Մատչելիության հղումներ

Կհրապարակվի Երիտասարդության ազգային զեկույցը


Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:

Փետրվարին կհրապարակվի «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցը», որում տեղ կգտնեն երիտասարդական պետական քաղաքականության զարգացման նպատակով իրականացվող համապարփակ ուսումնասիրությունների արդյունքները: Այն վերաբերվելու է 18-30 տարեկան քաղաքացիներին բոլոր հուզող հարցերին:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը նշեց, որ մայիս-հոկտեմբեր ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում մոտ 1200 երիտասարդների շրջանում հարցումներ են անցկացվել:

Նման զեկույց հրապարակվել է 2006 թվականին, որի մեջ ներկայացված էին հարցումներ, վիճակագրական տվյալներ երիտասարդների զբաղվածության, կրթության, մշակութային կյանքի, արտագաղթի, ծնելիության, երիտասարդ ընտանիքների եւ մի շարք այլ հարցերի մասին: Ոլորտում ընդունված չափանիշների համաձայն, յուրաքանչյուր 4-5 տարին մեկ պետք է մշակել հերթական զեկույցը, քանի այդ ընթացքում էական փոփոխություններ են տեղի ունենում:

Զեկույցը ներառել է երեք հիմնական ուղղություններ` որակյալ եւ մատչելի կրթության կազմակերպումը, երիտասարդության զբաղվածության խնդիրը, առողջության եւ հատկապես վերարտադրողականության առողջության խնդիրները:

Հարցումների համաձայն, Հայաստանում աշխատանքով ապահովված են երիտասարդների 48, 7 տոկոսը. - «Ցավալի է նաեւ այն, որ երիտասարդների 36,6 տոկոսը տնտեսապես ոչ ակտիվ են: Երիտասարդների 83 տոկոսին կբավարարի մինչեւ 200 հազար դրամ աշխատավարձը եւ միայն 16,4 տոկոսը ավելի բարձր գումար է ակնկալում»:

«Երեւանում լավ ապրելու համար 4 հոգանոց ընտանիքի բյուջեն ամսական պետք է կազմի 500 հազար դրամ, իսկ գյուղում 190, աղքատ չլինելու համար քաղաքում ընտանիքին անհրաժեշտ է 350 հազար, իսկ գյուղում` 120 դրամ:

18-20 տարեկան երիտասարդներից շատերը ցանկանում են ունենալ սեփական բիզնես, այլ ոչ թե բարձր վարձատրվող աշխատանք, սակայն տարիքի հետ այս ցանկությունը պակասում է», - ասաց փոխնախարարը:

Քարամյանն անդրադարձավ երիտասարդների քաղաքական մասնակցության ցուցանիշներին. - «Երիտասարդների 39,7 տոկոսը քաղաքական հետաքրքրություններ չունի»:

Հարցված երիտասարդներից քչերն են գոհ բարձրագույն կրթության որակից, նրանց 64,4 տոկոսը ցանկանում է սովորել արտասահմանում:

Ըստ Քարամյանի` զեկույցում ներառված խնդիրները շատ արագ արձագանք են գտնելու համապատասխան գերատեսչությունների կողմից:
XS
SM
MD
LG