Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանի գնահատմամբ, անցնող տարում Հայաստանում ժողովրդավարության մակարդակը ոչ միայն չի բարելավվել, այլեւ հակառակը, կային լուրջ նախադրյալներ, որպեսզի «Էկոնոմիստի» վերլուծաբանները ավելի ցածր գնահատեին մի շարք ոլորտներ։

«Մի երկիր, որի 3 տոկոսը ամեն տարի արտագաղթում է, մի երկիր, որի կոռուպցիան 135-րդն է աշխարհում․․․ համեմատելու համար ասեմ, որ 99-ին 75-րդն էր։ Այդքան նահանջ ենք ապրել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր գործիչը։ - «Այստեղ ոչ միայն բացարձակ արժեքներն են վտանգավոր, այլ դինամիկան, որը բոլոր առումներով բացասական է․ տնտեսական ցուցանիշներով, արտագաղթի, ազատ խոսքի, բանակի վիճակի, կոռուպցիայի հետ կապված։ Բոլոր առումներով Հայաստանը գահավիժող երկիր է»։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չի վատթարացել ցուցանիշը, ՀՀՇ վարչության նախագահը արձագանքեց, թե 2008-ից հետո էլ տեղ չկա իջնելու։

Ի տարբերություն ընդդիմադիր գործչի, իշխող Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ համաձայն չէ զեկույցում հնչած գնահատականների հետ, ասաց՝ դրանք սիրողական մակարդակի են:

«Եթե արձանագրում եք այն բացասականը, որը առկա է հասարակության մեջ, ապա սրա կողքին պետք է ավելացնել եւ արդարացիորեն մատնանշել եւ բարձրաձայնել նաեւ այն դրականը, որը մեր հասարակությունը ապրել է», - նշեց Սահակյանը։ - «Կարելի էր, չէ՞ նշել երեք կետ առաջընթաց, յոթը կետ՝ տեղում դոփել։ Բայց եթե դու ընդհանրապես համակարգը, քայլերը չես նկատում, դա որոշակի խնդիրներ են հետապնդում»։

Իսկ այդ խնդիրները, ըստ Հանրապետական խմբակցության պատգամավորի, խորը քաղաքական ենթատեքստեր ունեն. - «Որքան կմոտենան մեր ընտրությունները, սիրողական մակարդակի գնահատականները եւ դիլետանտները ավելի կշատանան, ովքեր կփորձեն որոշակի խնդիրներ լուծել»։

Իշխող կուսակցության ներկայացուցչի խոսքով, օրինակ արտախորհդարանական ընդդիմության եւ իշխանության միջեւ այս տարի ծավալված երկխոսությունը ժողովրդավարության լավագույն դրսեւորումն էր:

ՀՀՇ-ի վարչության նախագահը հակադարձում է. երկխոսությունը տապալվեց իշխանությունների մեղքով:

Հիշեցնենք` «Էկոնոմիստ» հանդեսի վերլուծական հավելվածը անցած շաբաթավերջին նոր զեկույց է հրապարակել աշխարհի 165 երկրներում ժողովրդավարության վերաբերյալ, որտեղ Հայաստանը կրկին դասվել է հիբրիդային ռեժիմ ունեցողների շարքում, եւ գնահատման հինգ չափորոշիչներով՝ ընտրությունների արդարությունը, բազմակարծությունը, կառավարման արդյունավետությունն ու հասարակության ակտիվությունը քաղաքական դաշտում, Հայաստանը ստացել է նույն գնահատականները, ինչ նախորդ` 2010 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG