Մատչելիության հղումներ

Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով` 2010-ին Հայաստանում աճել է տղաների եւ նվազել աղջիկների ծնունդը: ՄԱԿ-ի Բնակչության հայաստանյան հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հասարակությունը վեց անգամ ավելի նախապատվություն է տալիս տղա երեխա ունենալուն:

Հատկապես այն ընտանիքներում, որտեղ կան նույն սեռի երկու կամ երեք երեխա, հաջորդ երեխայի ծնունդն արդեն սեռի առումով խիստ կարեւոր է դառնում: Ըստ ՄԱԿ-ի Բնակչության հայաստանյան հիմնադրամի այսօր հրապարակված զեկույցի, որը միակն է տարածաշրջանում, Հայաստանի մոտ 900,000 վերարտադրողական տարիքի կանանց 0,8 տոկոսը վերջին 5 տարիների ընթացքում կատարել է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատում: Իսկ դա նշանակում է, որ երկիրը յուրաքանչյուր տարի պոտենցիալ կերպով կորցնում է մոտ 1400 ապագա մայր:

«Կորցնելով ապագա մայրերին` մենք հավելյալ ճնշում ենք ունենալու ժողովրդագրական ճիշտ զարգացման վրա»,- ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Գարիկ Հայրապետյանը:

Զեկույցի տվյալներով` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն առավել հաճախ լինում են 3-4-րդ երեխայի դեպքում, քաղաքաբնակ, բարձրագույն կրթություն ունեցող եւ բարձր եկամուտներ ունեցող կանանց շրջանում:

Բարձրագույն կրթությամբ եւ բարձր եկամուտ ունեցող զրուցակիցս ասաց, որ ինքն ունի երեք երեխա եւ ոչ մի դեպքում չորրոդ երեխա ունենալու մասին չի մտածել, որովհետեւ վաղվա օրվա բարեկեցիկ ապագայի հույսը չկա, եւ ինքն առավել ճշգրիտ է հաշվարկում բոլոր ռիսկերը:

Ուսումնասիրությունները պարզել են, որ հայկական իրականությունում տղա երեխա ունենալու կարեւորությունը հիմնականում պայմանավորված է տոհմը շարունակելու անհրաժեշտությամբ, ունեցվածքի ժառանգորդ լինելու հանգամանքով, ընտանիքում տղամարդու ազդեցիկ դիրքով, հասարակության մեջ տղաների շատ ավելի ակտիվ դերակատարությամբ եւ սոցիալական շարժունակունակությամբ: Վերարտադրողական առողջության պերինտոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօերն Ռազմիկ Աբրահամյանն ասում է, որ մանկական մահացություններում մեծ տեղ են զբաղեցնում տղա երեխաների մահացության դեպքերը:


XS
SM
MD
LG