Մատչելիության հղումներ

Զոհված զինվորների ծնողների բողոքները իրական արդյունք չեն տվել


Զոհված զինվորները ծնողները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց, 15 սեպտեմբեր, 2011

Զոհված զինվորները ծնողները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց, 15 սեպտեմբեր, 2011

Կառավարության շենքի առջեւ հինգշաբթի օրը կրկին հավաքվել էին անցած տարիներին բանակում խաղաղ պայմաններում մահացած զինվորների հարազատները: Նրանք այս անգամ պաշտպանության նախարարին չկարողացան հանդիպել, քանի որ բողոքի ակցիայի ժամանակ նախարարը շենքից դուրս չեկավ:

Բանակում մահացած զինվորների ծնողները ողջ տարին անցկացրեցին կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիաներ անցկացնելով: Ամեն հինգշաբթի` կառավարության նիստերի օրը, իրենց որդիների լուսանկարներով ու բանակում տիրող վիճակը դատապարտող պաստառներով ծնողները կառավարությունից պահանջում էին վերջ տալ խաղաղ պայմաններում բանակում տեղի ունեցող սպանություններին: Ծնողներն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էին, որ իրենց բողոքներն իրական արդյունք չտվեցին:

«Ակցիաները ամեն դեպքում մի քիչ իրենց զգոնություն են բերում, որ չեն մոռացել, անտարբեր չեն, գալիս են, հետաքրքրվում են, ընդամենը էդքան բան: Մեծ հաշվով իրենք սրանից չեն վախենում, ձերբակալված, կալանավորված չկա, չի էլ լինելու, որովհետեւ առաջին վայրկյանից սկսած իրենք հստակ տանում են որպես ինքասպանություն», - ասաց պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած Տիգրան Համբարձումյանի հայրը` Բենիկ Համբարձումյանը:

Բողոքի ակցիաներ անցկացնող ծնողներից ամեն մեկը, ներկայացնելով իր պատմությունը, բողոքում է քննիչների, դատախազների ու դատավորների գործողություններից:

Բանակում, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն գործած Վալերի Մուրադյանի մայրը պնդում է, որ որդուն սպանել են: Մայրը պատմում է, որ ըստ նախաքննության նյութերի, որդին կախվել է իր հասակից կարճ սյունից:

«Գործով Վալերիս հասակը գրվել է 1 մ 71 սմ, բայց իմ տղայի հասակը ավելի բարձր է եղել, իսկ տուռնիկի բարձրությունը 1 մ 49 սմ է եղել: Ես նկարը նայել եմ, իմ տղայի ծնկները ծալված վիճակում են եղել, իմ տղային խեղդել են, հետո կախել են: Ես դա առաջին օրվանից ասում եմ, որովհետեւ իմ տղայի պարանոցի հետքերից պարզ երեւում էր, որ երկու պարանի հետք է: Թեւերը հետքերը հենց դրա մասին են խոսում, որ կապտուկներ են եղել մատնահետքերի տեսքով», - ասում էր Նանա Մուրադյանը:

Ծնողները հայտարարում են, որ բոլորը գործերը կոծկում են:

«Պահանջում եմ [պաշտպանության] նախարարից եւ նախագահից, ես արդեն նախագահին եմ մեղադրում ամեն ինչում, մեր գործերը, այսքան զինվորների սպանությունները, բոլորինը համարյա նույն ձեռագրով կոծկվում է, ճիշտ է` տարբեր դեպքեր են, բայց կոծկելու ձեռագիրը նույնն է», - ասաց Նանա Մուրադյանը:

Այս տարի բանակում կրկին պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած Տիգրան Համբարձումյանի հայրն ասում է, թե ի սկզբանե դեպքը որակելով ինքնասպանություն, նախաքննական մարմինն այդպես էլ չի ուզում ուշադրություն դարձնել այնպիսի հանգամանքների վրա, որոնք հերքում են ինքնասպանության վարկածը: Ըստ պաշտոնական վարկածի` Տիգրանը բացակայել է զորամասի տարածքից: Հաջորդ օրը զորամասի հարակից անտառում հայտնաբերվել է նրա դիակը: Դեպքի վայրում հայտնաբերվել է ածելի, իսկ դիակի զննությամբ` ձախ ձեռքի արմնկափոսի շրջանում լայնակի վերք` հարթ եզրերով: Տիգրանի հայրը` Բենիկ Համբարձումյանը պատմում է, որ որդու գլխամաշկը վնասված է եղել: Այս առնչությամբ նախաքննական մարմինը հորը ասել է, թե անտառում կենդանիներն են հոշոտել տղային: Մինչդեռ հայրը գտնում է, որ որդուն սպանել են, հետո դիակը թողել անտառում, որպեսզի հեշտությամբ պնդեն ինքնասպանության վարկածը:

«Ես ասում եմ` ոնց է եղել, որ էդ շունը, կատուն մի սանտիմետր ներքեւ վզից չիջավ, բաց ուսը, կտրած, արյունոտ թեւը... կենդանին ոնց չգնաց էդ մասի վրա, չկծեց, չհոշոտեց, ոչինչ չարեց: Սպանությունը եղել է կամ վզից, կամ դեմքից, վայրենությունը որ արել են, արել են հետքերը թաքցնելու համար», - ասաց Բենիկ Համբարձումյանը:

Մեկ այլ զինվորի մայր էլ ասում է, թե իր հինգ տարվա պայքարից հետո որդու մահվան գործում ի հայտ եկավ նոր հանգամանք, որը հերքում է էլեկտրահարման վարկածը: Տիգրան Օհանջանյանն, ըստ պաշտոնական վարկածի, էլեկտրահարվել է: Նրա ծնողները սակայն, կասկածելով, որ որդուն սպանել են, փորձաքննությամբ ապացուցեին, որ դեպքի վայրում էլեկտրական հոսանք չի եղել: Տիգրանի մայրը` Գոհար Սարգսյանն ասում է, որ պետք է պայքարի գտնելու որդուն սպանողներին:

«Մալադեց փորձագետներին, կամ չճնշվեցին, խիղճ ունեցան եւ ճիշտը գրեցին, եթե այդ դեպքի վայրում հոսանք չկա, իմ տղայի հագից հանել եք պատառոտված շորը, ո՞վ է պատառոտել, ինչո՞ւ 5 տարի հետո ես պետք է իմանամ, որ դեպքի վայրում հոսանք չկա, այլ հիմա ես պիտի կանգնեմ, որ իմանամ, թե ով է սպանել իմ երեխային եւ պիտի կանգնեմ այնքան ժամանակ մինչեւ մեղավորը իր պատիժը ստանա: Հիմա նախաքննությունը պետք է շարունակվի եւ սպանության հոդվածով պետք է քննվի գործը», - ասաց Օհանջանյանի մայրը:

Այս տարի, ըստ իրավապաշտպանների` բանակում գրանցվեց մահվան 37 դեպք, որից 20-ը` խաղաղ պայմաններում արձանագրվեց, 11-ը` հրադադարի ռեժիմի խախտման, 6-ն էլ դժբախտ պատահարների հետեւանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG