Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Իրանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել


Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի նախագահի նստավայրում Իրանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո, տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Մահմուդ Ահմադինեժադի առանձնազրույցը, որին հաջորդել են երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները:

Բարձր մակարդակի երկկողմ բանակցությունների ժամանակ Հայաստանի նախագահը հադես է եկել խոսքով, որի ժամանակ, մասնավորապես, ասել է. - «Շատ ուրախ եմ, որ պարոն նախագահի հետ մեր առանձնազրույցի ընթացքում մենք եկանք շատ կարեւոր եզրակացությունների: Դա շատ կօգնի մեր հարաբերությունները է’լ ավելի խորացնել: Ես համոզված եմ, որ մեր բոլոր հարաբերությունների հիմքը հայ-իրանական անկեղծ բարեկամությունն է: Եվ հենց այս այցն էլ այդ բարեկամության վրա հենված մեր հարաբերությունների զարգացման նպատակ է հետապնդում»:

Պատասխան խոսքով հանդես եկավ Իրանի նախագահը. - «Երկու երկրների հարաբերությունները շատ լավ մակարդակի վրա են: Պատմության ընթացքում մենք միշտ ունեցել ենք լավ հարաբերություններ եւ այսօր դրանք պահպանվում են: Հատկապես Հայաստանի անկախացումից ի վեր այդ հարաբերություններն ամեն օր ընդլայնվել են եւ այսօր էլ շարունակում են ընդլայնվել: Ոչ մի բացասական կամ արգելող հանգամանք գոյություն չունի հարաբերությունների զարգացման համար: Ոչ մեկն աշխարհում չկա, որ կարողանա Հայաստանի եւ Իրանի միջեւ քարտեզը փոփոխի: Տարբեր նախագծերի հետ կապված շատ լավ քննարկումներ, բանակցություններ ունեցանք՝ Արաքսի ՀԷԿ-ի, էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի կապակցությամբ»:

Հայաստանի ու Իրանի նախագահները հանդես են եկել նաեւ համատեղ հայտարարությամբ, ուր, մասնավորապես, կարդում ենք. - «Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Մահմուդ Ահմադինեժադը, գոհունակություն հայտնելով Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, որոնք հիմնված են Հայաստանի եւ Իրանի ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա, վերահաստատեցին իրենց վճռականությունը առավել զարգացնելու երկկողմ բարեկամական եւ փոխշահավետ հարաբերությունները: Երկու պետությունների նախագահները գոհունակություն հայտնեցին էներգետիկայի բնագավառում ընդլայնվող համագործակցության կապակցությամբ: Ողջունելով էլեկտրահաղորդման 3-րդ գծի ծրագրի իրագործման սկիզբը՝ նրանք ընդգծեցին այն հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացնելու անհրաժեշտությունը: Նախագահները կարեւորեցին Արաքս գետի վրա ՀԷԿ-երի, ինչպես նաեւ երկու պետությունների երկաթուղային ցանցերը միացնող երկաթգծի եւ Իրան-Հայաստան նավթատարի կառուցման ռազմավարական ծրագրերի իրագործումը: Համապատասխան նախարարություններին հանձնարարություն տրվեց առաջիկա 6 ամիսների ընթացքում գործադրել բոլոր ջանքերը նշված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու համար»:

Նշենք, որ այսօր Հայաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած բանակացությունների արդյունքում ստորագրվեց վեց փաստաթուղթ` ներառյալ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Հավելենք, որ այսօր Իրանի նախագահին ընդունել են նաեւ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Երեւան Ահմադինեժադի այցն ու հայ-իրանական ներկա հարաբերությունները «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով այսօր մեկնաբանեց արտակարգ եւ լիազոր դեսպան, Մերձավոր Արեւելքի գծով մասնագետ Դավիթ Հովհաննիսյանը:

«Հայաստանը ներկայումս Իրանի համար շատ կարեւոր պարտնյոր է մի քանի տեսակետներից: Հայաստանը որոշակի բալանսային դեր է կատարում այս տարածաշրջանում, որը կարելի է անվանել Հարավային Կովկաս` հավասարակշռելով «թուրք-արդբեջանա-վրացական» ձեւավորվող համագործակցությունը, որը Իրանի տեսանկյունից որոշակի վտանգ է պարունակում նաեւ իր շահերի համար»:

«Կա նաեւ որոշակի տնտեսական գործոն»,- շարունակեց Հովհաննիսյանը. - «Շրջափակումը, որը աստիճանաբար սեղմվում է Իրանի շուրջը, քիչ թե շատ թեթեւացնելու համար Հայաստանը լավ տարբերակ է: Հատկապես, որ այստեղ բազմաթիվ հնարավորություններ կան ոչ միայն ուղղակի տնտեսական փոխանակման համար, այլ նաեւ տարբեր տիպի տնտեսական «հանդիպումներ» կազմակերպելու [համար]»:

Վերադառնանք, սակայն, Երեւան Մահմուդ Ահմադինեժադի մեկօրյա այցին: Վերջինիս երեւանյան այցերը, ընդհանրապես հաճախ կապված են եղել ինչ-որ սկանդալների հետ:

2007 թվականի հոկտեմբերի 23-ին, օրինակ, Ահմադինեժադը նախատեսվածից շուտ ընդհատեց պաշտոնական այցը Հայաստան եւ վերադարձավ Թեհրան: Այն ժամանակ տարբեր բացատրություններ ու մեկնաբանություներ տրվեցին, թե ինչու Իրանի նախագահը որոշեց անսպասելիորեն կրճատել իր այցը Հայաստան, սակայն փաստն այն է, որ Մահմուդ Ահմադինեժադը չայցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր եւ թանգարան, ինչը, ի դեպ, նախատեսված էր նրա այցի ծրագրով: Եվ դա միակ դեպքն է, երբ օտարեկրյա ներկայացուցիչը` այն էլ երկրի նախագահ, չնայած նախօրոք առկա պայմանվորվածությանը, հրաժարվեց այցելել Ծիծեռնակաբերդ:

Այս տարի, երբ նախատեսված էր, որ հունիսի 6-ին Իրանի նախագահը պետք է ժամանի Երեւան, ժամանումից ընդամենը կարճ ժամանակ առաջ` բավականին անսպասելիորեն հայտնի դարձավ, որ այցը հետաձգվել է:

Ինչ վերաբերում է այսօրվա այցին, ապա «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրների փոխանցմամբ, Իրանի նախագահի օրակարգում նախատեսված չի եղել այցը Ծիծեռնակաբերդ:

please wait

No media source currently available

0:00 0:05:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG