Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԱԺ որոշումը «դրական ազդեցություն» չի ունենա


Հայ ազգային կոնգրեսի ղեկավար անդամ Դավիթ Շահնազարյանը:

Հայ ազգային կոնգրեսի ղեկավար անդամ Դավիթ Շահնազարյանը:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ղեկավար ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի կարծիքով, Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը օգտակար չէր Հայաստանի համար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Շահնազարյանը թվարկեց այն չափանիշները, որոնցով ինքը գնահատում է արտաքին քաղաքական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների օգտակարությունը` ազգային շահերի տեսանկյունից. - «Ի՞նչ ազդեցություն դա կունենա Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի պետականության վրա, Հայաստանի Հանրապետության անվտանգության վրա եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության եւ նրանց կենսամակարդակի [վրա]… Տվյալ դեպքում որեւէ դրական ազդեցություն բոլոր իմ այս նշած չափանիշներով ես չեմ տեսնում»:

Ավելին` ընդդիմադիր գործիչը կարծում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի այս որոշման հետեւանքով է'լ ավելի կմեծանա տարածաշրջանային լարվածությունը. - «Է'լ ավելի փխրուն է դարձնում տարածաշրջանային անվտանգությունը, եւ նորանոր խնդիրներ է ստեղծում մեր պետության եւ մեր քաղաքացիների համար: Ժամանակն է, որ զգացմունքային այդ մոտեցումներից մենք լուրջ մոտեցումներ որդեգրենք եւ առաջնորդվենք առաջին հերթին հենց այն չափանիշներով, որ ես նշեցի»:

Հարցին` մի՞թե դրական չէ Ցեղասպանության ժխտման քրեականացման բուն փաստը, եւ արդյո՞ք այդպիսով չի ակտիվանա Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, Շահնազարյանը արձագանքեց. - «Ես միշտ էլ համարել եմ կոպիտ սխալ, երբ Ցեղասպանության միջազգային ճանաչումը դրվել է Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակների հիմքում: Դա դրվեց 98 թվականից եւ դա միայն ու միայն վնաս է բերել թե' Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, թե' պետականությանը»:

Ֆրանսիայի Ազգային ժողովի կայացրած որոշումը նա հակված է դիտարկել այդ երկրում կայանալիք ընտրությունների համապատկերում. - «Վստահ եմ, որ այդ որոշումը ամբողջապես տեղավորվում է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջիկա տրամաբանության մեջ: Ակնհայտ է, որ բոլոր պետությունները, մասնավորապես, նաեւ Ֆրանսիան, առաջին հերթին հետապնդում են իրենց ազգային շահերը: Երկրորդը. ակնհայտ է, որ այս որոշումը Ֆրանսիայի Սենատ չի հասնի մինչեւ ընտրությունները, քննարկման չի դրվի: Ընտրություններից հետո էլ ինչ ճակատագիր կունենա` շատ ու շատ մեծ հարցականի տակ է»:

Օրերս մամուլում հրապարակումներ եղան, որ դեռեւս 2008 թվականի մարտյան դեպքերից հետո Շահնազարյանը Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչություններից մեկի միջոցով Սերժ Սարգսյանին համագործակցության առաջարկ է արել` խնդիր ունենալով չեզոքացնել Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունն ու կանխել վերջինիս վերադարձը քաղաքականություն: Այդ հրապարակումների համար աղբյուր է հանդիսացել «Վիկիլիսք» աղմկահարույց կայքը:

Մեկնաբանելով այս տեղեկատվությունը` Դավիթ Շահնազարյանը ասաց. - «Ես ընդհանրապես Վիկիլիքսը չեմ մեկնաբանում: Գիտեք, ես քսան տարուց ավելի ակտիվ քաղաքականության մեջ եմ եւ այս ողջ ընթացքում իմ բոլոր որոշումների, իմ կատարած բոլոր քայլերի համար կրում եմ ողջ պատասխանատվությունը եւ այդ քայլերից որեւէ մեկը արդարացման կարիք չունի»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG