Մատչելիության հղումներ

Մանոյանը իրատեսական է համարում օրինագծի վավերացումը նաեւ Սենատում


ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից հինգաբթի օրը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունմանը, կարծիք հայտնեց, որ եթե առաջիկայում Ֆրանսիայի քաղաքական կյանքում մեծ փոփոխություններ տեղի չունենան, ապա ինքը պատճառ չի տեսնում, որ Սենատը չվավերացնի օրինագիծը:

Մանոյանը միեւնույն ժամանակ հիշեցնում է, որ Սենատը ամիսներ առաջ չվավերացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող մեկ այլ օրինագիծ:

«Այսինքն ոգեւորվելու տեղ կա` հաշվի առնելով այն ճնշումը, որ Թուրքիան դրեց եւ արժեք չունեցավ ինչ-որ իմաստով, բայց օրինագծի տեսանկյունից այս հանգրվանը արդեն մի անգամ անցել ենք, այսինքն Ազգային ժողովը մեկ այլ օրինագիծ որդեգրել է, ճիշտ է տարբեր օրինագիծ էր, որը Սենատում չքվեարկվեց: Սենատը որոշեց, որ իր լիազորություններից դուրս է նման օրենսդրություն որդեգրել, որովհետեւ խոսքը վերաբերում էր ուղղակի Հայոց ցեղասպանությանը, իսկ ներկայիս օրինագիծը քրեականացնում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը, որոնց թվում է նաեւ Հայոց ցեղասպանությունը», - ասաց Մանոյանը:

Նրա խոսքով` ճիշտ չէ օրինագծի ընդունումը դիտարկել միայն Ֆրանսիայում առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում: Մանոյանի համոզմամբ` օրինագիծը կյանքի կոչելու հիմքերից են նաեւ հայ-ֆրանսիական, ինչպես թուրք-ֆրանսիական հարաբերությունները:

«Ի վերջո սա նաեւ սկզբունքային մոտեցում է, եւ չի կարելի միայն ասել, որ այս ամբողջը քաղաքական խաղ էր, որ Ֆրանսիայի նման պետության խորհրդարանում այսօրվա օրակարգի միակ հարցն էր, 4 ժամ 10 րոպե քննարկեցին: Դա արդեն լուրջ վերաբերմունք է ընդհանրապես հայության նկատմամբ: Ասել, որ չէ', ոչ մի ընտրական հաշիվ չկա սրա մեջ չկա, դա էլ է սխալ, բայց վերագրել միայն ընտրական հաշիվներին, դա էլ ճիշտ չէ», - ասաց Դաշնակցության ներկայացուցիչը:

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, թե պաշտոնական Անկարայի ճնշումների մեծացման դեպքում նախագահ Սարկոզիի գլխավորած կուսակցությունը Սենատում հետ կանգնի որոշումից, Կիրո Մանոյանը պատասխանեց, թե այսօրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ դա իրատեսական չէ:

«Չնայած որ իրենք գործարար որոշ շրջանակների տարել էին Ֆրանսիա, որպեսզի նրանք էլ օրինագծի դեմ աշխատանք տանեն, բայց նաեւ գործարար ավելի մեծ, լուրջ, ծանրակշիռ շրջանակներ Թուրքիայում ասում են, որ այդքան էլ հեշտ չէ մեր առեւտրային եւ այլ կապերը խզել Ֆրանսիայի հետ, որովհետեւ Թուրքիան Ֆրանսիայի հետ այդ հարաբերությունները ունի, ոչ թե որովհետեւ ֆրանսիացիները կքրեականացեն ժխտումը կամ չեն քրեականացնի, այլ որովհետեւ շահ ունի: Պարզ է, որ եթե Թուրքիան այդ հարաբերությունները կասեցնի, նաեւ ինքն իր շահերին կվնասի», - ընդգծեց Մանոյանը:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ` թեեւ այս օրինագիծը դեռ իրավական ճանապարհ ունի անցնելու, սակայն քաղաքական համատեքստում այսօրվա քվեարկությունը իսկապես ոգեւորիչ է:

«Վերջին օրերին հատկապես թուրքական քաղաքական մեքենան, ըստ էության, կիրառում էր իր բոլոր զենքերը եւ բավական ոչ հավասարակշռված հայտարարություններ էր անում, ինչպես նաեւ իր այդ պայքարում փորձում էր ներառել թուրքական սփյուռքին: Այս ամենի արդյունքում ֆրանսիական իշխանությունները ոչ միայն, մեղմ ասած, արհամարհեցին թուրքական սպառնալիքները, այլեւ արեցին այն, ինչ խոստացել էին», - ասաց Մելքոնյանը:

Թուրքագետի կանխատեսմամբ` առաջիկայում թուրք-ֆրանսիական հարաբերությունները բավականին լարված փուլ կմտնեն, իսկ այս օրինագծի քննարկումը Սենատի Վերին պալատում կարող է լրացուցիչ լծակ դառնալ Թուրքիայի դեմ:

«Հայ-թուրքական արձանագրությունները, ըստ էության առաջ եկան նաեւ միջազգային գերտերությունների հովանավորության ներքո, եւ հիշենք, որ Ֆրանսիան նույնպես ակտիվորեն ներգրավված էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փուլում եւ որոշակիորեն պատասխանատվություն է կրում այս ամենի համար: Թուրքիայի կողմից այդ արձանագրությունների տապալումը նաեւ պետք է հանգեցներ դրա պատասխանատուների եւ ջատագովների որոշակի ռեակցիային, ինչը մենք տեսանք Ֆրանսիայի պարագայում», - ասաց թուրքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG