Մատչելիության հղումներ

Հակոբ Ղազանչյանը վերընտրվեց ԹԳՄ-ի նախագահ


Հակոբ Ղազանչյանը ելույթ է ունենում Թատերական գործիչների 14-րդ համագումարում:
Հակոբ Ղազանչյանը ելույթ է ունենում Թատերական գործիչների 14-րդ համագումարում:

Այսօր տեղի ունեցած Թատերական գործիչների միության 14-րդ համագումարում Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը վերընտրվեց միության նախագահի պաշտոնում:

Ղազանչյանը առաջադրված միակ թեկնածուն էր, եւ բաց քվեարկությամբ ընտրվեց միաձայն:

Ամփոփելով նախորդ համագումարից հետո անցած երկու տարիների ընթացքում կատարված աշխատանքը, որը համագումարը գնահատել էր «բավարար»` Ղազանչյանը նշեց, որ շատ բան չեն հասցրել անել ոչ իրենց մեղքով: Օրինակ, այս տարի նույնպես Ազգային ժողովը չընդունեց «Թատրոնի մասին» օրենքը, որը տարիներ ի վեր գտնվում է խորհրդարանում. - «Անհասկանալի է, թե ինչու չեղավ, որովհետեւ քննարկումները շատ բուռն էին թե' Թատերական գործիչների միությունում, թե' Ազգային ժողովում, թե' Մշակույթի նախարարությունում»:

Իսկ օրենքը, նրա խոսքով, խիստ կարեւոր է, «որովհետեւ ոչ միայն թատրոնների պարտավորությունն է, այլ նաեւ պետության պարտավորությունն է». - «Թատրոնը ամենաանպաշտպան արվեստի տեսակն է… Մենք երբեք չենք ասել, որ մենք աշխարհներ ենք շուռ տալիս, բայց մենք ասում ենք, որ մենք դինամիկ, պրոֆեսիոնալ, մեր գործին նվիրված աշխատում ենք»:

Մարզային թատրոնների մեծ մասը, բացի Գյումրիի, Վանաձորի, Ալավերդու եւ մի քանի այլ թատրոններից, «բացարձակ անուշադրության են մատնված տեղական իշխանությունների կողմից», եւ հենց դա է պատճառը, որ երիտասարդները չեն գնում մարզերում ապրելու. - «Ո՞ւր գնան, որտե՞ղ ապրեն, ի՞նչ աշխատավարձ ստանան: Սյունիքում պղնձամոլիբդենային կոմբինատը ֆուտբոլն է բարձրացնում, մի անգամ էլ թատրոնները բարձրացրեք… Միլիարդներ եք ներդնում երեւանյան կասկածելի միջոցառումների մեջ, մի անգամ տեղերում թատրոններին կանչեք, ասեք` ի՞նչ է պետք անել…»:

Դրամատուրգ Սամվել Խալաթյանը անդրադարձավ հեռուստասերիալների լեզվին. - «Տալիս են այնպիսի տեքստեր, որ ես վիրավորվում եմ: Ինչի՞ տեղ են դրել մեզ եւ մեր ժողովրդին: Այս կործանարար իրողությունը ես նայում եմ, առաջին հերթին, որ թատրոնների դեմ է: Հավատացնում եմ ձեզ. եթե այսպես շարունակվի, հինգ թե տասը տարի հետո թատրոն հաճախող չենք ունենա, թատրոնը իր գոյապայքարի համար ստիպված կլինի նման ժանրերով ելույթ ունենալ, որպեսզի հանդիսատես ունենա»:

Իսկ թատերագետ Լեւոն Մութաֆյանը իր խոսքում ասաց. - «Շուտով ընտրություններ են, իմ գործընկերներից ոմանք փեշերը քշտած կվազեն` քարոզելու Ազգային ժողովի գործունեությունը, կսկսեն ժառեր ասել ի պաշտպանություն այս կամ այն պատգամավորի` մոռանալով, որ այդ նույն խորհրդարանը ունի արհամարհական վերաբերմունք թատրոնների նկատմամբ: «Թատրոնի մասին» օրենքի նկատմամբ այս վերաբերմունքը իսկապես անհանդուրժելի է»:

please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG