Մատչելիության հղումներ

Ֆրանսիական L’Equipe մարզական հանդեսը հարձակվող Լիոնել Մեսիին անվանել է «չեմպիոնների չեմպիոն»։ Այդ անվանակարգում հանդեսի մրցանակը շնորհվում է տարբեր մարզաձեւերում հաղթանակներ նվաճող աստղերից լավագույնին։

Մեսին հավաքել է 807 միավոր` առաջ անցնելով սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչից (699 միավոր) եւ «Ֆորմուլա-1» ավտոմրցարշավի մասնակից, գերմանացի Սեբաստիան Ֆեթելից (255 միավոր)։

Լիոնել Մեսին այս տարի դարձել է ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության հաղթող. դեկտեմբերի 12-ին Ճապոնիայում «Բարսելոնա»-ն 4-0 խոշոր հաշվով առավելության է հասել բրազիլական «Սանթոս»-ի նկատմամբ։

Նա նվաճել է Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթը. մայիսի 28-ին եզրափակիչում «Բարսելոնա»-ն 3-1 հաշվով հաղթել է «Մանչեսթր Յունայթեդ»-ին։

Օգոստոսի 26-ին «Բարսելոնա»-ն նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը` 2-0 հաշվով հաղթելով Եվրոպայի լիգայի գավաթակիր պորտուգալական «Պորտու» թիմին։

«Բարսելոնա»-ն այս տարի շահել է Իսպանիայի Սուպերգավաթը եւ դարձել Իսպանիայի չեմպիոն։

Այսպիսով, Լիոնել Մեսիի ակումբը այս տարի վաստակել է գրեթե բոլոր կարեւոր մրցանակները։ Միայն Իսպանիայի գավաթի եզրափակիչում է զիջել «Ռեալ»-ին, սակայն դրանից հետո հաջողության է հասել թե՛ առաջնության հանդիպումներում եւ թե՛ Սուպերգավաթի եզրափակիչում։

Եվ այդ բոլոր խաղերում Մեսին իր գեղեցիկ գոլերով օգնել է կատալոնացիներին։

Երիտասարդ ռմբարկուն այս տարի իր հայրենիքում` Արգենտինայում ճանաչվել է լավագույն մարզիկ ու նաեւ կարող է երրորդ անգամ անընդմեջ դառնալ մոլորակի լավագույն ֆուտբոլիստ ու ստանալ «Ոսկե գնդակը» (հաղթողի անունը կհրապարակվի գալիք տարվա հունվարի 9-ին)։

24-ամյա Մեսին, պատասխանելով արգենտինացի լրագրողների հարցերին, ասել է, թե հավատում է, որ մի օր La Albiceleste-ի կազմում կնվաճի ե՛ւ Հարավային Ամերիկայի, ե՛ւ աշխարհի գավաթը։


La Albiceleste իսպաներեն նշանակում է բաց կապույտ եւ սպիտակ. երկրպագուներն ու լրագրողները մարզաշապիկների այդ գույնով են հաճախ անվանում Արգենտինայի ազգային հավաքականը։

«Ես երազում եմ այդ երկու հաղթանակի մասին եւ ուզում եմ նպաստել դրան, ես ինձ չեմ առանձնացնում, ես ընդամենը ֆուտբոլիստներից մեկն եմ։ Մեր թիմը կամաց-կամաց ավելի հզոր է դառնում», - ասել է Մեսին։

Իսկ «Բարսելոնա»-ի մասին Լիոնել Մեսին շատ հակիրճ է արտահայտվել. - «Դե, այդ ակումբի հետ ոչ մեկը չի համեմատվի։ Դա պարզապես աշխարհի ամենալավ թիմն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG