Մատչելիության հղումներ

«Գնացք նստել Թբիլիսիում ու հասնել Փարիզ»


Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Նիկա Գիլաուրի (ձախից) եւ Արթուր Ռասիզադե, արխիվային լուսանկար
Վրաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Նիկա Գիլաուրի (ձախից) եւ Արթուր Ռասիզադե, արխիվային լուսանկար
Վրաստանը եւ Ադրբեջանը միասին ձեւավորում են տրանսպորտային միջանցքի տարածաշրջանային կենտրոն Եվրոպայի եւ Ասիայի միջեւ: Երեքշաբթի օրը նման հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի` Թբիլիսիում կայացած նիստի ժամանակ:

Նիստին մասնակցելու համար Թբիլիսի էր ժամանել Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն: Երկու վարչապետները նախ առանձնազրույց են ունեցել, իսկ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից առաջ Գիլաուրին ասել է, թե Վրաստանն ու Ադրբեջանը նավթագազային ուղիների, երկաթգծերի հանգույց են դառնում, որը միացնում է Ասիան ու Եվրոպան:

Նա նշել է, որ Վրաստանն ու Ադրբեջանը շատ լավ հարաբերություններ ունեն, ինչն առաջին հերթին արտահայտվում է տարածաշրջանային ծրագրերի իրականացմամբ:

Տնտեսական ոլորտում Ադրբեջանն ու Վրաստանը սերտորեն համագործակցում են: Ադրբեջանի էներգակիրները եվրոպական երկրներ եւ Թուրքիա են հասնում Վրաստանի տարածքով` Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարով եւ Բաքու - Թբիլիսի - Էրզրում գազատարով:

Հիմա երկու երկրները համատեղ մեկ այլ ծրագիր են իրականացնում` կառուցվում է Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգիծը: Այս ծրագիրը իրականացնելու համար, Վրաստանի տարածքի շինարարական աշխատանքների համար Ադրբեջանը Վրաստանին 580 միլիոն դոլարի արտոնյալ վարկ է տրամադրել 25 տարի ժամկետով՝ տարեկան մեկ տոկոսով:

Թբիլիսիում Ռասիզադեն ասել է, թե Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգծի շինարարությունը վերջին փուլում է: Նրա խոսքերով` ֆինանսական բոլոր հարցերը լուծված են, եւ երկաթգծի կառուցումը կավարտվի 2012 թվականի վերջին կամ, ծայրահեղ դեպքում, 2013-ի սկզբին:

Նա նշել է, թե ծրագրի իրականացումը երկաթուղային ուղիղ կապ կստեղծի Եվրոպայի ու Ասիայի միջեւ, ավելացնելով. - «Դուք կարող եք գնացք նստել Թբիլիսիում ու հասնել Փարիզ»:

Ադրբեջանի վարչապետը երկու երկրների համագործակցությունը օրինակելի է գհահատել:

«Ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ասպարեզում մեր համագործակցությունը օրինակելի է», - հայտարարել է Ռասիզադեն` նշելով, որ «երկու կողմերն էլ պետք է ժամանակի հետ քայլեն եւ տարածաշրջանի համար նշանակալից ծրագրեր իրականացնեն»։

Գիլաուրին ասել է, որ երկու երկրների հարաբերությունները համատեղ ծրագրերով չեն սահմանափակվում։ Մասնավորապես, Վրաստանում աճում են ադրբեջանական ներդրումները, վերջին տարիներին երկու երկրների միջեւ 60 տոկոսով աճել են առեւտրի ծավալները, տարեցտարի Վրաստանում կտրուկ ավելանում է ադրբեջանցի զբոսաշրջիկների քանակը:

Միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ընդունել է Ադրբեջանի վարչապետին: Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի ու Վրաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG