Մատչելիության հղումներ

logo-print

ԼՂ վարչապետը դժգոհ է գյուղատնտեսական աշխատանքների ծավալներից


Լեռնային Ղարաբաղի կառավարության շենքը

Լեռնային Ղարաբաղի կառավարության շենքը

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը դժգոհ է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունքներից:

Այսօր կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում վարչապետը հերթական անգամ չթաքցրեց իր զայրույթը եւ նկատողություններ հնչեցրեց շրջվարչակազմերի որոշ ղեկավարների, ինչպես նաեւ գյուղատնտեսության ոլորտի մի շարք պատասխանատուների հասցեին:

Բանն այն է, որ Ղարաբաղում արդեն ավարտվել են աշնանացանի եւ սկսվել գարնանացանի աշխատանքները: Գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանի խոսքով` աշնանացանի համար հերկվել է մոտ 48 հազար 300 հա, ցանվել` մոտ 40 հազար 360 հեկտար: Գարնանացանի համար հերկ կատարվել է 8 հազար 500 հա հողատարածությունում, այն դեպքում, երբ պոտենցիալ հողատարածքը կազմում է մոտ քսանհինգ հազար հեկտար:

Աշնանացանի տարածքի մակերեսը համարյա հավասարվել է անցած տարվա ցուցանիշին, չնայած պայմանավորվածություն կար ավելի մեծ տարածք թողնել գարնանացանի համար:

«Վարչակազմի ղեկավարները գյուղբաժնի վարիչների հետ միասին աշխատանք չեն կատարել այս վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում։ Եվ սա արդեն զգուշացում է, կամ նկատողություն է բոլորին», - ասաց Արա Հարությունյանը՝ հավելելով․ - «Ամեն անգամ մենք խոսում ենք, որ պետք է գարնանացան մշակաբույսերի տեսակարար կշիռը ավելացնել ընդհանուր մեր հողատարածքների մեջ»։

Ցանքաշրջանառության բացակայությունը, վարչապետի համոզմամբ, շարունակում է մնալ ցածր բերքատվության հիմնական պատճառը: Բացատրական աշխատանք չի տարվում, համաշխարհային փորձը չի ուսումնասիրվում, արդյունքում էլ ձախողվում են աշխատանքները:

Արա Հարությունյանն այսօր անդրադարձավ նաեւ այն հանգամանքին, որ սեփականաշնորհված զգալի տարածքներ մնում են անմշակ, թեեւ վարչապետը բազմիցս հորդորել է շտկել բացը, պատասխանատուներին հանձնարարել զբաղվել այդ հարցով:

Նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ հանձնարարությունները գործի չեն վերածվում, Հադրութի շրջանի պատասխանատու Վալերի Գեւորգյանը վստահեցրեց, որ մեղավորը միայն ու միայն եղանակային պայմաններն են։ Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանն էլ ասաց՝ պատճառը ֆինանսների եւ գյուղտեխնիկայի բացակայությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG