Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանցի վերլուծաբանները` Մեդվեդեւի հարցազրույցի մասին


Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները Կազանում: 24-ը հունիսի, 2011թ.

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները Կազանում: 24-ը հունիսի, 2011թ.

Հայաստանյան վերլուծաբանները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրենց կարծիքներն են հայտնում Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահի հայտարարությունների կապակցությամբ:

Այդ հարցազրուցում Դմիտրի Մեդվեդեւը, մասնավորապես, հայտարարել է.- «Իմ կարծիքով, հետխորհրդային տարածքում [ղարաբաղյան] հակամարտությունը կարող է լինել միակ հակամարտությունը, որը ներկայումս հնարավոր է կարգավորել»:

«Մեդվեդեւի խոսքերը վկայում են, որ 2012 թվականի մարտից հետո, երբ Ռուսաստանը կունենա նոր նախագահ, Կրեմլը կարող է կտրուկ քայլեր ձեռնարկել ղարաբաղյան ուղղությամբ»,- այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց 2004-2005 թվականներին Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը գլխավորած Արման Մելիքյանը` շարունակելով. - «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի հաջորդ նախագահի պաշտոնավարման առաջին վեց ամիսների ընթացքում վերջնականապես կձեւավորվի Ռուսաստանի քաղաքական մոտեցումը Արցախի հիմնախնդրին, եւ այդ պարագայում իսկապես խնդիրը դրված կլինի «պատերազմ կամ խաղաղություն» տարբերակով»:

Նա հիշեցրեց, որ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծմամբ Կրեմլում սկսեցին բավականին ակտիվորեն զբաղվել վերջին տարիներին` Մեդվեդեւի անմիջական նախաձեռնությամբ, եւ կար ճնշում հայկական ու ադրբեջանական կողմերի վրա` գալ ընդհանուր հայտարարի:

Ըստ Արման Մելիքյանի, ռուսները առաջարկում էին կյանքի կոչել հետեւյալ ծրագիրը. - «Առեւտրի բանաձեւն այսպիսին էր` ռուսները Ադրբեջանին հրամցնում էին ազատագրված տարածքները Արցախի կողմից Ադրբեջանին վերադարձնելու գաղափարը, կամ այն, որ Ռուսաստանը կվերականգնի իր ռազմավարական ներկայությունը Ադրբեջանում: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանի տնտեսությունը իր ուղղվածության վեկտորը կրկին կվերաուղղորդի դեպի Ռուսաստան: Իսկ Ռուսաստանը Ադրբեջանի տարածքում կվերահաստատի իր ռազմավարական ներկայությունը նաեւ համապատասխան ռազմակայանների միջոցով: Մեծ հաշվով, Ռուսաստանի համար սա էներգակիրների արտահանման նկատմամբ մենաշնորհ հաստատելու լավագույն եւ, թերեւս, ամենաէժան ձեւն է: Ինչը մոտեցում է, որը մեզ համար բացարձակ ընդունելի չէ»:

Ըստ Մելիքյանի, Ադրբեջանը, սակայն, մերժեց Կրեմլի այս ծրագիրը` մտավախություն ունենալով, որ այդ պարագայում ինքը կհայտնվի ռուսական ենթակայության ներքո:

«Մեդվեդեւը պարզապես շարունակում է ճնշումը ադրբեջանական կողմի վրա, եւ վերջին շրջանում կարելի է տեսնել ռուսական ԶԼՄ-ներում մի շարք վերլուծաբանների հոդվածներ առ այն, որ ցանկալի եւ խելամիտ կլինի, եթե Ադրբեջանը մտնի Եվրասիական միության մեջ, այդ դեպքում նաեւ հնարավոր է` Ղարաբաղի հետ միասին: Որ հարկավոր է, օրինակ, կոնդոմինիում ստեղծել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից` Արցախը ղեկավարելու համար: Ընդ որում, քանի որ Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող այնտեղ զորք պահել, այդ զորքը կպահի Ռուսաստանը… Սրանք տարբերակներ են… Բայց էությունը հետեւյալն է, որ Արցախի ինքնիշխանությունը ռուսական ձեռքով պիտի ոչնչացվի: Դրա փոխարեն Ադրբեջանից ինչ-որ բաներ են պահանջում»:

«Այն պահից սկսած, երբ ռուսներին կդադարեն մերժել Բաքվում, Կրեմլը խնդիրներ կունենա արդեն Երեւանում ու Արցախում»,- ասաց Արման Մելիքյանը` եզրափակելով. - «Արցախը, վստահ եմ, դրան դեմ կգնա: Հայաստանի հանրության, կարծում եմ, զգալի մասը` եւս»:

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Մոսկվայում ուղղակի ստիպված են զբաղվել ղարաբաղյան խնդրով` ռազմական գործողությունների վերսկսումը չթույլատրելու համար, քանի որ այդ պարագայում, ըստ Մինասյանի, ամենից շատ կտուժի հենց Մոսկվան:

«Որովհետեւ եթե սկսվեն ռազմական գործողություններ, ապա Ռուսաստանը ստիպված կլինի կատարել շատ դժվար ընտրություն: Կա'մ օգնել իր ռազմական դաշնակցին, ՀԱՊԿ-ի անդամ երկրին, որի հանդեպ Ռուսաստանը ունի երկկողմ պարտավորություններ անվտանգության եւ պաշտպանական ոլորտում, այսինքն` Հայաստանին: Եվ այդ դեպքում, բնականաբար, Ռուսաստանը կկորցնի Ադրբեջանը: Կամ չօգնի: Եվ այդ դեպքում սկզբից Ռուսաստանը, բնականաբար, կկորցնի Հայաստանը, որովհետեւ Հայաստանի համար Ռուսաստանի ռազմական ներկայությունը իր տարածքում ունի իմաստ միայն եւ միայն այս չլուծված ղարաբաղյան հակամարտության իրավիճակում: Եվ կորցնելով Հայաստանը` Ռուսաստանը կկորցնի նաեւ Ադրբեջանը, որովհետեւ Ադրբեջանն էլ ինքը կապում է միայն Հայաստանի հետ այդ հարաբերություններով, ղարաբաղյան հակամարտության ներկայությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG