Մատչելիության հղումներ

logo-print

Սենատի սոցիալիստները սպասում են ցեղասպանության օրինագծին


Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը Ֆրանսիայի Ազգային ժողովում, 22 դեկտեմբեր, 2011

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քվեարկությունը Ֆրանսիայի Ազգային ժողովում, 22 դեկտեմբեր, 2011

Les Nouvelles d’Armenie պարբերականի կայքը հայտնում է, որ Ֆրանսիայի Սենատի Սոցիալիստական խմբի նախագահ Ֆրանսուա Ռեբսմանը դիմել է կառավարությանը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Սենատի օրակարգում որքան հնարավոր է շուտ գրանցելու համար:

«Նույնիսկ եթե կան կասկածներ օրինագծի ընտրական նկատառումներով ընդունված լինելու մասին, այսօր վատթարագույնը կլիներ այդ օրինագիծը թաղելը` առաջ բերելով հայկական համայնքի հիասթափությունը թուրքական համայնքի զայրույթը առաջացնելուց հետո», - գրել է Ռեբսմանը այդ առթիվ հատուկ հաղորդագրությունում:

Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից անցած հինգշաբթի օրը ընդունված օրինագիծը (այն մեկ տարվա բանտարկություն եւ 45 հազար եվրոյի տուգանք է սահմանում Հայոց ցեղասպանության իրականությունը ժխտողների համար) վավերացվելու համար պետք է գրանցվի Սենատում եւ քննարկվի երեսփոխանական գործընթացի ավարտից առաջ` այսինքն նախքան փետրվարի վերջը:

Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագծի հեղինակ Վալերի Բուայե

Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագծի հեղինակ Վալերի Բուայե

Հայկական օրինագծի ընդունվելուց ի վեր` դրա հեղինակ պատգամավոր Վալերի Բուայեն գտնվում է թուրքական սպառնալիքի տակ, որը ծրագրված է «Գորշ գայլեր» ազգայնական շարժման կողմից: Ներխուժելով Վալերի Բուայեի կայքը` այդ խումբը բռնության, մինչեւ իսկ մահվան սպառնալիքներ է հնչեցրել Բուայեի եւ նրա ընտանիքի հասցեին: Այդ մասին վերջին օրերին տեղեկացնում է BFMTV հեռուստակայանը` ներկայացնելով սպառնալիքի հեղինակների «Ֆեյսբուք»-ի էջը, որտեղ վերջիններս հպարտորեն հայտարարում են այդ մասին:

Իսկ պատգամավոր Վալերի Բուայեն այդ նույն հեռուստակայանին իր բողոքն է հայտարարել` իր ընտանիքի եւ իր անձի հանդեպ արված այս սպառնալիքների առնչությամբ:

Հայտնելով, որ պատրաստվում է բողոք ներկայացնել տեղի ունեցածի առնչությամբ, Բուայեն ընդգծել է. - «Այնուհանդերձ, լիակատար պարադոքս է` լինել մարդու իրավունքներին, մարդկային արժանապատվությանը, ճանաչմանը եւ առավել թույլերի պաշտպանությանը վերաբերող տեքստի հեղինակն ու զեկուցողը եւ օրենսդրական գործունեությամբ զբաղվել սպառնալիքի տակ, օտարերկրյա պետության սպառնալիքի թիրախը դառնալ, իսկ այնուհետեւ ենթարկվել անձնական` ծայրաստիճան լուրջ սպառնալիքների։ Մահվան սպառնալիքներ, բռնության սպառնալիքներ, ոչնչացման սպառնալիքներ, վիրավորանքներ եւ հայհոյանքներ` սա ես անչափ վրդովեցուցիչ եմ համարում»։

«Նման գործելակերպը կարող է սոսկ մեկ անգամ եւս ամրապնդել մեզ մեր համոզմունքների եւ վճռականության մեջ», - հայտարարել է ֆրանսիացի պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG