Մատչելիության հղումներ

Սարկոզի. «Թուրքիան պետք է հարգի մեր տեսակետը»


Չեխիա - Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանել է Պրահա` մասնակցելու Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորությանը, 23-ը դեկտեմբերի, 2011թ.
Չեխիա - Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ժամանել է Պրահա` մասնակցելու Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորությանը, 23-ը դեկտեմբերի, 2011թ.
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ուրբաթ օրը միմյանց տեսակետները փոխադարձաբար հարգելու կոչ է արել Թուրքիային։

«Ես հարգում եմ մեր թուրք բարեկամների տեսակետները` այն մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն է, եւ նրանք էլ պետք է հարգեն մեր տեսակետները», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Սարկոզին Պրահայում, որտեղ մասնակցում է Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորությանը։

«Ֆրանսիան դասեր չի տալիս որեւէ մեկին, սակայն չի էլ ցանկանում, որ այդպիսիք տան իրեն», - ընդգծել է ֆրանսիական պետության ղեկավարը։

Արձագանքելով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունմանը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մեղադրել էր Ֆրանսիային իր նախկին գաղութ Ալժիրում «ցեղասպանություն» իրականացնելու մեջ։

«Ֆրանսիան 1945 թվականից սկսած կոտորել է Ալժիրի բնակչության շուրջ 15 տոկոսին։ Դա ցեղասպանություն է», - հինգշաբթի օրը կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր Էրդողանը` նաեւ մեղադրելով Սարկոզիին նախընտրական նպատակներով մահմեդականների եւ թուրքերի նկատմամբ ատելություն բորբոքելու մեջ։

Թուրքիայի վարչապետը, լրատվական գործակալությունների փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահին խորհուրդ էր տվել ալժիրցիների «կոտորածի» մասին «հարցնել իր հորը, որը այնտեղ ծառայել է ֆրանսիական լեգեոնում»։

Սարկոզին, մինչդեռ, այսօր շեշտել է. - «Բոլոր հանգամանքներում, մենք պետք է հանգիստ մնանք։ Ֆրանսիան թույլտվություն չի խնդրում, Ֆրանսիան ունի իր համոզմունքները, մարդու իրավունքները եւ հարգանքը հիշատակի առջեւ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG