Մատչելիության հղումներ

Մոսկովյան ճաշկերույթի արդյունքը` ավելի քան 18 միլիոն դոլար


«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն - 2011»-ը, Լոս Անջելես, 24-ը նոյեմբերի, 2011թ.

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն - 2011»-ը, Լոս Անջելես, 24-ը նոյեմբերի, 2011թ.

Հինգշաբթի օրը Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2011 թվականի բարեգործական ճաշկերույթը։

Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ` ճաշկերույթին մասնակցել են Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը եւ շուրջ 70 հայազգի գործարարներ:

Ճաշկերույթը գրանցել է 18 միլիոն 635 հազար դոլարի նվիրատվության խոստում:

Ամենախոշոր նվիրատվությունը` 11 միլիոն դոլար, կատարել է արգենտինահայ գործարար եւ բարերար Էդուարդո Էռնեկյանը, ում անունից հանդես է եկել նրա ներկայացուցիչ Բեկոր Փափազյանը: Նվիրատվությունը կուղղվի Ղարաբաղում գյուղատնտեսության, կրթության եւ զբոսաշրջության ոլորտների զարգացմանը:

Երկրորդ խոշոր նվիրատուն` Սերգեյ Սարկիսովը, խոստացել է նվիրաբերել 3 միլիոն դոլար, որը կուղղվի Ստեփանակերտում հանրակրթական դպրոցի ամբողջական վերակառուցմանը:

Ճաշկերույթի խոշոր նվիրատուներից են Սամվել Կարապետյանը` 1 միլիոն դոլար, Ռոբերտ Հովհաննիսյանը` 500 հազար դոլար, Լեւոն Հայրապետյանը` 500 հազար դոլար:

«Հիմնադրամի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր նվիրատուներին: Ձեր շնորհիվ է, որ վաղը մենք կունենանք այլ Հայաստան եւ այլ Արցախ», - ասել է, մասնավորապես, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Մոսկովյան ճաշկերույթով ավարտվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք 2011-ը, որը արձանագրեց 30 միլիոն 921 հազար 478 դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, այդ թվում նոյեմբերի 24-ին անցկացված «Հեռուստամարաթոն 2011»-ի արդյունքները` 12 միլիոն 286 հազար 478 դոլար։

Անցած տարիներին հեռուստամարաթոնների արդյունքներում ընդգրկվում էին նաեւ մոսկովյան ավանդական ճաշկերույթների արդյունքները, սակայն այս տարի ճաշկերույթը անցկացվեց հեռուստամարաթոնից մոտ մեկ ամիս անց։

«Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնների ընթացքում հանգանակված գումարների մեծության առումով առայժմ ռեկորդային է մնում «Հեռուստամարաթոն - 2008»-ը` ավելի քան 35 միլիոն դոլար։ Այդ տարի մոսկովյան ճաշկերույթի ժամանակ միայն Սամվել Կարապետյանը հիմնադրամին նվիրաբերել էր 15 միլիոն դոլար:

«Հեռուստամարաթոն - 2010»-ի ընթացքում հանգանակվել էր մոտ 21 միլիոն դոլար։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG