Մատչելիության հղումներ

logo-print

Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացվեց


Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ այսօր մոտ մեկ տասնյակ երիտասարդներ բողոքի ակցիա անցկացրեցին։

«Ո՞ւր է իմ ձայնը», «Ո՛չ ընտրակեղծիքներին» պաստառներով նրանք հավաքվել էին դեսպանատան շենքի դիմացի մայթին, քանի որ ոստիկաններն արգելում էին հավաքվել հենց դեսպանատան դիմաց։

Նրանք իրենց հետ բերել էին քվեաթերթիկներ, որոնց վրա երկու կուսակցության անուն կար՝ «Միակ ճիշտ կուսակցություն» եւ «Այլընտրանքային կուսակցություն»։ Համապատասխան կուսակցության անվան առջեւ նշումը կատարելով ակցիայի մասնակիցները քվեաթերթիկները նետում էին աղբարկղը, որը պայմանական քվեատուփն էր։ Ակտիվիստները նաեւ տրցակներով քվեաթերթիկներ էին լցնում աղբարկղը՝ ցուցադրելով, թե ինչպես են ընտրությունների ժամանակ լցոնումներ իրականացվում։ Այնուհետեւ սկսվեց ձայների հաշվարկը եւ հաղթեց «Միակ ճիշտ կուսակցությունը»։

Ակցիայի նախաձեռնողներից Անտոն Իվչենկոյի կարծիքով, քանի որ առաջիկայում Հայաստանում նույնպես ընտրություններ են անցկացվելու, սա լավ առիթ է ցույց տալու, որ քաղաքացիական հասարակությունը լուրջ անելիք ունի։

«Ես մտածում եմ, որ իրականում հաղթել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, բայց հաստատ այդքան ձայն չի հավաքել։ Ու հենց դա է հարցը․ ոչ թե ո՞վ է հաղթել, այլ թե ով է կեղծել ընտրությունները։ Մեզ մոտ էլ նույն վիճակն է, նույն տենդենցիաներն են, դրա համար առաջին ուզում ենք հիշեցնել մեր ժողովրդին, երկրորդ հերթին էլ համերաշխության նշան է [Ռուսաստանում այսօր բողոքի ցույց անցկացնող ընդդիմադիրների հետ]», - նշեց Իվչենկոն։

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոնեսյանի փոխանցմամբ, թեեւ ակցիան սատարում է Ռուսաստանի ընդդիմադիր ուժերին, սա նաեւ առհասարակ ընտրակեղծիքների դեմ պայքար է։

«Ու ոչ միայն ընտրակեղծարարների, այլ, ըստ էության, նաեւ գող-ավազկների կուսակցությունների, որովհետեւ Հայաստանում էլ նման կուսակցություն կա», - նշեց ընդդիմադիր երիտասարդը։ - «Այդպես ես եկել եմ սատարելու այն մարդկանց, ովքեր պայքարում են ժողովրդավարության համար»։

Այսօրվա բողոքի ցույցին մասնակցում էին նաեւ ռուսաստանաբնակ հայեր։

«Բոլոր ընկերներս հիմա Մոսկվայում ցույցի են մասնակցում։ Նրանք իրենց խաբված են զգում։ Ուզում եմ իմ քաղաքացիական կեցվածքը ցույց տալ, ասել, որ մեր սերունդը, ուսանողությունը անտարբեր չէ այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է մեր երկրներում։ Ամեն ինչ փոխվում է, մենք աստիճանաբար հեռանում ենք խորհրդային համակարգից», - նշեց նրանցից մեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG