Մատչելիության հղումներ

Ֆասիե. «Ղարաբաղյան խնդիրը չի կարող լուծվել ՄԱԿ-ի բանաձեւերի միջոցով»


Բեռնար Ֆասիե, արխիվային լուսանկար

Բեռնար Ֆասիե, արխիվային լուսանկար

«Մինսկի խմբի գլխավոր ձեռքբերումը լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումից խուսափելն էր», - Բաքվում երկուշաբթի երեկոյան կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն:

«Թեեւ բանակցային պրոցեսում որեւէ ճեղքում չի եղել, այնուհանդերձ, որոշակի առաջընթաց հնարավոր եղավ ձեռք բերել», - նշել է ֆրանսիացի դիվանագետը ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում` հատուկ ընդգծելով, որ Մինսկի խմբի ամենամեծ ձեռքբերումը, իր գնահատմամբ, Մադրիդյան սկզբունքների մշակումն էր։

«Մինչեւ 2007 թվականի դեկտեմբերը, երբ մշակվեցին այդ սկզբունքները, համանախագահները գործունեության միասնական ծրագիր ընդհանրապես չունեին», - ասել է Ֆասիեն։

Խոսելով վերջին տարիների բանակցային ակտիվ փուլի մասին` Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահը խոստովանել է, որ միջնորդների հիմնական հույսերը կապված էին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների` այս տարվա հունիսին Կազանում կայացած եռակողմ հանդիպման հետ։ «Ցավոք սրտի, մեր այդ հույսերը չարդարացան», - ասել է Ֆասիեն` նշելով նաեւ, որ կազանյան հանդիպման ժամանակ սեղանին Մադրիդյան սկզբունքների` 2010-ի սկզբին մշակված նորացված տարբերակն էր:

Բանակցային պրոցեսում առկա մյուս դրական կողմը, որի մասին Բաքվում խոսել է ֆրանսիացի դիվանագետը, հակամարտության գոտի կատարած հաճախակի այցելություններն են:

«Վերջին մեկուկես տարում մենք հինգ անգամ հատեցինք շփման գիծը։ Դա ավելին էր, քան 1994-ից մինչեւ 2010-ը ընկած 16 տարիներին», - ընդգծել է Ֆասիեն:

Նրա խոսքով` Մինսկի խմբի ձեռքբերումներից էին նաեւ Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններում 2005-ին եւ 2010-ին իրականացված փաստահավաք առաքելությունները։

Բեռնար Ֆասիեն բավական հոռետեսորեն է տրամադրված Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը միջազգային այլ ատյաններ տեղափոխելու հեռանկարների վերաբերյալ:

«Չեմ կարծում, որ Ղարաբաղյան հակամարտության նման կոնֆլիկտները հնարավոր է լուծել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի միջոցով` առանց կողմերի ցանկության եւ փոխզիջումների գնալու պատրաստակամության: Եթե ՄԱԿ-ի բանաձեւերով լիներ, ապա Իսրայելի եւ Պաղեստինի հակամարտությունը վաղուց արդեն լուծված կլիներ», - շեշտել է ֆրանսիացի դիվանագետը:

Ադրբեջանցի լրագրողների հարցին, սակայն, թե ե՞րբ է հնարավոր Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի հերթական հանդիպումը, Ֆասիեն որեւէ հստակ պատասխան չի կարողացել հնչեցնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG