Մատչելիության հղումներ

«2011-ը ժողովրդավարական արժեքների զարգացման տարի էր»


ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արմեն Քոլոյանը՝ «Ազատություն» ռ/կ-ի Պրահայի կենտրոնակայանում
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արմեն Քոլոյանը՝ «Ազատություն» ռ/կ-ի Պրահայի կենտրոնակայանում

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի փոխանցմամբ, այսօր կան բոլոր նախադրյալները, որ 2012-ին տեղի ունենան ավելի որակով ընտրություններ։

«Մեզ համար կարեւոր է դեմոկրատական ընտրությունների անցկացումը»


Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատում ավարտին մոտեցող տարին`

«Այս տարին Հայաստանի համար դարձավ ժողովրդավարական արժեքների զարգացման տարի, եւ պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը փաստացի արդեն դարձավ Եվրոպայի Ժողովրդական կուսակցության լիարժեք անդամ, ինչի մասին հայտնել է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության ղեկավար Վիլֆրիդ Մարտենսը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շարմազանովը։

Նրա փոխանցմամբ, պաշտոնանկությունները եւ փոխատեղումները միանգամայն բնական են, ոչ մի սենսացիա այստեղ չի եղել։

«Մեզ համար շատ կարեւոր է լիարժեք, նորմալ, ժողովրդավարական ընտրությունների անցկացումը, այդ իսկ պատճառով մենք ընդունել ենք Հովիկ Աբրամյանի խնդրանքը` ԱԺ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացնելու եւ ընտրական շտաբի աշխատանքի վրա կենտրոնանալու մասին»,- ասաց Շարմազանովը։

«Հարկ է սահուն անցնել դեպի ընտրական փուլ, որպեսզի ընտրությունները լինեն սովորական գործընթաց, ինչպես բոլոր երկրներում, իսկ դրա համար անհրաժեշտ է երկու բան. օրենսդրական բազա, որը ստեղծվել է ի դեմս բարեփոխված Ընտրական օրենսգրքի, որն ի դեպ՝ դրական են գնահատել եվրոպացի գործընկերները, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովը, եւ քաղաքական կամք, որն ունի իշխանությունը եւ, կարծում եմ, կունենա նաեւ ընդդիմությունը»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

«Կոալիցիան 2013-ին կպաշտպանի Սերժ Սարգսյանին»


Այս օրերին քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում «Բարգավաճ Հայաստանն»։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը եւ խորհրդարանական հիմնական ուժը` Հանրապետականը, փորձում են կանխատեսումներ անել, քանի որ հաջորդ տարվա մայիսյան ընտրություններում շատ բան կախված կլինի ԲՀԿ-ի դիրքորոշումից, սեփական ցուցակով կամ դաշինքով գնալու որոշումից։ Մեկնաբանելով այդ հարցը, ՀՀԿ խոսնակն ասաց, թե նույն «Բարգավաճ Հայաստանի» շարքերում կան գործիչներ, ովքեր վերջին հարցազրույցներում չեն բացառել Հանրապետականի հետ միասնական ցուցակով ընտրություններին գնալու հնարավորությունը։

«Այդպիսի տարբերակի մասին էր նշել, եթե չեմ սխալվում, պարոն Վարդան Բոստանջյանը»,- ասաց Շարմազանովը՝ պարզաբանելով, որ դրանք տեսական զարգացումներ են։

ՀՀԿ-ն դեռ չի քննարկել այդ հարցերը, խորհրդարանական ընտրությունների մարտավարությունը կքննարկվի փետրվար-մարտին` համագումարում, ինչից հետո կուսակցության դիրքորոշումը կներկայացվի հանրության դատին։

Միաժամանակ Էդուարդ Շարմազանովը ընդգծեց, որ կա այս տարվա փետրվարին ստորագրված կոալիցիոն հայտարարությունը, ըստ որի կոալիցիան պետք է միասնական իրականացնի նախագահի նախընտրական ծրագրի քաղաքականությունը եւ
2013-ին պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

«Նորմալ ընտրությունների անցկացումը անհրաժեշտություն է»


Հաջորդ տարվա ամենակարեւոր քաղաքական իրադարձությունը խորհրդարանի ընտրությունն է լինելու, եւ իշխանությունը եւ ընդդիմությունը նշում են, որ 2012-ի մայիսը բեկումնային նշանակություն ունի երկրի հետագա զարգացման համար։ «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ արդյո՞ք Հայաստանում կլինի նորմալ քվեարկություն, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ նորմալ ընտրությունների անցկացումը անհրաժեշտություն է ոչ միայն իշխանության կամ ընդդիմության, այլ հանրության համար եւ պետության զարգացման համար։

«Եվ եթե մենք ասում ենք «նորմալ ընտրություններ», մենք դրանով չենք ասում, որ մնացած ընտրությունները աննորմալ են եղել։ Մնացած ընտրությունները` բոլոր միջազգային դիտորդների գնահատականներով, եղել են հիմնականում Հայատանի ստանձնած պատրավորություններին համապատասխան»,- ասաց Շարմազանովը։ - «Հիմա մենք` որպես քաղաքական կամք ունեցող ուժ, ցանկանում ենք օրենքի սահմաններում անել ամեն ինչ, որ ընտրությունները լինեն ոչ թե հիմնականում, այլ ամբողջությամբ համապատասխան ստանձնած պարտավորություններին։ Բայց այստեղ կա երկու կարեւոր բաղկացուցիչ. առաջինը քաղաքական կամքն է, որը պետք է ցուցաբերի ոչ միայն քաղաքական իշխանությունը։ Իհա՜րկե, առաջինը դա պետք է անի իշխանությունը, որովհետեւ երկրում քաղաքական գործընթացների պատասխանատուն իշխանություն է։ Ոչ միշտ է մեղավոր իշխանությունը, բայց պատասխանատուն իշխանությունն է։ Եվ երկրորդ. ընդդիմությունն էլ պետք է ունենա քաղաքական պատասխանատվություն եւ գիտակցի, որ դա քաղաքական կատեգորիա է»։

«Ցանկացած ցնցում հետ է տանելու երկիրը»


«2011-ը հուսադրող է, որովհետեւ չնայած այն բանին, որ ՀԱԿ-ի գործընկերների ինչ-ինչ մարտավարական հնարքների հետեւանքով երկխոսությունն ընդհատվեց, այնուամենայնիվ դրանից հետո քաղաքական պայքարը գնաց ոչ թե անձերին վիրավորելու, այլ բացառապես քաղաքական գնահատականների, կոռռեկտության ճանապարհով», - առաջիկա հեռանկարներին անդրադառնալով՝ ասաց Շարմազանովը։

«Ինչ վերաբերում է հեղափոխություններին, ապա, կարծում եմ, ընդդիմադիր գործընկերներն էլ կհամաձայնեն, որ աշխարհում հաջողում են այն երկրները, որտեղ բարեփոխումները իրականացվում են «վերեւից», նորմալ էվոլյուցիոն եղանակով։ Ցանկացած ցնցում հետ է տանելու երկիրը»։

«Պետք է գիտակցենք, որ ընտրությունները պետք է դառնան ոչ թե նոր բախումների սկիզբ, այլ գործընթաց, որից հետո պառլամենտում կերեւա այն հարաբերակցությունը, որի համար քվեարկել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այսօր բոլոր նախադրյալները կան, որպեսզի մենք 2012-ին ունենանք ավելի որակով ընտրություններ»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդվարդ Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG