Մատչելիության հղումներ

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ, դեկտեմբերի 20-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշումը «սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը»:

Ըստ այդ որոշման` հիշեցնենք, հետայսու ՀԱՊԿ-ի անդամ որեւէ երկրի տարածքում ցանկացած օտար (ոչ ՀԱՊԿ-ի անդամ) երկրի ռազմական կառույցներ, բազաներ կարող են հայտնվել միայն այն դեպքում, եթե դրան հավանություն տան կազմակերպության անդամ բոլոր պետությունները:

«Սա ուղղակի հարված է Հայաստանի սուվերենության վերջին մնացորդներին, եւ եթե մինչեւ այդ մենք խոսում էինք այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները կրում են սյուզերենի եւ վասալի բնույթ, այժմ ճորտի եւ ճորտատիրոջ հարաբերություններից մենք կարող ենք խոսել` ելնելով սրանից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մեհրաբյանը` փաստարկելով. - «Որովհետեւ Հայաստանը փաստորեն սրանով իսկ արդեն իր անվտանգության հարցում ընտրության հարցը արդեն թողել է Կրեմլին եւ թողել է Կենտրոնական Ասիայի «մսագործներին»: Նույն այդ գաղափարի հեղինակ Նազարբաեւը, ինչպես տեսանք, պարզապես գնդացիրից գնդակահարում է սեփական բողոքի ցույցերը: Մենք սա ենք տեսնում»:

Նշելով, որ թեեւ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում չի եղել, չկա եւ մոտ ժամանակներում չի էլ սպասվում, որ լինի ինչ-որ այլ երկրի բազա տեղակայելու խնդիր` փորձագետը նշեց. - «Այնուամենայնիվ փաստորեն մենք իրավաբանորեն հաստատեցինք հենց այդ կարգի հարաբերություններ` ճորտի եւ ճորտատիրոջ»:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, Ռուսաստանի գլխավորությամբ գործող ՀԱՊԿ-ն իրեն հիշեցնում է 19-րդ դարի առաջին կեսում` հետնապոլեոնական Եվրոպայում նույն Ռուսաստանի մասնակցությամբ ձեւավորված «Սրբազան դաշինքը» կամ ԽՍՀՄ-ի ստեղծած տխրահռչակ Վարշավյան պակտը, որոնք պատմության մեջ մնացին որպես հեղափոխությունները ճնշող ու հետադիմական ռեժիմները պաշտպանող կառույցներ:

«Այդ ռեժիմները, որոնք միավորված են ՀԱՊԿ-ի մեջ, պարզապես լուծում են իրենց կենսունակության խնդիրը: Ռուսաստանին վերապահված է, այսպես ասենք` ժանդարմի դեր… Ռուսաստանը` Պուտինի վերադարձով եւ այլն, եւ այլն, փաստորեն իրեն դուրս է դնում քաղաքակրթությունից որպես այդպիսին, եւ այդ ռեժիմն իր կենսունակությունը պահպանելու համար իր պերիֆերիան համանման ռեժիմներով պահպանելու խնդիր ունի»:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանի խոսքով` ՀԱՊԿ-ի կայացրած որոշումը հարկավոր չէր Հայաստանին, բայց փոխարենը հարկավոր է Կրեմլին` կանխելու արեւմտյան ազդեցության ամրապնդումը հետխորհրդային երկրներում:

Ըստ նրա, սակայն, կա նաեւ հարցի մյուս կողմը. - «ՀԱՊԿ-ը ունի ուրիշ գործառույթներ նույնպես, որոնց շուրջ արդեն կան համաձայնություններ: Այդ գործառույթը նպատակ ունի պաշտպանել բոլոր երկրների իշխանություններին տարբեր, իրենց ասելով` միջամտություններից: Ասենք, զորքեր կան, որոնք երկրի խնդրանքով կարող են մտնել այս կամ այն երկրի տարածքը եւ պաշտպանել իշխանություններին, ոնց որ իրենք ասում են` դեստաբիլիզացիայից եւ հեղափոխական փորձերից: Այդ տեսանկյունից ինքնին ռեակցիոն մի գործառույթ է»:

«Դժվար է ասել, թե այս հարցում զարգացումներն ինչ ընթացք կստանան»,- շարունակեց Սարգսյանը` պարզաբանելով. - «Որովհետեւ Ռուսաստանում հակառակ ալիք է սկսվել` հակապուտինյան: Եվ դա ցույց է տալիս, որ սա Ռուսաստանի իշխանությունների ծրագրերն են ընդամենը, բայց ոչ Ռուսաստանի: Եթե այնտեղ քաղաքացիական շարժումների զարգացում լինի, մենք շատ շուտով կարող ենք ընդհանրապես մոռանալ այս պլանների մասին: Ինքնին Ռուսաստանի վիճակը այսօր դեռ պարզ չէ»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG