Մատչելիության հղումներ

Դամասկոսում զույգ պայթյունների հետեւանքով ավելի քան 30 մարդ է զոհվել


Սիրիայի մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով 30-ից ավելի մարդ է զոհվել, կան ավելի քան 100 վիրավորներ։

Հայտնելով այդ մասին` երկրի արտգործնախարարի տեղակալ Ֆայսալ Մեքդադը հավելել է, որ հարձակումները իրականացրել են ինքնասպան ահաբեկիչները։

Սիրիայի պետական հեռուստատեսության փոխանցմամբ` անվտանգության ծառայության երկու բազաների մոտ վառելիքով բեռնված ավտոմեքենաների պայթեցման հետեւանքով զոհվել են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ զինծառայողներ։

Ներկայումս Սիրիայում է Արաբական պետությունների լիգայի դիտորդների պատվիրակությունը, որին փոխարտգործնախարարը ուղեկցել է պայթյունների վայրերը։

ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում մարտին սկիզբ առած բողոքի ակցիաները ուղեկցող բախումների հետեւանքով զոհվածների թիվը արդեն գերազանցում է 5 հազարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG