Մատչելիության հղումներ

Նորընտիր Պետդուման սկսում է աշխատանքները


Ռուսաստանի Պետդումայի շենքը Մոսկվայում

Ռուսաստանի Պետդումայի շենքը Մոսկվայում

Չորեքշաբթի օրը աշխատանքներն է սկսում Ռուսաստանի վեցերորդ գումարման Պետդուման:

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատում դեկտեմբերի 4-ի վիճահարույց ընտրությունների արդյունքում մանդատներ են ձեռք բերել չորս կուսակցություններ` իշխող «Եդինայա Ռոսիա»-ն, կոմունիստները, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն եւ Ժիրինովսկու լիբերալ-դեմոկրատները:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում քաղաքական այս ուժերն ակտիվորեն քննարկում էին ապագա խորհրդարանի կառուցվածքը` հստակեցնելով, թե ով պետք է զբաղեցնի Պետդումայի նախագահի պաշտոնը, ինչպես նաեւ` թե մշտական հանձնաժողովներից որի ղեկավարությունը որ կուսակցությանն է բաժին հասնելու:

Դատելով ռուսական մամուլում հայտնված հրապարակումներից` այս քննարկումները բավական բուռն էին, եւ վերջնական համաձայնության կողմերն այդպես էլ չեն հանգել:

«Եդինայա Ռոսիա»-ն արդեն իսկ հստակեցրել է, որ Պետդումայի խոսնակի պաշտոնում առաջադրելու է նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Սերգեյ Նարիշկինի թեկնածությունը:

Նարիշկինը միայն նախօրեին է ազատվել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, եւ նրա ընտրության հարցն արդեն իսկ կարելի է լուծված համարել: Խոսնակի պաշտոնում ընտրվելու համար Նարիշկինին անհրաժեշտ է առնվազն 225 ձայն` այն պայմաններում, երբ «Եդինայա Ռոսիա»-ն 238 տեղ ունի նոր գումարման Պետդումայում:

Ի տարբերություն 2007 թվականի, սակայն, խորհրդարանական ընդդիմությունն այս անգամ որոշել է առանց մարտի չհանձնվել: Կոմունիստները պատրաստվում են խոսնակի պաշտոնում առաջադրել կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի մերձավոր զինակից Իվան Մելնիկովին, «Սպրավեդլիվայա Ռոսիա»-ն` կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովին, իսկ լիբերալ-դեմոկրատների անունից պայքարի մեջ է մտնելու անձամբ Վլադիմիր Ժիրինովսկին:

Մոսկովյան «Կոմերսանտ»-ը գրում է, որ «Եդինայա Ռոսիա»-ն կարող էր խուսափել իրադարձությունների նման զարգացումից, եթե զիջումների գնար հանձնաժողովների բաշխման հարցում:

Գլխավոր կռվախնձորը միջազգային հարաբերությունների հանձնաժողովն է, որի նախագահի պաշտոնը պահանջում են Ժիրինովսկու կողմնակիցները:

Կոմունիստները եւս չեն քվեարկի իշխող կուսակցության թեկնածուի օգտին, թեեւ կարողացել են հասնել իրենց վաղեմի ծրագրի իրագործմանը: Առաջին անգամ վերջին տասնամյակում` Պետդումայի պաշտպանության հանձնաժողովը կղեկավարի կոմկուսը ներկայացնող ծովակալ Կոմոեդովը:

Պետդումայի առաջին նիստը մինչեւ ղեկավար մարմինների ընտրությունը կվարի ռուսաստանյան խորհրդարանի ամենատարեց պատգամավորը` խորհրդային քաղբյուրոյի նախկին անդամ, այժմ «Եդինայա Ռոսիա»-ն ներկայացնող 87-ամյա Վլադիմիր Դոլգիխը։ Ի դեպ, Դոլգիխը մոսկվացի այն պաշտոնյան էր, որին 23 տարի առաջ` 1988-ի փետրվարին Միխայիլ Գորբաչովը ուղարկել էր Երեւան` Ղարաբաղյան շարժման ներկայացուցիչների հետ բանակցելու եւ բազմահազարանոց ցույցերին ու գործադուլներին վերջ տալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG