Մատչելիության հղումներ

Պատգամավորի պնդմամբ, քաջարանցիներին «ճնշում են»


Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը կոմբինատում, 10 սեպտեմբեր 2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը կոմբինատում, 10 սեպտեմբեր 2011

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացմամբ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ Ազգային անվտանգության ծառայության ու ոստիկանության մարզային կառույցները փորձում են ճնշում բանեցնել Քաջարան գյուղի բնակիչների նկատմամբ, որպեսզի նրանք զիջեն իրենց եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։

Նման հայտարարություն Փոստանջյանն արեց այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։

Իրավիճակին ծանոթանալու համար երեկ Ազգային ժողովի պատգամավորը մեկնել էր Սյունիքի մարզի Քաջարան գյուղ եւ հարակից գյուղեր։

Ըստ Զարուհի Փոստանջյանի, երեկ Քաջարան գյուղում էր նաեւ Սյունիքի մարզպետը։

«Իրենց ճնշումը արտահայտվում էր իրենց ներկայությամբ․ ի՞նչ կարիք կար ուղեկցել մեր մեքենան մինչեւ Մեղրի, ի՞նչ կարիք կար մեր մեքենայի հետեւից մարդ ուղարկել, որպեսզի մեզ հետեւեն։ Իրենց վարքագծով ուզում են ցույց տալ, որ իրենք են այդտեղ իշխանավորները եւ իրենք են ամեն ինչը վերահսկում», - կարծիք հայտնեց պատգամավորը։

Զարուհի Փոստանջյանը Սյունիքի մարզպետի հետ հանդիպել ու կարճ զույց է ունեցել Քաջարան գյուղ տանող ճանապարհին, որից հետո մարզային ոստիկանության եւ ԱԱԾ-ի աշխատակիցները, պատգամավորի պնդմամբ, իրենց մեքենային հետեւել են մինչեւ Մեղրի։

«Այնտեղ էլ էին ներկա՝ Քաջարանում, ոստիկանապետն էլ էր ներկա», - նշեց Փոստանջյանը՝ համոզմունք հայտնելով, որ տեղական իրավապահ մարմինները եւ Սյունիքի մարզպետը ճնշում են գործադրում գյուղացիների նկատմամբ։

Այս տարվա գարնանը կառավարությունը որոշում էր կայացրել Սյունիքի մի շարք համայնքներին, այդ թվում Քաջարան գյուղին պատկանող որոշ տարածքներ բացառիկ գերակա շահ ճանաչելու եւ դրանց նպատակային նշանակությունը փոփոխելու մասին: Նշված տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:

Քաջարան գյուղի բնակիչները կտրականապես դեմ են համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին զիջելու հնարավորությանը, ինչը, նրանց համոզմամբ, առնվազն էկոլոգիական առումով հավասարազոր է գյուղն իսպառ կործանելուն:

Ամիսներ շարունակ քաջարանցիները պահանջում են չեղյալ հայտարարել կառավարության վերոհիշյալ որոշումը, իսկ գյուղապետը հրաժարվում է ստորագրել հողերի հանձնման փաստաթուղթը` հայտարարելով, որ դա ողջ գյուղի հարկադրական տարհանում է նշանակում:

Օրվա ընթացքում ԱԱԾ-ից չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ, իսկ Ոստիկանությունից հերքեցին Զարուհի Փոստանջյանի ներկայացրածը:

Սյունքի մարզպետի՝ երեկ Քաջարան գյուղ կատարած այցելության կապակցությամբ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը, ով օրերս բարձրաձայնել էր իր եւ գյուղի նկատմամբ ճնշումների մասին եւ հրաժարական ներկայացրել, պատմեց, որ Սուրիկ Խաչատրյանը գյուղացիներին հորդորել է՝ «թողեք, գնացեք այստեղից»։

Ինձ ժողովուրդը մի բան են ասել, որ՝ պարոն մարզպետ, մենք քեզ հավատում ենք, մեր հույսը դու ես ...

Մինչդեռ, Սյունիք մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց քաջարանցիների նկատմամբ ճնշում գործադրելու մասին տեղեկությունները:

«Ի՞նչ ասեմ, անիմաստ բաներ է խոսում Զարուհին։ Ես հանդիպել եմ ընդամենը 1 րոպե՝ ճանապարհին, դա էլ հանդիպեցի, որովհետեւ Երեւանից եկած 10 հոգի երիտասարդներ կային, այսպես կոչված՝ բնապահպաններ։ Իրենք ասացին, որ Զարուհին ուզում է ինձ հանդիպել։ Ես իջնելուց իրեն հանդիպել եմ, բարեւել։ Ես տեսա, որ ափեղ-ցփեղ խոսում է, թողեցի գնացի», - պատմեց մարզպետը։ - «Ու ճնշում չկա։ Ինձ ժողովուրդը մի բան են ասել, որ՝ պարոն մարզպետ, մենք քեզ հավատում ենք, մեր հույսը դու ես»։

Շարունակելով, մարզպետը հայտարարեց, որ իրականում գյուղի տարածքը, գերեզմանները կառավարության որոշմամբ օտարվելիք հողատարածքի մեջ չեն մտնում։

«Մենք Քաջարանի կոմբինատի հետ որոշում ենք ընդունել, որ դա գերեզմաններից 350 մետր հեռու՝ սարի մյուս կողմն են հետազոտական աշխատանքներ տարել։ Այսինքն, այսօր գյուղի ոչ մի բանին վտանգ չի սպառնում։ Իսկ երբ որ արդեն նմանատիպ խնդիրներ լինեն, Քաջարանի կոմբինատը պատրաստ է բոլորին վճարել։ Ծառից բռնած, հողից բռնած, ամեն ինչով փոխհատուցում լինելու է», - նշեց Սուրիկ Խաչատրյանը։

Ինչ վերաբերում է այժմյան գործընթացի շրջանակում օտարվելիք վարելահողերին, հողատարածքներին, Սյունիքի մարզպետը վստահեցրեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ամեն ինչի համար շուկայական գներով փոխհատուցելու է։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG