Մատչելիության հղումներ

Բրիտանացի մասնագետները «Ռեմինգթոն» ընկերությունից հարցում են անցկացրել շուրջ 2 հազար կանանց շրջանում եւ հանգել տղամարդկանց համար բավական տխուր եզրակացության. հարցվածների 75 տոկոսը համոզված է, որ իդեալական տղամարդ բնության մեջ գոյություն չունի։

Ահավասիկ մի շարք թերացումներ, որոնք տհաճություն են պատճառում կանանց։

Նրանք առաջին տեղում նշում են ընտանիքի անդամների, ինչպես նաեւ կնոջ բարեկամների հետ շփումներ հաստատելու անկարողությունը։

Կանայք հաճախ են գանգատվում, թե տղամարդիկ չեն հետեւում անձնական հիգիենայի կանոններին, օրինակ` օգտագործում են կնոջ ատամի խոզանակը, չեն ծածկում զուգարանի դուռը, մաքուր չեն պահում զուգարանը, կեղտոտ սպիտակեղենը թողնում են ննջասենյակի հատակին, լավ չեն սափրվում, խռմփացնում են, բղկում։

«Սանդի Թայմս»-ի փոխանցմամբ` կանայք ենթադրում են, որ տղամարդկանց մոտ հստակ ձեւավորվել է կոմպյուտերային կախվածություն, որ տղամարդիկ ծույլ են, քանի որ պատշաճ ջանքեր գործադրելու դեպքում կարող են ավելի շատ փող վաստակել։

Յուրաքանչյուր 5-րդ հարցված կին գանգատվել է, որ տղամարդն ընդամենը ձեւացնում է, թե լսում է կնոջ խոսքերը։

Մի հանգամանք էլ, որը ծանրագույն հարված է հասցնում տղամարդկանց արժանապատվությանը. կանանց մեծ մասը համոզված է, որ տղամարդիկ լավ չեն մեքենա վարում։

Այսպիսով, ստացվում է, որ «Միսթր Ռայթ», ասել է թե` «Ճիշտ տղամարդ», չկա՞։

Ըստ «Ռեմինգթոն» ընկերության անցկացրած հարցմա`, կանանց մեծամասնությունը տղամարդու մեջ նախեւառաջ գնահատում է պատասխանատվությունը, ապա հումորի զգացումը եւ միայն երրորդ տեղում` գրավիչ արտաքինը։ Սակայն հարցվածների 75 տոկոսը համոզված է, որ այդպիսիք չկան։

Հանրության շրջանում հայտնի տղամարդկանցից բրիտանուհիները դրվատանքով են խոսել ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմի մասին։

Ամփոփելով հարցման արդյունքները` «Ռեմինգթոն» ընկերության մարքեթինգի տնօրեն Նիքի ՄըքՌեյնոլդսն ասել, է, թե ակնհայտ է, որ տղամարդիկ կատարյալ չեն, սակայն կարող են էապես բարելավել իրենց վարկանիշը, քանի որ շատ բաներ հնարավոր է շտկել։

«Երբ տղամարդիկ հետեւում են իրենց, ուշադիր են կնոջ նկատմամբ, կինը, որպես կանոն, կարողանում է ուշադրություն չդարձնել մանր թերություններին», - ասել է Նիքի ՄըքՌեյնոլդսը եւ ավելացրել. - «Շարքային տղամարդիկ չեն կարող մրցել Դեյվիդ Բեքհեմի հետ, սակայն նրանց կանայք այդպիսի բան չեն էլ ակնկալում, եւ, այնուամենայնիվ, շարքային տղամարդը կարող է փոքրիկ փոփոխությունների միջոցով հարաբերություններում մեծ նվաճում ապահովել»։

«Սանդի Թայմս»-ը չի հաղորդում` արդյոք «Ռեմինգթոն»-ի մասնագետները երբեւէ անցկացրե՞լ են հարցում կանանց հիմնական թերությունների մասին։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG