Մատչելիության հղումներ

Հյուրանոցի օրը սկսվեց նախազգուշացնող ազդանշանով


Այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի օրը սկսվեց նախազգուշացնող ազդանշաններով ու զանգերով:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի փրկարար ծառայության, փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի պետ, գնդապետ Արթուր Ոսկանյանի խոսքով, հրդեհ էր բռնկվել հյուրանոցի 7-րդ հարկի երկու սենյակներում:

«Մաքսլիբերթիի հետ զրույցում Ոսկանյանը նշում է. - «Այս պահին մեր փրկարարները ծխապատ գոտուց դուրս բերեցին տուժածներին: Նախնական տվյալներով, այրվում է հյուրանոցի մոտավորապես 192 քառակուսի մետր տարածք: Հրշեջ փրկարարների օգնությամբ դուրս են բերվել 4 ծխահարվածներ, իսկ հյուրանոցի մնացած բնակիչներն ու աշխատակիցները տարհանվել են»:

Սա հյուրանոցի անվտանգության բաժնի աշխատակիցների կողմից կազմակերպած վարժանքն էր հյուրանոցի աշխատակիցների տեղեկացվածությունը բարձրացնելու եւ արտակարգ պատահարների դեպքում ճիշտ վարքագիծ դրսեւորելու նպատակով:

Հյուրանոցի մարքետինգի եւ վաճառքների բաժնի ղեկավար Զոլտոն Կոնշանսկին նշում է. - «Նման հակահրդեհային վարժանք կազմակերպում ենք տարին մեկ անգամ, որպեսզի բոլոր աշխատակիցները ծանոթ լինեն անվտանգության կանոններին, թե ինչպես գործել, օրինակ, հրդեհի դեպքում: Եվ նման վարժանքների արդյունքում, մենք, հարկ եղած դեպքում, կկարողանանք հեշտությամբ տարհանել ոչ միայն աշխատակիցներին, այլեւ հյուրերին»:

Տարին երկու-երեք անգամ «Արմենիա Մարիոթ»-ում կազմակերպում են նաեւ առաջին օգնություն ցույց տալու վարժանքներ ու սեմինարներ, իսկ տնօրեններն էլ ունեն տարահանման պլաններ, որպեսզի հարկ եղած դեպքում ճիշտ ուղղորդեն ներսում գտնվողներին:

Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի պետի խոսքով, նման միջոցառումները նաեւ կարեւոր են փրկարար ծառայության աշխատակիցների համար։ Նշում է, որ սա փրկարարների համար լավագույն հնարավորությունն է աշխատանքում հմտանալու ու իրական դեպքերի ժամանակ ճիշտ կողմնորոշվելու համար:

Ոսկանյանը նաեւ նշում է, որ հենց նման միջոցառումների ժամանակ է հնարավոր դառնում ծանոթանալ առկա տեխնիկական խնդիրներին` իրական դեպքերում դրանցից խուսափելու համար:

Վերջերս «Մաքսլիբերթին» ականատես եղավ, երբ հրդեհի ժամանակ հրշեջների շարժասանդուղքը չբարձրացավ 7-րդ հարկից, իսկ հրդեհն 8-րդ հարկում էր: Հարցին, թե ինչպես են վարվում նման դեպքերում Ոսկանյանը պատասխանեց. - «Մեր մեքենաները նախատեսված են մինչեւ 9-րդ հարկ բարձրանալու համար, մեխանիկական սանդուղքները բարձրանում են ընդամենը 30 մետր, իսկ 30 մետրից բարձր հրշեջ փրկարարների օգնությամբ, փրկիչ պարանների միջոցով մենք իրականացնում ենք մարդկանց տարհանումը»:

Վարժանքներին ներկա էին նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարարական ֆակուլտետի ուսանողները:

Ֆակուլտետի դեկան, փրկարար ծառայության գնդապետ Գեւորգ Հովակիմյանը նշում է. - «Ուսանողները տիրապետում են տեսական գիտելիքների, ինչպես ավելի լայնածավալ հրամանատարաշտաբական վարժանքների, միջազգային վարժանքների, այնպես էլ օբյեկտային վարժանքների: Մենք աշխատում ենք նման վարժանքների ժամանակ մասնակից դարձնել մեր ուսանողներին, որպեսզի նրանք նաեւ ականատես լինեն գործնական միջոցառումների կատարմանը: Իհարկե նրանք միայն ականատեսի, դիտորդի կարգավիճակում չեն, այս ընթացքում կատարված աշխատանքները վերլուծվում են ուսանողների հետ համատեղ, թե ինչն էր լավ, ինչն էր վատ, ինչն էր սխալ եւ ինչը պետք է ուղղել»:

Վերջում կազմակերպիչներն ու մասնագետները խորհուրդ են տալիս հրդեհի ժամանակ զգոն լինել, եթե ձմեռ է հագնել վերարկուներն ու դուրս գալ տարհանման համար նախատեսված ելքով:

XS
SM
MD
LG