Մատչելիության հղումներ

Թուրքիան անցավ Ֆրանսիայի դեմ «պատժամիջոցներին»


Թուրքիա - Ոստիկանությունը պահպանում է Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսությունը` ֆրանսիական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից հետո, 22-ը դեկտեմբերի, 2011թ.
Թուրքիա - Ոստիկանությունը պահպանում է Ստամբուլում Ֆրանսիայի հյուպատոսությունը` ֆրանսիական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից հետո, 22-ը դեկտեմբերի, 2011թ.
Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից ընդամենը մի քանի ժամ անց պաշտոնական Անկարան հայտարարեց, թե սառեցնում է Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունն ու անորոշ ժամանակով ետ կանչում Փարիզից իր դեսպանին։

Ընդ որում, «սա պատժամիջոցների առաջին փուլն է միայն»` հինգշաբթի օրը սպառնաց վարչապետ Ռեջեփ Էրդողանը, ընդգծելով` Թուրքիան պատրաստ է է՛լ ավելի սրել հարաբերությունները, եթե օրինագիծը հավանության արժանանա նաեւ Սենատում ու հաստատվի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից։

«Այսօրվանից սկսած` մենք ետ ենք կանչում Ֆրանսիայից մեր դեսպանին, դադարեցնում ենք այդ երկրի հետ բոլոր տեսակի շփումները` քաղաքական, ռազմական ու տնտեսական հարցերի շուրջ, չեղյալ ենք հայտարարում համատեղ զորավարժություններն ու հրաժարվում ենք հաջորդ տարի կայանալիք համատեղ առեւտրատնտեսական հանձնաժողովի նիստից», - հայտարարեց Էրդողանն ու շարունակեց. - «Այսուհետ ֆրանսիական ռազմական ինքնաթիռները Թուրքիայի օդային տարածքը կհատեն հատուկ թույլտվությամբ, իսկ ռազմանավերը թուրքական նավահանգիստներում խարիսխ գցելու իրավունք չեն ունենա»։

«Նախագահ Սարկոզիի կուսակցության կողմից առաջարկված օրինագիծը վերքեր բացեց Թուրքիայի համար, որոնք դժվար կլինի սպիացնել», - հայտարարեց Թուրքիայի վարչապետը։ - «Օրինագիծը հիմնված է քաղաքական շահարկումների, այլատյացության ու խտրականության վրա, եւ մենք իրավիճակն այսպես չենք թողնի»։

Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ֆրանսիայի ռազմավարական դաշնակիցներից մեկն է եւ առանցքային գործընկեր` տնտեսական ոլորտում։ Բացի այդ, այսօր երկու երկրներն էլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ ունեն միջազգային ասպարեզում. փորձագետները, մասնավորապես, փաստում են, որ Արեւմուտքը Թուրքիայի կարիքն ունի արաբական աշխարհում ու Սիրայում սկսված ճգնաժամը հարթելու հարցում։

Եվ թերեւս սա է պատճառը, որ Ֆրանսիայի կառավարությունը հայտարարում էր, թե որեւէ առնչություն չունի այս օրինագծի հետ, արտգործնախարար Ալեն Ժյուպեն էլ չէր թաքցնում իր ընդդիմադիր դիրքորոշումը։ «Կոչ եմ անում թուրք գործընկերներին ավելորդ քայլեր չձեռնարկել», - հինգշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի թիվ մեկ դիվանագետն ու ընդգծել. - «Ցավում եմ դեսպանին ետ կանչելու` Անկարայի որոշման կապակցությամբ, եւ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել»։

Չնայած այդ կոչերին` փորձագետները փաստում են, որ թուրք - ֆրանսիական առանց այդ էլ լարված հարաբերություններում նոր ճգնաժամ է սկսվել, որը Սենատում նախատեսված քվեարկությունից հետո կարող է խորանալ կամ` հանգուցալուծվել։

Թե երբ փաստաթուղթը Սենատ կմտնի` առայժմ դժվար է ասել։ «Կառավարությունը հրատապ չի որակել այս օրինագիծը, այնպես որ, կասկածում եմ, որ Սենատում այն քվեարկության կդրվի մինչեւ փետրվար` խորհրդարանի աշխատանքների վերջը», - «Ռոյթերզ»-ին ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի խոսնակը։

Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ստորին պալատը Հայոց ցեղասպանության վերաբերյալ նույնաբովանդակ օրինագիծ էր ընդունել նաեւ հինգ տարի առաջ, որը, սակայն, հետագայում Սենատի հավանությանը չարժանացավ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG