Մատչելիության հղումներ

Վերջին հրաժեշտը` Վացլավ Հավելին


Այսօր ուղիղ կեսօրին Չեխիան մի պահ անշարժացավ, հանրային տրանսպորտի աշխատանքը դադարեցվեց, հնչեց եկեղեցիների զանգերի ղողանջը եւ շչակների ձայները:

Այդ նույն պահին Պրահայի ամրոցում՝ նախագահի նստավայրի տարածքում, հավաքվել էին հազարավոր մարդիկ: Ամրոցում է գտնվում Սուրբ Վիտի մայր տաճարը, որտեղ էլ լռության րոպեն ազդարարեց Պրահայի եւ Չեխիայի կաթոլիկ եկեղեցու հոգեւոր առաջնորդ, արքեպիսկոպոս Դոմենիկ Դուկան: Մայր տաճարում Չեխիայի հիմնադիր նախագահ, 1989 թվականի թավշյա հեղափոխության առաջնորդ, իրավապաշտպան Վացլավ Հավելի աճյունի մոտ Դոմենիկ Դուկան սգո արարողությունների ընթացքում հիշեց, որ Հավելի հետ բանտում է եղել կոմունիստիական կարգերին ընդդիմանալու ժամանակ:

«Ես երախտապարտ եմ Ձեզ այդ օրերի համար եւ նաեւ իմ ազատության համար»,- այս խոսքերն արձագանքում էին Պրահայի ամրոցում:

Իր ուղերձը հղեց Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի պատվիրակը:

Հուղարկավորությանը ելույթով հանդես եկավ Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը, ով, մասնավորապես, ասաց. - «Վացլավ Հավելն անձնավորություն էր, որը միշտ կհիշվի երախտիքով, խոնարհումով եւ հարգանքով: Նա միշտ ասում էր, որ ազատությունը համընդհանուր սկզբունք է, եւ եթե այն լքում է որեւէ մեկին, որեւէ տեղ, ապա մեր ազատությունը նույնպես վտանգի տակ է լինում»:

Վացլավ Հավելի հուղարկավորությանը մասնակցեցին ավելի քան 50 երկրների ղեկավարներ, պատվիրակներ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ուղեկցությամբ: Պրահայում էին նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Հավելի քաղաքական զինակից, Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
Վացլավ Հավելի հուղարկավորությանը մասնակցելու նպատակով Պրահա է ժամանել Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը:

Չեխիայում ժողովրդավարություն տարածելու առաքելությունը ստանձնած 75-ամյա Հավելին Չեխիան վերջին հրաժեշտը տվեց պետական, զինվորական պատվո արարողակարգով, հրետանային համազարկի ուղեկցությամբ: Հավելի մարմինը Պրահայի ամրոցից դուրս բերելու պահին Չեխիայի մայրաքաղաքում ղողանջում էին բոլոր եկեղեցիների զանգերը: Չեխիայի քաղաքացիները Վացլավ Հավելին վերջին հրաժեշտը տվեցին ծափահարելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG