Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանսիայի կառավարությունը չկասեցրեց ցեղասպանության օրինագծի ընդունումը


Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստը, արխիվային լուսանկար

Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստը, արխիվային լուսանկար

Ֆրանսիայի կառավարությունը խորհրդարանին չի հորդորել կասեցնել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումը։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանը։

«Ֆրանսիայի կառավարությունը` գործադիր իշխանությունը, իր լիագումար նիստի ընթացքում քննարկեց հարցը, կարող էր խորհրդարան հղվելուց առաջ պահանջել խորհրդարանից, որ խորհրդարանը ետ կանչի, դուրս բերի իր օրակարգից այս օրինագծի քննարկումը` պատճառաբանելով, որ ֆրանս - թուրքական հարաբերությունները կարող են իրապես խախտումներ եւ վերիվայրումներ արձանագրել, հետեւաբար` պետք չէ, բայց այդպես չեղավ», - ասաց Վարժապետյանը` շարունակելով. - «Բարեբախտաբար, [կառավարությունը] մնաց իր բարձրության վրա եւ կանաչ լույս տվեց Ֆրանսիայի խորհրդարանին` Ազգային ժողովին, որ հինգշաբթի օրը այս հարցը պահի օրակարգի վրա, քննարկի եւ դնի քվեարկության»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե օրինագծի քվեարկության նախօրեին ֆրանսահայ համայնքը, ակնկալիքներից, սպասումներից բացի, մտադի՞ր է արդյոք կոնկրետ որեւէ բան ձեռնարկել, ասենք` հավաքներ, ցույցեր կազմակերպել, նամակներ հղել պատգամավորներին, Հայ դատի գրասենյակի ղեկավարը պատասխանեց, որ համայնքը միասնաբար որոշել է մինչեւ քվեարկությունը հավաքներ, ցույցեր չանցկացնել։

«Մենք այս երկրի լիիրավ քաղաքացիներն ենք, եւ մեր ընտրած պատգամավորներից, առանց ագրեսիվ միջոցների դիմելու, պահանջում ենք արդարություն», - ընդգծեց նա։

Հրաչ Վարժապետյանը հայտնեց, որ այս անգամ թուրքերն են որոշել ցույց անցկացնել Ֆրանսիայի խորհրդարանի դիմաց։

«Առաջին անգամը լինելով, այս անգամ Ազգային ժողովի շենքի առջեւ թուրքերն են, որ կազմակերպում են բողոքի ելույթներ եւ բողոքի հավաք` հինգշաբթի առավոտյան ժամը 7-ից սկսած, եւ սպասվում է, որ թուրքական հակազդեցությունը կլինի ագրեսիվ ավելի, քան հայտարարությունները, որոնք արդեն տեղի են ունենում», - ասաց Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի ղեկավարը։

Պաշտոնական Փարիզի դեմ Անկարայի սպառնալիքները օրեցօր ահագնանում են, Թուրքիան սպառնում է նաեւ տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, եթե հինգշաբթի օրը ֆրանսիական խորհրդարանը ընդունի Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն ենթադրող օրինագիծը։

Երեքշաբթի օրը Թուրքիայի կառավարության աղբյուրը, որի անունը չի նշվում, «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը ասել է, թե օրինագիծը ընդունվելու դեպքում Թուրքիայում գործող մոտավորապես հազար ֆրանսիական ընկերությունների հետ կխզվեն պետական պայմանագրերը, հատկապես` տրանսպորտի ոլորտում։

«Ֆրանսպրես»-ը նշում է, որ Թուրքիան Ֆրանսիայի հետ տնտեսական համագործակցության կարեւոր գործընկերներից մեկն է, 2010 թվականին երկու երկրների միջեւ առեւտրի ծավալները կազմել են 12 միլիարդ եվրո։

Պաշտոնական Փարիզը երեքշաբթի երեկոյան արձագանքել է Անկարայի սպառնալիքներին։ Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Բեռնար Վալերոն ասել է, որ Թուրքիան միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ ունի եւ չի կարող խտրականություն կիրառել ֆրանսիական ընկերությունների դեմ։

«Թուրքիան Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, ինչպես նաեւ Եվրամիության հետ կապված է մաքսային պայմանագրով։ Այս երկու իրավական պարտավորությունները պահանջում են ոչ խտրական վերաբերմունք եվրոպական ընկերությունների հանդեպ», - շեշտել է Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG