Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանը կառաջադրվի Հրազդանի քաղաքապետի թեկնածու


Սասուն Միքայելյան
Սասուն Միքայելյան
Հայ ազգային կոնգրեսի անդամ Սասուն Միքայելյանը պատրաստվում է որպես թեկնածու մասնակցել 2012 թվականի փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց ինքը Միքայելյանը` հավելելով, որ եթե արդար ընտրություններ անցկացվեն, ապա իր ընտրվելու հավանականությունը կկազմի «150 տոկոս»:

«Դե ժողովուրդն է պահանջում, որ` «մենք ուզում ենք փրկվենք», նույնիսկ մարդիկ են եղել, որ ասել են` «տան մեջ մահանում ենք, եկեք` մեզ փրկեք»։ Ես բարոյական իրավունք չունեմ իմ թեկնածությունը չառաջադրելու», - ասաց ընդդիմադիր գործիչը։

Նշելով, որ իշխանությունները անընդհատ հայտարարում են, թե Հայաստանում առաջիկա ընտրություններն անցկացվելու են արդար ու թափանցիկ, Միքայելյանը շեշտեց, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները լավ առիթ են նրանց հայտարարությունները կյանքի կոչելու համար։

«Մեր իշխանությունն է ասում` պետք է արդար ընտրություն անի, մենք էլ զորավիգ ենք կանգնում։ Մենք գնում ենք արդար ընտրության», - հայտարարեց Սասուն Միքայելյանը` շարունակելով. - «Ես էն չափանիշի, էն կալիբրի տղա եմ, որ, գիտեք, ամեն ինչի գնալու եմ։ Ես էս իշխանություններից պահանջում եմ արդար ընտրություն։ Թող բերեն դրսից հանձնաժողովների անդամներ դնեն, կանգնեն` մի անգամ էս երկրում արդար ընտրություններ կայանան։ Իսկ եթե հանկարծ գնան խախտումների, իմ ինքնասիրությունը, իմ ժողովրդի պահանջը էսօր թույլ չի տա, որ իրենք էդքան կարողանան` անարդար աշընտրություններ անցկացնեն։ Ես ամեն ինչի գնալու եմ»։

Միքայելյանի` Հրազդան քաղաքը կառավարելու որոշման վրա ազդեցություն է ունեցել ինչպես Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի կառույցի, այնպես էլ հրազդանցիների ցանկությունը: Հրազդանում անցած շաբաթավերջին կայացել է Հայ ազգային կոնգրեսի, ինչպես նաեւ ակտիվ քաղաքացիների հանդիպում, որտեղ էլ որոշվել է Միքայելյանի թեկնածության առաջադրման մասին:

Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը Հանրապետական կուսակցության անդամ է, նա քաղաքը ղեկավարում է արդեն տասը տարի:

Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ տասը տարվա ընթացքում քաղաքում դրական փոփոխություններ գրեթե չեն կատարվել, եւ Սասուն Միքայելյանը գալիս է, որպեսզի նոր շունչ հաղորդի քաղաքին:

«Եթե իրենք մի քար դրել են մինչեւ էսօր, մենք գալիս ենք երկրորդը դնելու, իսկ այնտեղ, որտեղ չեն արել` գալիս ենք այդ չարածը անելու։ Իսկ այդ տաս, տասնքանի տարիների ժամանակահատվածը ցույց տվեց, որ իրենք շատ վատ են աշխատել, մեղմ ասած, իրենք չեն աշխատել», - հայտարարեց Մեսրոպյանը։

Հրազդանի գործող քաղաքապետի մասին Հայ ազգային կոնգրեսի տեղական կառույցի ղեկավարը ասաց. - «Ես կարող եմ ընդամենը ժամանակ գտնել` իր շքեղ մեքենաների լուսանկարները ուղարկեմ ձեզ, իր առանձնատների լուսանկարները ուղարկեմ ձեզ ու ընդամենը տակը մի հարց տամ. պետության կողմից սահմանված քաղաքապետի աշխատավարձով ո՞նց էր հնարավոր էդքան ունեցվածքի տեր դառնալ»։

Միքայելյանը իր փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կներկայացնի 2012 թվականի հունվարի 8-13-ը ընկած ժամանակահատվածում:

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման եւ համաներման մասին խորհրդարանի որոշմամբ ազատ արձակվեց այս տարվա մայիսի վերջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG