Մատչելիության հղումներ

«Նորաշեն 2007»-ի անդամները բողոքում են ՀՔԾ-ի որոշման դեմ


«Նորաշեն-2007» կոոպերատիվի բողոքի ակցիա են անցկացնում, արխիվային լուսանկար

«Նորաշեն-2007» կոոպերատիվի բողոքի ակցիա են անցկացնում, արխիվային լուսանկար

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի հետ շուրջ երեք տարի առաջ առքուվաճառքի եւ նախավճարի պայմանգիր կնքած մոտ երկու տասնյակ քաղաքացիներ երկուշաբթի օրը հավաքվել էին Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ: Նրանց այդտեղ էր բերել, ինչպես իրենք ասացին, Հատուկ քննչական ծառայության «ոչ իրենց օգտին կայացրած որոշումը»:

«Նոյեմբերի 11-ին Հատուկ քննչական ծառայության քննիչ Վաղինակ Ջանազյանը որոշում է կայացրել, որ Դավիթ Բեգլարյանը տոկոսով գումար է վերցրել, սակայն եկամուտներ չի ստացել, իսկ նոյեմբերի 15-ին ավագ դատախազ Հարությունյանը որոշումը փոխել է Դավիթ Բեգլարյանի օգտին: Իհարկե, ապացույցներ, հիմքեր չկան, հաշվի չեն առնվել Արմեն Թադեւոսյանի եւ Լյովա Սամվելյանի ցուցմունքները, որտեղ պարզ ասվում է, որ Դավիթ Բեգլարյանը տոկոսով գումարի դիմաց է տվել բնակարանները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց ակցիային մասնակցող Շուշանիկ Աղաբաբյանը:

Դավիթ Բեգլարյանը Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հերմինե Նալդալյանի ամուսինն է: «Նորաշեն 2007» սպառողական կոոպարտիվի անդամների խոսքով` այս պահին ութ բնակարան խոշոր գումարի դիմաց դեռեւս գտնվում է Դավիթ Բեգլարյանի ձեռքում:

«Նորաշեն-2007»-ի սպառողական կոոպերատիվի ձերբակալված ղեկավարներ Արմեն Թադեւոսյանը եւ Լուսաբեկ Սամվելյանը մեղադրվում են մի շարք քաղաքացիներին պատկանող առանձնապես խոշոր չափի գույքը խարդախությամբ հափշտակելու մեջ: Բնակիչները պնդում են, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի ղեկավարները, չկարողանալով ավարտին հասցնել շենքի շինարարությունը, տոկոսով գումարներ են վերցրել տարբեր մարդկանցից, այդ թվում նաեւ Դավիթ Բեգլարյանից` փոխարենը գրավադրելով բազմաբնակարան շենքում բնակարան գնած որոշ մարդկանց բնակարաններ:

Ակցիայի մասնակիցները նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժին հանձնեցին իրենց ստորագրություններով նամակը` հույսով, որ իրենց նամակն անարձագանք չի մնա:

«Խնդրում ենք, որ մեզ օգնի պարոն նախագահը, հակառակ դեպքում մենք կհրաժարվենք մեր քաղաքացիությունից եւ ընտրություններին չենք մասնակցի», - ասաց Շուշանիկ Աղաբաբյանը:

Հիշեցնենք` կառավարության որոշմամբ դեռեւս 2009 թվականին կես միլիոն դոլարին համարժեք բյուջետային երաշխիք էր տրամադրվել «Նորաշեն-2007» կառուցապատող ընկերությանը Երեւանի Աջափնյակ համայնքի Գեւորգ Չաուշի 14/3 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար, սակայն տուժած քաղաքացիների խոսքով շենքի շինարարությունը մինչ օրս ամբողջովին ավարտված չէ:

Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չժխտեց, որ դեռեւս չկառուցված շենքի 8 բնակարաններ փաստաթղթերով իրեն ու ամուսնուն են պատկանում:

«Ինչ վերաբերում է մեզ, որովհետեւ ես էլ, իմ ամուսինն էլ այդ շենքում բնակարաններ ունենք գնած, մեզ պատկանող բնակարանների մեջ «խաչվող» մարդկանց հետ մենք քննարկել ենք խնդիրը, թե ինչպես կարող ենք այս իրավիճակից դուրս գալ, որովհետեւ տուժողների թիվը բավականին մեծ է: Այս իրավիճակից դուրս գալու տարբերակը մենք գտել ենք հետեւյալում, որ ամեն բնակարանի հետ այսպես ասած «խաչվող» մարդիկ իրար հետ փորձել են իրավիճակից դուրս գալու ճանապարհ գտնել` մեկը մյուսին վաճառելով գալ նրան, որ բնակարանների տերերի մեջ մնա մեկական մարդ, ամեն բնակարանը մեկական տեր ունենա», - ասաց Նաղդալյանը:

«Դրանով, իհարկե, ստացվում է, որ յուրաքանչյուրը էլի տուժում են, բայց տուժում են կես չափով, ոչ թե կրկնակի մեծ, որը նախապես գոյություն ուներ: Նման պայմանավորվածություն ձեռք ենք բերել եւ խնդիրները լուծել ենք: Այս պահին այն մարդիկ, ովքեր մասնակցում են այդ բողոքի ցույցին, դրանց մեջ որեւէ մեկը չկա, որ մեզ հետ որեւէ կապ ունենա», - շարունակեց պատգամավորը:

Նաղդալյանն ասաց, թե իրենց պատկանող բնակարաններից երկուսի համար, նրա խոսքով, «լուծման ճանապարհ գոյություն չունի»:

«Այսինքն կան մի քանի տերեր, նրանցից ոչ մեկը չի ուզում իրար զիջել, այսինքն այդ երկու բնակարանների լուծման ճանապարհը մենք կամավոր պայմանավորվածություններով չենք կարող գտնել եւ դատարանը պիտի ի վերջո որոշում կայացնի, թե ով ավելի շատ իրավունքներ ունի կամ ում փաստաթուղթն է ավելի հիմնավոր եւ դրան առաջնայնություն տա», - ասաց պատգամավորը:

Հարցին, թե չի ընդունո՞ւմ, որ «Նորաշեն 2007-»-ի սեփականատերերը իր ամուսնուց տոկոսով գումար են վերցրել, Նաղդալյանը պատասխանեց. - «Ես ոչ միայն չեմ ընդունում, այլ նման բան չկա, չի եղել, եւ քննությունն էլ, լսելով նրանց ցուցմունքները, եզրակացության է եկել, որ նման ցուցմունք հաստատող որեւէ փաստարկ գոյություն չունի»:

Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչ Վաղինակ Ջանազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործը նախորդ շաբաթ ուղարկվել է դատարան, եւ որ գործով ներգրավված է 6 մեղադրյալ: Այլ մանրամասներ Ջանազյանը չհաղորդեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG