Մատչելիության հղումներ

Ավարտվեց Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) նախաձեռնությամբ կազմակերպված երիտասարդության խնդիրներին նվիրված «Երիտասարդ ձայնը ռադիոյում» մրցույթը:

Մրցույթը մեկնարկել էր նոյեմբերի 23-ին: Մինչեւ վերջնաժամկետը` դեկտեմբերի 20-ը, ստացված 20 դիմումներից ընտրվեցին 3 լավագույն ռեպորտաժները: Առաջին պատվավոր տեղը զբաղեցրած Սուրեն Ստեփանյանը` «Իմպուլս» ռադիոկայանից, արդեն 25 օր է, ինչ ծառայում է ՀՀ բանակում: Այդ իսկ պատճառով չստացվեց զրուցել նրա հետ:

Երկրորդ տեղում հայտնված Յանա Շախրամանյանը, որն, իդեպ, Սուրենի գործընկերն է, իր ռեպորտաժի մեջ լուսաբանում էր երիտասարդ գիտնականների «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության գործունեությունը:

«Ռադիոյի առավելությունը ձայների հետ աշխատելն է, քանի որ ամեն մարդ յուրովի է պատկերացնում ձայնին վերաբերող պատկերը»,- ասում է Յանան:

Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի երեւանյան գրասենյակի ղեկավար Սեդա Մուրադյանը նշում է, որ ավելի քիչ թվով դիմումներ էին ակնկալվում, քանի որ մրցույթի ժամանակահատվածը կարճ էր:

«Մեր հաջորդ ռադիոմրցույթը նվիրված կլինի կանանց հիմնախնդիրներին, այդ մասին մենք կհայտարարենք ամենաուշը փետրվարին»,- հավելեց Սեդան:

Մրցույթի արդյունքները հայտնի դարձան Ռադիո Վանի հաղորդումներից մեկի ժամանակ:

Ժյուրիի կազմում ներկա էին Ռադիո Վանից Արման Սուլեյմանյանը, Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտից Սառա Խոջոյանը, Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպություն երեւանյան գրասենյակից Մելինե Նահապետյանը, «Քաղաքացիական ֆորում» հասարակական կազմակերպությունից Մարինե Մանուչարյանը: Մարինեն ներկայացրեց հաղթողներին ընտրելու երեք հիմնական սկզբունքները.

«Առաջինը լրագրողի կատարած աշխատանքի ծավալն էր, երկրորդը` թեմայի ակտուալությունը, հրատապությունը, իսկ երրորդը` ձայնի եւ սինխրոնների գրավչականությունը` առանց պատկերի ունկնդրին գրավելու հնարավորությունը»:

Առաջին մրցանակին արժանացած Սուրեն Ստեփանյանի ռեպորտաժը լուսաբանում էր Թռչկանի ջրվեժապահպանությանն ուղղված ակցիաներից մի քանիսը:

Ժյուրիի անդամ Մարինե Մանուչարյանը բացատրում է, որ Սուրենը շատ վարպետորեն է մոտեցել խնդրին, քանի որ աշխատել է 5-7 օր, հաճախել է թեմային վերաբերող բոլոր ակցիաներին եւ ունկնդիրներին փոխանցել ակցիայի մասնակիցների հաղթանակի շունչն ու ոգին:

Իսկ Երրորդ մրցանակին արժանացած մաքսլիբերթիական Նունե Մարտիրոսյանն իր ռեպորտաժում անդրադարձել էր թմբկահարների սակավությանը երաժշտական խմբերում:

Մրցույթին ժյուրիի կողմից հաղթող ճանաչված հեղինակները կպարգեւատրվեն դրամական մրցանակներով:

XS
SM
MD
LG