հատվածը։

«Հատկապես կուզենայի առանձնացնել արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը, ընդհանրապես արդյունաբերության եւ արտադրության բավականին դինամիկ զարգացումը այս տարվա ընթացքում, եւ մենք ակնկալում ենք, որ այս տարվա արդյունքներով կունենանք շուրջ 13.5 – 14 տոկոս արդյունաբերության արտադրանքի աճ», - նշեց էկոնոմիկայի նախարարը։

Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ ներկա տվյալներով Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալները մոտենում են 900 միլիարդ դրամի շեմին, եւ ակնկալվում է, որ գալիք տարի ծավալները կանցնեն մեկ տրիլիոն դրամի սահմանագիծը։ Նախարարի խոսքով, եթե նախորդ տարի ընդհանուր տնտեսության մեջ արդյունաբերության չափաբաժինը կազմում էր 14 տոկոս, ապա այս տարի տեղի ունեցած արդյունաբերության աճի արդյունքում այդ չափաբաժինը կհասնի 20-21 տոկոսի։

«Հաճախ հնչում է կարծիք, որ արդյունաբերության աճի տեմպերը միայն հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի ոլորտի հաշվին են։ Ո՛չ, դա այդպես չէ։ Արդյունաբերության գրեթե բոլոր ուղղություններով մենք ունենք տնտեսության եւ ծավալների աճ։ Դա, իհարկե, ե՛ւ հանքարդյունաբերությունն է, ե՛ւ մետալուրգիան է, ե՛ւ սարքաշինությունն է, ե՛ւ հաստոցաշինությունն է, ե՛ւ թեթեւ արդյունաբերությունն է, ե՛ւ ադամանդագործությունն է, ե՛ւ տեղեկատվական տեխնոլոգիաներն են, եւ այլ ոլորտներն են։ Այնպես որ, այստեղ աճը բավականին դիվերսիֆիկացված է», - հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։

Նախարարի խոսքով, տարին Հայաստանը կամփոփի արտահանման լուրջ աճով, իսկ առաջին 11 ամիսների կտրվածքով արդեն իսկ առկա է արտահանման ծավալների 34.6 տոկոս աճ:

Տիգրան Դավթյանը խոսեց նաեւ օտարերկրյա ներդրումների մասին, ասաց, որ այս հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում Հանրապետությունում արդեն իսկ կատարվել են 587 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 24.2 տոկոսով:

էկոնոմիկայի նախարարին այսօր հարցրեցինք, թե եվրագոտում ներկայումս տեղի ունեցող բացասական զարգացումները ի՞նչ անդրադարձ կունենան Հայաստանի տնտեսության վրա գալիք տարի:

«Կարծում եմ այդ ռիսկերը վերջին շրջանում մի քիչ նվազեցին, որովհետեւ, ի տարբերություն նախորդ ճգնաժամի, այս անգամ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ղեկավարները Եվրամիությունում բավականին ակտիվ նախահարձակ գործողություններ են իրականացնում, որոնք հույսեր են ներշնչում, որ այդ ռիսկերը կնվազեցնեն եւ գործընթացները կառավարելի են», - պատասխանեց Տիգրան Դավթյանը: - «Կարծում եմ, որ այդ զարգացումները էական ազդեցություն հաջորդ տարվա մեր տնտեսության վրա չեն ունենա եւ ես զգուշավոր լավատեսական սպասումներ ունեմ»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով նախարարի հայտարարությունները, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը զարմանք հայտնեց իշխանությունների լավատեսության կապակցությամբ:

«Այդ լավատեսությունը արդեն մեծ կասկած է հարուցում, որ ընդհանրապես իրենք իրավիճակին տիրապետում են», - կարծիք հայտնեց տնտեսագետը: - «Հենց այն առումով, որ չկա մի գնահատական, որտեղ դրական միտում զգացվի, որ եվրագոտում տեղի ունեցող երեւույթները դրական լուծում կստանան 2012 թվականին: Ո՞վ է հիմնական մեր պարտնյորը արտաքին ապրանքաշրջանառության` էլի Եվրոպան: Ինչպես կարող է Եվրոպայի ճգնաժամը ազդեցություն չունենա: Ինձ սա հիշեցնում է 2009 թվականի խոսակցությունը, թե ֆինանսական ճգնաժամը Հայաստանի վրա չի ազդի»:

Խաչատրյանը չհամաձայնեց նաեւ էկոնոմիկայի նախարարի այն գնահատականի հետ, թե այս տնտեսական տարին կարելի է հաջողված համարել: Նա հարց բարձրացրեց` եթե մի կողմ թողնենք պղնձի ու մոլիբդենի միջազգային բարձր գները, որոնք ներկայումս առկա են եւ որոնք այսօր Հայաստանի տնտեսության աճի հիմքն են, ի՞նչ է թողարկում մեր արդյունաբերությունը, որը մրցունակ է միջազգային շուկայում եւ կարող է հեռանկար բացել Հայաստանի տնտեսության համար:

«Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նույնիսկ եթե փոփոխություն կա, դա վաղվա օրվան միտված ի՞նչ է տալու մեզ: Նույնիսկ Ռուսաստանում, երբ որ աճ կա, բյուջեի պրոֆիցիտ կա, նավթի աննախադեպ եկամուտներ են ունեցել, ոգեւորված չեն, եւ այսօրվա գնահատականները որ տալիս են ամփոփելու, իրենց մոտ ավելի շատ անհանգստություն կա: Իրենք հասկանում են, որ իրենց տնտեսությունը, կոնկրետ նաեւ արդյունաբերությունը` մրցունակ չէ», - եզրափակեց Վահագն Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG