Մատչելիության հղումներ

logo-print

Դեկտեմբերի 24-ի մամուլ


«Ժամանակի» խմբագիրը գրում է. - «Ինչ-ինչ, բայց պետք է խոստովանել, որ համատեղ պարտիայի շնորհիվ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը կարճ ժամանակամիջոցում կարողացան չեզոքացնել ԲՀԿ-ի ազդեցությունը քաղաքական գործընթացի վրա: Այդ ազդեցությունն ավելի շատ ակամա էր: Պարզապես, լինելով խաղի հիմնական վարողները, Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը դուրս էին թողել Ծառուկյանին, որն ակամա հայտնվել էր «արբիտրի» դերում: Խաղի ընթացքում Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը սպառվում էին, իսկ Ծառուկյանն իր դերում հայտնվելով հիմնականում ակամա` շարունակում էր միավորներ հավաքել` առավելապես Տեր-Պետրոսյանի եւ Սարգսյանի ձախողումների շնորհիվ: Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը համեմատաբար արագ հասկացան այդ իրավիճակը եւ երկուստեք գործողությունների շնորհիվ կարողացան չեզոքացնել Ծառուկյանի շահեկան «արբիտրաժը»: Նրան պարզապես ակնհայտորեն ներքաշեցին խաղի մեջ: Տեր-Պետրոսյանը, այսպես ասած, իր հայտնի քաղաքագիտական վերլուծությունն արեց, Սարգսյանն էլ համակարգի ներսում մի կողմից անուշադրության մատնեց այդ առաջարկությունը եւ չարտահայտվեց, փոխարենը` սկսեց ներքին ճնշումը Ծառուկյանի վրա»:

«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. - «Կոնգրեսը երբեք չի հայտարարել, որ իշխանությունները կեղծելու են ընտրությունները, Կոնգրեսը պնդում է, որ իշխանությունները փորձելո՛ւ են կեղծել: Տարբերությունը, համաձայնեք, շատ մեծ է: Ինչո՞ւ: Որովհետեւ նախապես հայտարարել, որ ընտրություններն անպայման կեղծվելու են` կնշանակեր մարդկանց անուղղակիորեն կոչ անել չմասնակցել ընտրություններին: Ո՞վ կհամաձայնի մասնակցել վիճակախաղին, եթե համոզված է, որ վիճակահանության արդյունքները, միեւնույն է, կեղծվում են: Ոչ մեկը: Դրա համար էլ Կոնգրեսը պնդում է, որ իշխանություններն, այո, փորձելո՛ւ են կեղծել, բայց չեն կարողանալու, եւ դրա հիմնական երաշխիքն այն է, որ հնարավորինս շատ մարդ կմասնակցի ընտրություններին: Իսկ իշխանությունները, հակառակը, թաքուն գովազդում են ընտրակեղծիքների իրենց հնարավորությունները, որպեսզի մարդիկ «էս գլխից» հուսահատվեն` վստահ լինելով, որ ընտրությունների միջոցով ոչինչ փոխել հնարավոր չէ»:

«Երկիրը» զրուցել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Համակերպվե՞ել եք, արդյոք, ընտրությունների հերթական լինելու փաստին»: Պատասխան. - «Սրա մասին կխոսենք փետրվարի վերջին: Այդ ժամանակ հնարավոր է, որ լինեն արտահերթ ընտրություններ, հասարակությունը կհասնի իր ուզածին: Որքան շուտ իշխանափոխություն լինի, երկիրը կշահի, արտագաղթը կկանխվի: Արդեն այսօր իշխանությունը երկպառակտված է, եթե ոչ եռպառակտված: Հանրապետականի ներսում պառակտումը սուր դրսեւորումներ կունենա փետրվարին. գողական, ռազբիրատների մակարդակի, փողի, իշխանության ոլորտի բախումներ: Լինելու է սոցիալական լարում, այն գարնանը հասնելու է իր գագաթնակետին: Իզուր եք կարծում, թե մեր համախոհները իրատես չեն եւ չեն տեսնում դժվարությունները: Մենք էլ ենք դժվար, ես կասեի` «վրեդնի» պայմաններում աշխատում: Մեր համախոհները ջրավազանի նման լցվում են եւ դուրս են գալիս, դուրս գալը լինում է ե՛ւ հիասթափության, ե՛ւ արտագաղթի միջոցով, ավելացումը լինում է սոցիալական լարման հետեւանքով եւ` իշխանությունից հիասթափվելու»:

Իսկ Հայոց համազգային շարժման վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը, արձագանքելով Հայ ազգային կոնգրեսից իր հասցեին հնչող մեղադրանքներին, ասում է. - «Ինձ զարմացնում է այն հանգամանքը, որ ռուսական հատուկ ծառայությունների ինչ-որ ներկայացուցչի, որի անունը Սմբատ Կարախանյան է, Հայ ազգային կոնգրեսում մարդիկ որպես իրենց բարեկամ եւ Ռուսաստանի Դաշնությունում կապավոր են ներկայացնում, ու միաժամանակ խոսում են այլոց` այլ երկրի կոնտակտ լինել-չլինելու բացասական կամ դրական կողմերի մասին: Եթե նրանք փորձում են այս ճանապարհով գնալ, կարծում եմ որեւէ շահեկան բանի չեն հանգելու»:

«Հայկական ժամանակի» խմբագիրը գրում է. - «Դեկտեմբերի 4-ի ընտրություններից հետո Ռուսաստանում ստեղծված վիճակը Հայաստանում շատերի համար էր անակնկալ: Դա նրանից է, որ շատերս էինք դադարել հետեւել Ռուսաստանում տեղի ունեցող պրոցեսներին` առաջնորդվելով այն կանխավարկածով, որ միեւնույն է` կընտրեն Պուտինին, միեւնույն է` կընտրեն Մեդվեդեւին, միեւնույն է` Ռուսաստանը կլինի այնպիսին, ինչպիսին սովոր ենք տեսնել վերջին տասը տարիներին: Այս իրավիճակում կարելի է նույնիսկ եզրակացնել, որ եթե ՌԴ նախագահի ընտրություններում թեկնածու առաջադրվեր Դմիտրի Մեդվեդեւը, հանրության արձագանքը կլիներ շատ ավելի բարյացակամ. գործող նախագահ է, առաջադրվում է երկրորդ անգամ, ինչն ընդունված կարգ է նախագահական համակարգ ունեցող բոլոր երկրներում: Բայց Պուտինի իշխանական էգոն այս անգամ էլ հաղթող դուրս եկավ, ու դեռ դժվար է ասել, թե սա ինչ հետեւանքներ կհարուցի Ռուսաստանում: Սա քաղաքական լիդերության ամենանուրբ պահն է. առաջնորդները, ղեկավարները հաճախ շրջապատված են լինում մարդկանցով, ովքեր իրենց հիմնական առաքելությունն են համարում ղեկավարի ցանկությունները կռահելը եւ այդ ցանկությունները բավարարելուն ուղղված քաղաքական կուրսը համարում լավագույնը: Այս իրավիճակում, երբ գործում է «ամեն ինչ լավ է, շեֆ» տրամաբանությունը, քաղաքական առաջնորդները կարող են չնկատել անգամ ակնհայտ փաստերը, արհամարհել ահազանգերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG