Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին մտահոգում են զինված ուժերում տեղի ունեցող մահվան ելքով միջադեպերը։

«Դա ուղղակի ազդում է բանակի մարտունակության վրա», - այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: - «Երկրորդը՝ մենք գտնում ենք, որ մենք պատասխանատու ենք դրա համար, հասարակության բողոքը տեղին է եւ մենք վճռական ենք եւ տարեցտարի աշխատանքները շարունակելու ենք, որ իսպառ վերացնենք»։

ԼՂ պաշտպանության նախարարի խոսքերով, նախորդ տարվա համեմատ այս տարի Պաշտպանության բանակում զոհերի քանակը նվազել է 23 տոկոսով, իսկ վիրավորների թիվը` 30 տոկոսով:

Մովսես Հակոբյանը նշում է, որ տարին բանակի համար եղել է բավականին դժվար։ Այդ համատեքստում նախարարը ընդգծեց առաջնագծում տիրող չափազանց լարված իրավիճակը, ինչի արդյունքում այս տարի զոհվել են 11 հոգի եւ 34 հոգի էլ վիրավորվել են: Նախարարը վստահեցնում է, որ այդ զինվորները տուժել են մարտական հերթապահության ժամանակ` դիպուկահարի գնդակից: Բոլոր զոհվածները, բացառությամբ մեկ դեպքի, մահացու վիրավորվածություն են ստացել գլխի շրջանում։

«Հակառակորդի դիպուկ կրակը մեզ համար մտահոգիչ է, եւ այս ուղղությամբ մեր աշխատանքները շարունակական պիտի լինեն», - հավելեց Մովսես Հակոբյանը։ - «Մենք վճռական ենք՝ հակառակորդին սանձելու եւ չթույլատրելու, որպեսզի ինքը զարգացնի այս ուղղությամբ աշխատանքները։ Այս նկատառումից ելնելով մենք բոլոր դիրքերը այսօր կահավորել ենք, որպեսզի հնարավոր լինի շրջանաձեւ, անվտանգ դիտարկում իրականացնել»։

Ի դեպ՝ պաշտպանության նախարարության տվյալներով մինչեւ 2006-ը թվականը ԼՂ պաշտպանության բանակի առաջնագծերում հակառակորդի դիպուկահարի կրակոցից տուժածներ չեն եղել:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը շարունակում է համալրվել նոր սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով։

«Մենք որոշակի առաջընթաց այս ուղղությամբ ունենք, առանձնապես հրետանային ստորաբաժանումների համալրում նոր սպառազինություններով եւ նրանց մարտական զինամթերքի, մարտավարակազմերի համալրման ուղղությամբ։ Սկսել ենք նաեւ տանկերի ներկրումը բանակ, որը եւս կբարձրացնի բանակի պոտենցիալը», - ասաց Մովսես Հակոբյանը։

ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան

ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյան

Պաշտպանության նախարարն անդրադարձավ նաեւ պատերազմի վերսկսման հավանականությանը` նշելով, որ ամեն վայրկյան սպասում է պատերազմի․ - «Ադրբեջանի կողմից հայտարարությունները որոշակի մտահոգության տեղիք են տալիս, որովհետեւ այս խոսքերի հետեւում կանգնած է բավականին լուրջ սպառազինություն եւ ռազմական տեխնիկա։ Ինչ վերաբերում է հարցին, թե ե՞րբ կսկսվի պատերազմը, սա, կարծում եմ, բացի Ադրբեջանի ցանկությունից, կախված է նաեւ որոշակի հաշվարկներից։ Իսկ պատերազմը ամեն ժամ կարող է սկսվել։ Եվ որ եթե չեն սկսել պատերազմը, որոշակի հաշվարկներ դեռեւս կատարվում են»։

Մովսես Հակոբյանն իր խոսքում մի քանի անգամ շեշտեց, որ դժգոհ է բանակի կարգապահության աստիճանից։ Այդ ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, բայց դեռ բավարար չէ, ասաց նա։

Պաշտպանության նախարարը պատմեց, որ բանակի ներսում տեղի ունեցածի մասին անձամբ տեղեկանալու նպատակով բոլոր զինվորներին փոխանցել է իր բջջային հեռախոսահամարը եւ օրական ստանում է հարյուրավոր զանգեր, որոնց անմիջապես արձագանքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG