Մատչելիության հղումներ

Երկուշաբթի Իսրայելի Քնեսեթի կրթության եւ գիտության հանձնաժողովի նիստում քաղաքական կուսակցությունների եւ հայկական, թուրքական ու ադրբեջանական համայնքների ներկայցուցիչները քննարկել են Հայոց ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ ապրիլի 24-ը «հայ ժողովրդի կոտորածի» հիշատակի օր հռչակելու բանաձեւերը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձեւի հեղինակը «Մերեց» կուսակցության պատգամավոր Զահավա Գալ-օնն է, իսկ ապրիլի 24-ը որպես հիշատակի օր նշելու բանաձեւի հեղինակը` «Ազգային միասնություն» կուսակցության պատգամավոր Արիե Էլդադը:

Քնեսեթի խոսնակ Ռուվեն Ռիվլինը անձամբ ցանկություն էր հայտնել մասնակցել քննարկմանը (այն նախկինում հետաձգվել էր խոսնակի բացակայության պատճառով): Նախօրեին Իսրայելի կառավարության Ազգային անվտանգության խորհրդի նախագահը դիմել էր Ռիվլինին քննարկումը հետաձգելու խնդրանքով, սակայն մերժում էր ստացել:

Մոտ երեք ժամ տեւած նիստը, ըստ էության, ոչ մի որոշում չկայացրեց: Սակայն սա նման ձեւաչափով առաջին բաց հասարակական քննարկումն էր, որը, ըստ Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Հակոբ Սեւանի, կարելի է հայերի համար «փոքրիկ հաղթանակ» համարել:

Նիստը բացեց հակահայկական ուղղվածություն ունեցող «Մեր տունը Իսրայելն է» ռուսախոս հրեաների կուսակցության անդամ, Կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Ալեքս Միլլերը, այնուհետեւ ելույթներով հանդես եկան օրինագծերի հեղինակները` Զահավա Գալ-օնը եւ Արիե Էլդադը: Նրանք խոսեցին Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին եւ Հայոց ցեղասպանության հարցը վերջնականապես փակելու եւ ճանաչելու մասին:

Քնեսեթի խոսնակ Ռիվլինը իր խոսքում նշեց, որ բանաձեւի ճանաչումը պատմական եւ բարոյական հարց է, եւ խնդիրը լուծում է պահանջում: Խորհրդարանական կոալիցիայի նախագահ, հայամետ Զեեւ Էլքինը նշեց, որ Իսրայելը բարոյական իրավունք չունի լինել վերջին պետությունը քաղաքակիրթ աշխարհում, որը կընդունի Հայոց ցեղասպանությունը, եւ որ այսօրվա նիստն առանց չափազանցնելու «կարելի է պատմական համարել»:

Հայ դատի տեղի պատասխանատու Ժորժետ Ավագյանը իր ելույթում ասաց. - «Մենք` հայերս, Իսրայելի քաղաքացի մեր սերունդներին իրավունք չունենք ժխտողականություն սերմանել ու սովորեցնել»:

Թուրքական համայնքի ներկայացուցիչը իր ելույթում նույնիսկ սպառնաց պառլամենտականներին` ասելով, որ այս քննարկումները վատ ազդեցություն կունենան թուրք-իսրայելական առանց այն էլ բարդ հարաբերությունների վրա:

Ի զարմանս հայերի` Ալեքս Միլլերը շտապեց լռեցնել բանախոսներին` հիշեցնելով, որ վերջիններս գտնվում են Կրթության եւ գիտության հանձնաժողովի դահլիճում, այլ ոչ թե Արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության: Ընդդիմախոսների շարքերում էին նաեւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, որոնք պահանջում էին Իսրայելին դասել այն հարյուրավոր պետությունների շարքին, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Մի քանի ժամ տեւած քննարկումների արդյունքում միահամուռ որոշում կայացվեց շարունակել հասարակական բաց քննարկումները: Իսրայելի խորհրդարանականները խնդրել են հայերին հանձնաժողովին ներկայացնել բոլոր պետությունների ու առանձին խորհրդարանների` Հայոց ցեղասպանության հետ կապված բանաձեւերն ու որոշումները` քննարկումներն այս հանձնաժողովում շարունակելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG