Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանը ուզում է պայքարել ընտրակեղծիքների դեմ


Սասուն Միքայելյանը համաներմամբ ազատ է արձակվում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից, 27-ը մայիսի, 2011թ.

Սասուն Միքայելյանը համաներմամբ ազատ է արձակվում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից, 27-ը մայիսի, 2011թ.

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար, 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով երեք տարի կալանավայրում անցկացրած Սասուն Միքայելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ պայքարելու է Հրազդանի քաղաքապետի արդար ընտրությունների համար եւ չի հանդուրժելու որեւէ ընտրակեղծիք:

Հրազդանում քաղաքապետի ընտրությունները նախատեսված են փետրվարի 12-ին: Անցած շաբաթավերջին հայտնի դարձավ, որ Սասուն Միքայելյանն առաջադրվելու է այդ ընտրություններում: Միքայելյանն ասաց` որոշումը կայացվել է քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ, նրանք են իրեն հորդորել: Նա համոզված է, որ արդար ընտրությունների դեպքում կհաղթի:

«Համ ժողովրդի կամքն է, չեմ կարող հակառակվել, համ գտնում եմ, որ պետք է, ուզում եմ քաղաքը սարքել, մեր քաղաքը շատ վատ վիճակի մեջ է: Ուզում եմ քաղաքը տեսքի բերել, որ մեր երեխաները նորմալ քաղաքում ապրեն», - ասաց Միքայելյանը:

Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու ցանկություն է հայտնել նաեւ գործող քաղաքապետ հանրապետական Արամ Դանիելյանը, ով քաղաքը ղեկավարում է արդեն տասը տարի` 2002 թվականից: Նա երեք անգամ ընտրվել է եւ չորրորդ ժամկետն էլ է մտադիր պաշտոնավարել: Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ գործող քաղաքապետը երբեք արդար չի ընտրվել, եւ չբացառեց, որ նույն սցենարը կրկնելու փորձեր կարող է այս անգամ էլ արվեն:

«Այս տարիների ընթացքում իրենց միակ գործունեությունը դա է` փող բաժանել եւ կեղծիքներ անել: Չեմ թողնելու փող բաժանեն, պատերազմ եմ հայտարարելու, եթե հանկարծ փորձեն ինչ-որ կեղծիքներ անեն: Ընտրություն է արդար, ես էլ էս երկրի համար կյանք դրած տղա եմ եղել, Հրազդան քաղաքի առաջին քաղաքապետն եմ եղել, ես թույլ չեմ տա: Մարդիկ, որ ընդհանրապես էս երկրից խաբար չեն, չեն իմացել էս երկրի արեւը որտեղից է ելնում, որտեղ մտնում, պիտի գա՞ն իմ դեմ կեղծիքներ անեն: Ներվայնանում եմ, որ դա ասում եմ: Իմ ապրած կյանքը թույլ չի տա, որ իմ դեմ կեղծիքներ անեն, ես չեմ ների», - ասաց Միքայելյանը, ում խոսքով` իր առաջադրումը անակնկալ էր «տեղական իշխանիկների» համար. - «Չէին պատկերացնում, որ կարող է դնեմ թեկնածությունս»:

Վկայակոչելով իշխանությունների հայտարարությունները, որ Հայաստանում առաջիկա ընտրություններն անցկացվելու են արդար ու թափանցիկ, Սասուն Միքայելյանը կարծում է, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները լավ առիթ են աշխարհին դա ապացուցելու համար: Նա առաջարկում է անհրաժեշտության դեպքում տեղամասային հանձնաժողովների կազմը համալրել Երեւանից բերված անծանոթ մարդկանցով:

«[Տեղի] հանձնաժողովները լրիվ իրենցն են լինելու, ո՞նց կարող են արդար ընտրություններ անել, իրենց միակ, հիմնական հիմնաքարն այդ է, որ հանձնաժողովներով կեղծեն: Լրիվ իրենց է, ես ոչ մարզպետի հետ ունեմ, ոչ քաղաքապետի», - ասաց Միքայելյանը` Կոտայքի մարզպետի եւ Հրազդանի քաղաքապետի հարաբերությունները բնութագրելով որպես «հոր ու տղի հարաբերություններ». - «Էսքան տարի կեղծիքներ են արել, դրա համար ասում եմ, որպեսզի անախորժություն, ընդհարում չլինի, ես առաջարկում եմ, թող մտածեն, գոնե այս անգամ արդար ընտրություններ լինեն: Եթե աշխարհին ուզում են ցույց տալ, որ քաղաքակիրթ ճանապարհով գնալու ենք ընտրությունների, ուրեմն թող մենք լինենք առաջին ծիծեռնակը»:

Կոտայքի հանրապետական մարզպետ Կովալենկո Շահգալդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Հրազդանի քաղաքապետի առաջիկա ընտրություններում սատարելու է գործող քաղաքապետին` ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Արամ Դանիելյանին:

«Ոչ միայն աջակցելու ենք, այլ մեր կուսակցությունը լրիվ մասնակցելու է ընտրարշավին, եւ այսօրվա դրությամբ մեր թեկնածուի հաղթանակին չենք էլ կասկածում», - հայտարարեց մարզպետը:

Քաղաքապետ Արամ Դանիելյանը եւս չէր կասկածում, որ Հրազդանի քաղաքացիները իր աշխատանքը կգնահատեն: Նա «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ երաշխավորելու է թափանցիկ ընտրությունները, եւ Սասուն Միքայելյանի առաջադրումից անհանգստացած չէ:

«Բայց խի՞ պիտի անհանգստացնի ինձ: Քաղաքապետի ընտրություններում Սասուն Միքայելյանը միշտ սատարել է այլ թեկնածուի, եւ այդ սատարելու ընթացքում մենք հաջողության ենք հասել: Նրա դրած ցանկացած թեկնածուի ժամանակ ես բոլոր ընտրություններում ես հաղթել եմ», - ասաց Դանիելյանը:

Հարցին, թե արդար ընտրություններում է հաղթե՞լ եւ արդյո՞ք առաջիկա ընտրություններում չի օգտագործի իր վարչական լծակները, Հրազդանի քաղաքապետը պատասխանեց. - «Այո, ոչ մի կեղծիք չի եղել: Իրենք բողոքարկել են ընտրությունները եւ տեսել են, որ իրոք արդար է: Ես ի՞նչ վարչական լծակ ունեմ, իմ համախոհներն են մի վարչական լծակները եւ մեր համաքաղաքացիները»:

Ընդդիմադիր ՀԱԿ-ը եւս հայտարարում է, որ իր բոլոր ռեսուրսներով պայքարելու է Հրազդանի արդար ընտրությունների եւ Սասուն Միքայելյանի հաղթանակի համար: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ սա համապետական ընտրություններից առաջ լավ ստուգատես է:

«Մեր ուժերը փորձարկենք եւ մի փոքրիկ ճակատամարտով սկսենք ավելի վճռորոշ ճակատամարտը: Հրազդանը կարեւոր քաղաք է, Սասուն Միքայելյանը ազգային մակարդակի քաղաքական ֆիգուր է, որին բոլորը ճանաչում են, եւ սա ճիշտ ժամանակին լուրջ հնարավորություն է ստեղծում` փետրվարին մտնել մի ընտրության մեջ, որը նաեւ կօգնի մեզ բարձրացնել ժողովրդական ճնշման մի նոր ալիք», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG