Մատչելիության հղումներ

Հայաստանում, ըստ տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, սոցիալական ցանցերում օրվա ընթացքում հասարակական հետաքրքրություն ներկայացնող տարբեր քննարկումներում ակտիվություն են դրսեւորում շուրջ 2500 օգտատերեր:

Մարտիրոսյանի խոսքերով, տոների պատճառով` դեկտեմբերի վերջին եւ հունվարի սկզբին փոքր-ինչ պասիվություն կդրսեւորվի, սակայն փետրվարին օգտատերերի ակտիվությունը ավելի կմեծանա:

Facebook-ում, Twitter-ում եւ սոցիալական մյուս ցանցերում հասարակական ակտիվ պահվածք ունեցող օգտատերերը տարվա ընթացքում բարձրացրել են բնապահպանական, սոցիալական, քաղաքական հարցեր, որոնց մեծ մասը լուծում են ստացել:

Facebook-ում ձեւավորված խմբերի եւ ակտիվիստների շնորհիվ հանրությանը հայտնի դարձան զինված ուժերում գրանցված մի շարք դեպքեր, կանխվեցին ապօրինի ծառահատումներ եւ այլն:

Քարոզչության ոլորտի փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշում է, որ եթե հետեւենք համացանցում տեղադրվող նորություններին զինված ուժերի թեմայով, տպավորություն է ստեղծվում, թե ոլորտում ամեն ինչ գնալով վատանում է:

Մարտիրոսյանն ասում է` բարձրացված աղմուկը վառ օրինակն է, թե ինչպես է հնարավոր խնդրին տալ այնպիսի կշիռ, որն այնքան էլ չի համապատասխանում իրականությանը»:

«Սովետական ժամանակից մնացած փակ համակարգերը ուզած-չուզած բաց են դառնում համացանցի շնորհիվ: Օրինակ, պաշտպանության նախարարության հետ կապված բոլորն էլ գիտեն, որ զինծառայողներից շատերն ունեն հեռախոսներ, ու եթե ինչ-որ բան է լինում, շատ արագ տարածում են», - նշում է Սամվել Մարտիրոսյանը:

Մասնագետներն ասում են` համացանցն ունի նաեւ իր բացասական կողմերը, օրինակ, սոցիալական ցանցերում տեղադրված նկարներով կարելի է իմանալ, թե ով որտեղ է ծառայում:

Աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են, որ սոցցանցերը միջոց են արագ արձագանքման եւ համախմբման համար:

Համացանցի միջոցով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հնարավորություն են ունենում իրենց ձայնը հասցնել լրատվամիջոցներին, սակայն հաճախ լինում են դեպքեր, երբ մանիպուլյացիոն հնարքներով դոմինանտ ուժերը ապակողմնորոշում են շատերին:

XS
SM
MD
LG