Մատչելիության հղումներ

Թուրքիան եւ Ադրբեջանը գազային համաձայնագիր են ստորագրել


Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ երեկ համաձայնագիր է ստորագրվել, որով նախատեսվում է ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքում կառուցվելիք խողովակաշարի միջոցով հասցնել եվրոպական շուկա։

Թուրքական Today's Zaman պարբերականի փոխանցմամբ` կնքված գործարքը գնահատվում է շուրջ 5 միլիարդ դոլար։

Փաստաթուղթը ստորագրել են Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը եւ նրա ադրբեջանցի գործընկեր Նաթիգ Ալիեւը։

Կառուցվելիք գազամուղով, որը կոչվելու է «Տրանս Անադոլու բնական գազի խողովակաշար», Ադրբեջանի «Շահ Դենիզ» հանքավայրից Եվրամիության շուկաներ է փոխադրվելու տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ, որը հետագայում ծրագրվում է հասցնել 24 միլիարդի, հաղորդում է Today's Zaman-ը։

Համաձայն կնքված համաձայնության` Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR), Թուրքիայի խողովակաշարերի կորպորացիան (BOTAŞ) եւ Թուրքիայի նավթային կորպորացիան (TPAO) կոնսորցիում են հիմնելու գազամուղի շինարարության համար, որին հետագայում կարող են միանալ երրորդ կողմերը` միջազգային նավթային եւ գազային ընկերությունները։ Կոնսորցիումը ծրագրում է շինարարությունը սկսել հնարավորինս շուտ` 2012 թվականին, ավարտելու համար այն մինչեւ 2017 թվականի վերջը։

Յըլդըզը հայտնել է, որ կոնսորցիումում թուրքական կողմը կունենա 20 տոկոս, ադրբեջանականը` 80 տոկոս բաժնեմաս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG