Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ընդդիմությունը հանրահավաքներ անցկացրեց


Տասնյակ հազարավոր մարդիկ շաբաթ օրը Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում հանրահավաքներ անցկացրեցին՝ իրենց բողոքն արտահայտելով Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների արդյունքների դեմ:

Մոսկվայի ոստիկանությունը հայտարարել է, որ Սախարովի պողոտայում անցկացվող հանրահավաքին ավելի քան 28 հազար մարդ է մասնակցել, մինչդեռ ընդդիմադիրների պնդմամբ, հանրահավաքի մասնակիցների թիվն անցել է 100 հազարից։

Հանրահավաքում անակնկալ էր Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի նախկին մերձավոր գործընկեր, ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինի ելույթը։

Կուդրինը հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է Պետդումայի նոր ընտրություններ անցկացնի, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը պետք է հեռացվի աշխատանքից։

Այսօր Ռուսաստանի ողջ տարածքում անցկացվող տարբեր հանրահավաքներում Չուրովի անունը բազմիցս է հիշատակվել, եւ Կուդրինը, միանալով ԿԸՀ նախագահի քննադատներին, հայտարարեց, թե Չուրովի փոխարեն պետք է այնպիսի մարդ նշանակվի, ով «վայելում է ժողովրդի վստահությունը»։

Կուդրինը իշխանություններին ցուցարարների հետ բանակցելու կոչ արեց։

Հանրահավաքում ելույթ ունեցողների թվում էին նաեւ հայտնի ընդդիմախոս բլոգեր Ալեքսեյ Նավալնին, ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը, ռոք երաժիշտ Յուրի Շեւչուկը, գրող Բորիս Ակունինը:

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում` Սանկտ Պետերբուրգում անցկացվող հանրահավաքին շուրջ 2500 մարդ է հավաքվել, իսկ Նովոսիբիրսկում կազմակերպված հանրահավաքին մասնակցել է մոտ 1,000 ցուցարար։

Դեկտեմբերի 24-ին ավելի վաղ հանրահավաքներ են անցկացվել նաեւ Ռուսաստանի հեռավոր արեւելյան շրջաններում եւ Սիբիրում: Այստեղ, ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, սառնամանիքային եղանակի պայմաններում բողոքի ակցիաների մասնակիցների թիվը չի անցել մի քանի հարյուրից: Հանրահավաքներ են անցկացվել Վլադիվոստոկում, Խաբարովսկում, Տոմսկում, Իրկուտսկում, Նովոսիբիրսկում, Կրասնոյարսկում, Չիտայում, Օրենբուրգում, Աստրախանում եւ այլ քաղաքներում:

Դեկտեմբերի 4-ին Ռուսաստանում անցկացված Պետդումայի ընտրություններից հետո ընդդիմությունը հայտարարել է բազմաթիվ ընտրախախտումների մասին:

Ընդդիմադիրները երկու շաբաթ առաջ եւս խոշոր հանրահավաք էին անցկացրել` պահանջելով չեղյալ հայտարարել «կեղծված» ընտրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG