Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 22-ի մամուլ


«Երկիր» թերթի խմբագիրը գրում է. - «Այն, որ «Բարգավաճ Հայաստանը» առայժմ չի հրաժարվում խորհրդարանական ընտրություններին առանձին ցուցակով մասնակցելու իր նախնական դիրքորոշումից, նշանակում է երկու բան: Նախ` որ լինելու է մրցակցություն, ինչը բխում է ընտրություններում ներգրավված բոլոր ուժերի շահերից եւ առհասարակ քաղաքական դաշտի կայացման հրամայականից, եւ երկրորդ` գործնականում կոալիցիոն իշխանությունը դադարում է գոյություն ունենալուց, ինչն իր հերթին հանգեցնելու է կառավարության ձախողումների համար պատասխանատվության ճգնաժամի: Սակայն այս դիրքորոշումը դեռ ոչինչ չի ասում այն մասին` արդյո՞ք խոսքն իրական մրցակցության, թե՞ դրա իմիտացիայի մասին է: Եթե ԲՀԿ-ն առանձին ցուցակով մասնակցելու որոշումը կայացնում է` նախապես համակերպված լինելով ՀՀԿ-ի կողմից թելադրվող, կրտսեր գործընկերոջ կարգավիճակը վերահաստատելու համար, ապա դա կարող է ընտրությունները պարզապես թատրոնի վերածել եւ քարուքանդ անել առանց այն էլ խարխուլ, հանրային վստահությունից զրկված ընտրական ողջ համակարգը»:

Շարունակելով թեման` «Ժամանակ»-ը գրում է. - «Փաստորեն, Գագիկ Ծառուկյանը մինչեւ տարեմուտ էլ չի խախտելու լռությունն ու չի խոսելու քաղաքական զարգացումների մասին: Ծառուկյանն ակնհայտորեն ժամանակ է ձգում, եւ քանի որ ձգում է ինքնակամ, պետք է ենթադրել, որ ժամանակը նրա օգտին է աշխատում… Բանն այն է, որ ժամանակի օգտավետության մասին պարզ կլինի այն բանից հետո, երբ Ծառուկյանը խախտի լռությունը: Կախված այն բանից, թե նա ինչ կասի, հնարավոր կլինի արդեն պատկերացնել, թե ում օգտին է աշխատել ժամանակը… Նա պետք է դիրքորոշում արտահայտի, իսկ այդ դեպքում հայտնվելու է կամ Հանրապետականի, կամ Կոնգրեսի քննադատության թիրախում: Միջանկյալ դիրքորոշման դեպքում էլ, հայտնվելու է երկուսի թիրախում միաժամանակ, ինչպես մի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը, որը, ի դեպ, ինչը եւս հետաքրքրական է, նույնպես արդեն բավական երկար ժամանակ է լռում է: Նույնիսկ չի էլ բացառվում, որ Ծառուկյանին լռելու խորհուրդ տվել է հենց Քոչարյանը, թեկուզ եւ ոչ քաղաքական հաշվարկներից ելնելով, այլ ելնելով ընդամենը անձնական մտերմությունից, անձնական փորձից դատելով, որ ՀՀԿ եւ Կոնգրեսի աքցանում չհայտնվելու համար ավելի լավ է լռելը, քանի որ այդպես աքցանի շուրթերը միմյանց են հարվածելու»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ միասնական ընտրացուցակ ձեւավորելու տարբերակը որքանո՞վ ու ի՞նչ պայմանների համամասնության դեպքում կարող է ընդունելի լինել ՕԵԿ-ի համար»: Պատասխան. - «ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ միասնական ընտրացուցակ ձեւավորելու տարբերակը որքանո՞վ ու ի՞նչ պայմանների համամասնության դեպքում կարող է ընդունելի լինել ՕԵԿ-ի համար… Ընտրությունների ժամանակ մրցակցությունը կլինի առողջ ու ազնիվ: Անհրաժեշտ եմ համարում հիշեցնել, որ կոալիցիոն երեք կուսակցությունները փետրվարին ստորագրած հռչակագրով նաեւ պարտավորվեցին պահպանել, հավատարիմ մնալ քաղաքական քաղաքակիրթ սկզբունքներին»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայաստանի հանրապետական կուսակցությունը սկսել է 2012 թվականի բյուջեի մսխումը նախընտրական կաշառքի տեսքով: Բանից պարզվում է, որ ամիսներ առաջ Կրթության եւ գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանին առաջարկել է, որպեսզի բյուջեի հատկացումները կրթության ոլորտում ավելացվեն` ուսանողների կրթաթոշակները բարձրացնելու մասով: Վարչապետն էլ չի դիմադրել: Բայց սա արվել է զուտ ընտրությունների համար: «ՉԻ» տեղեկություններով` ՀՀ պետական բյուջեից 60 միլիոն դրամ է հատկացվելու կարիքավոր ուսանողների կրթաթոշակը գալիք տարվա մեջ ավելացելուն: Ընդգծում ենք, սա ոչ թե շարունակական գործընթաց է կամ էլ փաստի արձանագրում, որ պետությունը որոշել է բարձրացնել թոշակները, այլ սովորական նախընտրական կաշառք, որը բաժանվելու է երիտասարդներին մոտակա մի քանի ամիսների շրջանակներում: Այսինքն` 2012 թվականի պետական բյուջեն, որը գոյանում է հարկատուների հաշվին եւ որը հավաքվել է քաղաքացիներից, ընտրակաշառքի ձեւով բաժանվելու է ազգաբնակչության կոնկրետ խմբի»:

«Հրապարակ»-ը գրում է. - «Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատանքին անգամ անզեն աչքով հետեւելիս դժվար չէ գլխի ընկնել, որ բոլորովին էլ հավասար մոտեցում չի դրսեւորվում տնտեսվարողների նկատմամբ: Ոմանք, իրոք, տուգանվում են ու վարկաբեկվում, իսկ ոմանք էլ՝ ճիշտ հակառակը: Ասենք, ինչո՞ւ են հենց ձվի կամ կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողները հայտնվում ՏՄՊՊՀ հորիզոնում, որտեղ, ի տարբերություն շատ ոլորտների, իրական մրցակցություն կա եւ բազմաթիվ սուբյեկտներ: Իսկ, ասենք, մսի, դեղորայքի, ծխախոտի եւ այլ շուկաներ այդպես էլ չեն ուսումնասիրվում: Որովհետեւ այստեղ Շաբոյանին մտնել թույլ չե՞ն տալիս: Որովհետեւ ՏՄՊՊՀ-ն քաղաքական մարմի՞ն է»: «Իսկ ի՞նչ անել, որ մեր երկրում իրական մրցակցություն լինի եւ հավասար պայմաններ բոլորի համար», - հռետորական հարց է տալիս «Հրապարակ»-ի խմբագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG