Մատչելիության հղումներ

«ՀԱԿ-ի խնդիրն է` թույլ չտալ ԲՀԿ-ին եւ ՀՀԿ-ին միանալ»


Հրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյան

Հայաստանի նախկին վարչապետի համոզմամբ, Հայ ազգային կոնգրեսը պետք է թույլ չտա, որ առաջիկա ընտրություններում միանան ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն:

Նոյեմբերի 25-ի հանրահավաքում, հիշեցնենք, Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսեց «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համագործակցելու նպատակահարմարությունից:

«Եթե պարզվի, որ «Բարգավաճ Հայաստանն» անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա Հայ ազգային կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները», - մասնավորապես, հայտարարել էր Տեր-Պետրոսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր Կոնգրեսի ներկայացուցիչ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց. - «Տեր-Պետրոսյանի վերլուծությունը ես այսպես եմ հասկացել. կա 3 հիմնական քաղաքական ուժ, որ գնում են ընտրության` ՀԱԿ-ը, «Բարգավաճ»-ն ու Հանրապետականը: Այս երեք ուժերը երեք տարբերակ ունեն` երեքն էլ գնում են առանձին, երեքն էլ գնում են միասին (սա, ճիշտ է, բացառված է) եւ երկու ուժը միասին են` մյուսի դեմ: Այսինքն` այս ուժերից ցանկացած երկուսի միանալը նշանակում է դուրս գալ մյուսի դեմ»:

Հարցին, թե ինչու պետք է այդ ուժերից երկուսը միանան, Բագրատյանը պատասխանեց. - «Որովհետեւ այդպես է ուզում Հանրապետականը: Հանրապետական ասում է` եկեք պայմանավորվենք»:

«Իսկ եթե երեքը առանձին են գնում ընտրություն», - շարունակեց նախկին վարչապետը, - «ապա Հանրապետականն ու «Բարգավաճ»-ը, անկախ նրանից, որ իրենք իշխանության կրողներ են, դուրս են գալիսի իրար դեմ եւ պետք է կիսեն իշխանամետ ընտրազանգվածը: Այդ առումով Տեր-Պետրոսյանի ելույթը հակված էր նրան, որ դրդի «Բարգավաճ»-ին` ասելով, որ այս երեք տարբերակը կա, ինչքան հնարավոր է շուտ որեւիցե մեկը ընտրիր: Ոչ ՀԱԿ-ը երազում է «Բարգավաճ»-ի հետ միանալ, կամ ոչ էլ չի երազում… Այդպես չէ: ՀԱԿ-ի խնդիրն է հիմա` թույլ չտալ «Բարգավաճ»-ին եւ Հանրապետականին միանալ: Որովհետեւ երկուսով կմիանան եւ ամբողջ այդ ընտրակեղծիքները կկրկնապատկվեն, կքառապատկվեն, ֆինանսական միջոցները կմիանան եւ այլն, եւ այլն: Իսկ եթե «Բարգավաճ»-ը առանձին ձայներ է հավաքելու, նրա յուրաքանչյուր հավաքած 10 ձայնից 9-ը Հանրապետականի ձայնն է, իշխանության ձայնը»:

Հարցին, թե ինչ է առաջարկում ՀԱԿ-ը, որպեսզի Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը չմիանա ՀՀԿ-ին, Բագրատյանը պատասխանեց. - «Ոչ մի բան էլ չի առաջարկում: ՀԱԿ-ը առաջարկում է, ասում է` ես գնալու եմ ազատ ընտրությունների, եթե դու հիմա թոթոփես այն կեղծիքը, որ ունեցել ես… կարող է եւ մեր հետ համագործակցություն ստացվի: «Բարգավաճ»-ը պիտի հասկանա, որ կարող է լինել Հանրապետականի կողքին` միշտ երկրորդական դերում ու աստիճանաբար ոչնչանալով: Որովհետեւ… եթե դրանց նպատակը անընդհատ իրար հետ լինելն է, ապա անհասկանալի է դառնում, թե ինչ իմաստ ունի ընդհանրապես կուսակցություն պահելը»:

Դիտարկմանը, թե Կոնգրեսի կողքին կանգնելով արդյոք «Բարգավաճ Հայաստան»-ը նույն երկրորդական դերը չի ստանձնի, նախկին վարչապետը արձագանքեց. - « Ոչ, չի ստացվի: Մենք չենք ասում` մեր կողքին կանգնի: Մենք ասում ենք` միացիր անարդարությունների դեմ պայքարելու համար»:

Առաջիկա ամիսներին ներհայաստանյան քաղաքական կյանքը` Հրանտ Բագրատյանի կանխատեսմամբ. - «Այս վիճակը կշարունակվի: Ռեսուրսները Հանրապետականի պակասում են, ոչինչ չունի` ո'չ մարդ ունի, ո'չ խելք ունի, ո'չ տաղանդ ունի, ո'չ պոտենցիալ ունի: Տնտեսության վիճակը վատ է… Գողանում են, շատ են գողանում, բարձրաբերձ պաշտոնները շատ են գողանում: Նրանք, ովքեր դեռ երեկ հույս էին կապում, նոր էին եկել իշխանություն, նրանք նույնպես դարձան գող ու օլիգարխ: Համատարած կոռուպցիա է, կաշառակերություն, եւ խրախուսվում է, պահանջվում է այդ կաշառակերությունը հենց ամենավերեւից… Նայեք տնտեսական ցուցանիշներին. նրանք իրավունք չունեն մայիսին քվեարկության գնալ: Բա այս կուսակցությունը չէ՞ր, որ երկու անգամ վիճակը պիտի լավացներ»:

please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG