Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիայի նախարարը Թուրքիային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստը, արխիվային լուսանկար

Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստը, արխիվային լուսանկար

Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, եւ այն ժխտելու դեպքում քրեական պատասխանատվություն սահմանող Ֆրանսիայի օրինագիծը ոչ մի կապ չունի գալիք ընտրությունների հետ, այսօր հայտարարել է Ֆրանսիայի կառավարության անդամ, եվրոպական հարցերով նախարար Ժան Լեոնետին «Ռադիո Կլասիկի» հարցազրույցում:

Նրա խոսքերով, այսօր բոլոր ժողովուրդները պետք է հստակ ու քաջ լինեն` նայելու իրենց պատմությանը: Հայերի ցեղասպանությունից մոտավորապես 100 տարի է անցել, դրա պատասխանատուները մահացած են, եւ պատմության այդ փաստը ճանաչելը դյուրին խնդիր է, նշել է Ժան Լեոնետին:

Փոխանցելով նրա խոսքերը` «Ֆրանսպրես»-ը նշում է, թե ակնկալվում է, որ հինգշաբթի օրը Ֆրանսիայի խորհրդարանում քննարկող օրինագիծը կհաստատվի: Ըստ այդ նախագծի՝ եթե որեւէ մեկը Ֆրանսիայում ժխտի հայերի ցեղասպանությունը, ապա նրան մեկ տարվա ազատազրկում ու 45 հազար եվրոյի տուգանք է սպառնում:

Ժան Լեոնետին նշել է, որ ընդդիմադիր սոցիալիստները որոշել են պաշտպանել օրինագիծը` միասնական մոտեցում ցուբաբերելով «Միավորում հանուն ժողովրդական շարժման» (UMP) իշխող կուսակցության հետ:

Նա նշել է, որ օրինագծի նախաձեռնողները պատգամավորներն են եւ ոչ թե կառավարությունը։

Քվեարկությունից առաջ Թուրքիայի ղեկավարները եւ Փարիզ մեկնած թուրքական պատվիրակությունը ճնշում են գործադրում Ֆրանսիայի վրա` օրինագծի ընդունումը կասեցնելու նպատակով: Թուրքիան զգուշացնում է Ֆրանսիային, որ դրա ընդունումը երկու երկրների միջեւ դիվանագիտական ճգնաժամ կառաջացնի ու տնտեսական հետեւանքներ կունենա:

Այւնուամենայնիվ, Ֆրանսիայի իշխանությունները մինչ այս պահը անտեսում են Թուրքիայի զգուշացումներն ու սպառնալիքները:

Ֆրանսիայում Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց, որ Ֆրանսիայի կառավարությունը երեկվա լիագումար նիստում քննարկել է հարցը եւ օրինագծի ընդունումը խոչընդոտելու որեւէ նախաձեռնություն չի ցուցաբերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG