Մատչելիության հղումներ

«2011-ը հեղափոխական տարի էր»


Ռուսաստան - Դեկտեմբերի 24-ի հանրահավաքը Մոսկվայի Սախարովի պողոտայում

Ռուսաստան - Դեկտեմբերի 24-ի հանրահավաքը Մոսկվայի Սախարովի պողոտայում

Վերլուծելով 2011 թվականի հիմնական իրադարձությունները, արեւմտյան փորձագետները փաստում են` տարին հեղափոխական էր ու թերեւս պատմության մեջ կմնա որպես մի ժամանակահատված, երբ իշխող բռնապետներից ու անարդար կառավարումից դժգոհում էին բոլորը` Աֆրիկայից մինչեւ Եվրոպա։

Առաջինը Թունիսն էր, հետո բողոքի ցույցերը ծնեցին «արաբական գարունը», կոռուպցիայի, կեղծիքների դեմ պայքար սկսվեց անգամ Ռուսաստանում, որտեղ Մեդվեդեւ - Պուտին տանդեմը վաղուց կարծես արդեն ոչնչացրել էր լուրջ մրցակիցներին։

Ռուսաստանյան վերջին զարգացումները վերլուծելիս փորձագետները առանձնացնում են մի քանի գործոն։

Առաջինը Ռուսաստանում համատարած բնույթ կրող կոռուպցիան է, որը, ըստ սոցիոլոգիական հարցումների, ամենից շատ է զայրացնում շարքային քաղաքացիներին։

«Թեեւ 2011-ին փողոց դուրս եկած մարդկանց պահանջները բազմաթիվ էին` մարդու իրավունքների պաշտպանությունից մինչեւ արդար ընտրություններ ու թափանցիկ կառավարում, այդուամենայնիվ, հարցումները փաստում են, որ մարդկանց ամենից շատ զայրացնում են մանր ու միջին չինովնիկների կողմից պահանջվող կաշառքները, վատորակ ճանապարհներն ու կրթության կորսված հնարավորությունները», - փաստում է Christian Science Monitor-ը։

Երկրորդ գործոնը, ըստ վերլուծաբանների, տանդեմի որոշումն էր առաջիկա նախագահական ընտրություններում կրկին Վլադիմիր Պուտինի թեկնածությունը առաջադրելու վերաբերյալ։

«Ռուսաստանցիների գերակշիռ մասը այս որոշումն ընդունեց որպես վիրավորանք, եւ մինչ իշխող վարչակազմը ոչինչ չի նկատում կամ գոնե ձեւացնում է, թե չի նկատում, Կրեմլին մոտ կանգնած վերլուծական կենտրոնները տագնապ են հնչեցնում, թե երկրում կարող է լեգիտիմության ճգնաժամ սկսվել, եթե ամեն ինչ այսպես շարունակվի», - ֆրանսիական մամուլին ասել է գրող, Ռուսաստանի հարցերով մասնագետ Ժորժ Սոկոլոֆն ու մանրամասնել. - «Պատճառը շատ հստակ է` միջին խավը դժգոհ է եւ փնտրում է նոր առաջնորդներ»։

Եվ այժմ, ըստ փորձագետների, Պուտինը բավական դժվարին ընտրության առջեւ է կանգնած` կա՛մ կոպտորեն ճնշել այլախոհներին, կա՛մ որոշակի զիջումների գնալ, որոնք, սակայն, կարող են է՛լ ավելի բորբոքել ընդդիմադիր տրամադրությունները։

«Վերջին տասնամյակում իշխանության ղեկին կանգնած Պուտինը սեփական աչքերով է տեսել, թե ինչպես են ընդդիմադիրները պաշտոնանկ անում իշխանավորներին` Սերբիայից մինչեւ Ուկրաինա, Ուկրաինայից մինչեւ Եգիպտոս», - փաստում է Christian Science Monitor-ը եւ հավելում. - «Որպես ԿԳԲ-ի նախկին գործակալ` նա նաեւ անձամբ է ներկա եղել Արեւելյան Գերմանիայի փլուզմանը, եւ այժմ իսկապես դժվարին որոշման առջեւ է կանգնած»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG