Մատչելիության հղումներ

«Ես գիտեմ՝ ինչու եմ արգելում նրանց ամեն մի աղբում նկարահանվել»


Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:

Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը:

Երեւանի Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, ով 2011 թվականիի ապրիլին է նշանակվել այս պաշտոնում, նշեց, որ իր՝ ռեկտոր դառնալուց հետո ինստիտուտում այժմ կա անվճար ինտերնետ-գրադարան լսարան, նոր ընթերցասրահ, կինոդահլիճները հագեցվել են մեծ էկրաններով եւ DVD-ներով եւ այլն, բայց տեխնիկական հագեցվածության մասին խոսելը դեռ վաղ է:

«Վերջերս Մոսկվայի ВГИК-ում էի: Այն, ինչ այնտեղ տեսա, ինձ այնպիսի դեպրեսիայի մեջ գցեց, որ չէի ուզում էլ աշխատել», - նշեց նա:

Մազմանյանը նշեց, որ թատերական ինստիտուտն այս տարի նաեւ կազմակերպել է մի շարք վարպետության դասեր, որոնք անցկացրել էր աշխարհահռչակ սցենարիստներ, դերասաններ եւ այլ մասնագետներ:

Դիտարկմանս, որ ռուս հայտնի սցենարիստ Պավել Ֆիննի վարպետության դասին հազիվ 10 ուսանողներ եկած լինեին, Մազմանյանն արձագանքեց, որ սցենարիստների կուրսը բավականին սակավաթիվ է, փոխարենը շատ են դերասանները, որոնց թիվը պատրաստվում է պակասեցնել:

«Մենք 60 դերասան ենք արտադրում տարեկան: Ո՞ւմ է պետք 60 դերասան, գործազուրկների շուկայի՞ն: Երեւանը պահանջ ունի տարին հինգ, առավելագույնը՝ 7 դերասանի, այդ պատճառով այս տարի կրճատել ենք դերասանների քանակը», - ասաց Մազմանյանը:

Թատերականի ռեկտորը նաեւ արգելել է մինչեւ 3-րդ կուրսի ուսանողներին նկարահանվել սերիալներում: Հարցիս արդյոք առարկություններ չի առաջացրել այս որոշումը ուսանողների շրջանում, պատասխանեց. - «Սա դիկտատուրա չէ, ես գիտեմ ինչու եմ արգելում նրանց ամեն մի աղբում նկարահանվել: Իրենք, պարզ է, կուզեին: Շատերը դժգոհ են, իսկ եթե շատ դժգոհ են, թող դուրս գան ինստիտուտից: Դա իրենց օգտի համար եմ անում»:

Ինձ հանդիպած թատերական ինստիտուտի ուսանողները, սակայն, նշեցին, որ համաձայն են ռեկտորի այդ որոշման հետ:

Այդուհանդերձ Մազմանյանը նշեց, որ եթե, ասենք, աշխարհահռչակ Էմիր Կուստուրիցան ցանկանա նկարահանել թատերականի առաջինից երրորդ կուրսում սովորող մի ուսանողի, դժվար թե ինքը խոչընդոտի դրան:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG